Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մտավորականությունն ընդվզեր, թերևս ընդդիմությունն ավելի վճռական կգործեր. Ավետիք Իշխանյան

Ապրիլ 01,2024 23:50

Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

 – Ձեր՝ «Բոլորի՞ս է հասնում» հոդվածում անդրադառնալով ստեղծագործական միությունների եւ բուհերի շենքերի հնարավոր վաճառքին, գրել էիք, որ ստեղծագործական մտավորականության ձայնը չի լսվել 2020 թ. պարտությունից, 2023թ Արցախի կորստից եւ մեր հայրենակիցների ցեղասպանությունից հետո, բայց Հայաստանի գրողների միությունը հայտարարություն էր տարածել եւ հրապարակավ հայտարարել, որ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այլ միություններից էլ առանձին արվեստագետներ են իրենց դիրքորոշումը հայտնել եւ հայտարարել, որ Փաշինյանը հրաժարական տա, ուրեմն ինչո՞ւ հավասարության նշան դնել բոլորի միջեւ:

-Գրողների միության կողմից, 2021 թվականին վարչապետ կոչեցյալի հրաժարականի պահանջը, համոզված եմ, որ համաձայնեցված էր վերջինիս հետ։ Հակառակ դեպքում, 2022 թվականին ԱԺ խոսնակը համարձակություն չէր ունենա Գրողների Միության նախագահին հրավիրել նախագահական պալատ հանդիպման։ Նույնպես, վարչապետ կոչեցյալի հետ պայմանավորված, նրա հրաժարականը պահանջեցին նաև նախագահ Արմեն Սարգսյանն ու նույն վարչապետ կոչեցյալի հրահանգով ԱԺ-ում հայտնված «Լուսավոր Հայաստանը», նախագահ Էդմոն Մարուքյանով։

Ի՞նչ եք կարծում, Արմեն Սարգսյանն այդքան համարձակություն ունե՞ր, որ ինքնուրույն որոշումներ կայացներ։ Հիշենք նրա պահվածքը, երբ հակասահմանադրական «օրենքով» ջախջախվեց Սահմանադրական դատարանը (ՍԴ) և նույն Արմեն Սարգսյանը , սահմանադրությանը համապատասխան հոդվածով, չդիմեց ՍԴ։ Նույնը Էդմոն Մարուքյանն իր «Լուսավոր Հայաստանով»։

Ավելին, ես համոզված եմ, որ վարչապետ կոչեցյալին հայտնի էր, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացի չէ, և նրան ուղղակի օգտագործում էր և եթե նա համարձակվեր որևէ ինքնուրույն քայլ կատարել, այդ ամենը կբացահայտվեր և միանգամից իմպիչմենտի գործընթաց կսկսվեր։ Իրականում անկեղծ հրաժարականի պահանջ ներկայացրեցին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ու այլ բարձրաստիճան սպաներ։ Եվ հիշենք վարչապետ կոչեցյալի զայրույթն ու նույն Արմեն Սարգսյանի պահվածքը, երբ նորից հակօրինական ձևով աշխատանքից հեռացվեց Օնիկ Գասպարյանը։

Ինչ վերաբերում է առանձին գիտնականների և արվեստագետների անկեղծ դիրքորոշումներին, ապա պետք է ցավով արձանագրենք, որ այն բավարար չէր։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից և հատկապես 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, ողջ հայ ժողովուրդն, իր մտավորականության կոչով պետք է ապստամբեր։ Բոլոր բուհերն իրենց դասախոսներով և ուսանողներով, գիտական հիմնարկներն ու ստեղծագործական միությունները պետք է ոտքի կանգնեին։

– Գրել եք, որ ստեղծագործական միությունների դահլիճները եւ հատկապես Գրողների Միության դահլիճը պետք է անվճար տրամադրվեին ընդդիմադիր ուժերին տարբեր քննարկումների համար, որոնց ակտիվ պետք է մասնակցեին բոլոր ստեղծագործ-մտավորականները՝ շտապեցնելով քաղաքական ընդդիմությանը, դիմելու վճռական գործողությունների։ Իսկ մի՞թե մեղքը միայն ստեղծագործական միություններինն է, արդյոք ընդդիմությունը անելիք չուներ նրանց ուժերը ի մի բերելու ու ստեղծագործական մտավորականությանը վճռական գործողություններին մասնակից դարձնելու առումով:

-Իհարկե, դուք ճիշտ եք։ Ինչպես հոդվածում եմ նշել, մենք այս դժնդակ օրերում չունեցանք Արցախի կորստի համար իսկապես ցավ ապրող, ինքնազոհ, վճռական ընդդիմության առաջնորդ։ Ուղղակի, ենթադրում եմ, որ եթե մտավորականությունն ընդվզեր, թերևս ընդդիմությունն ավելի վճռական կգործեր։

 – Ձեր կարծիքով, այս ծայրահեղ ծանր իրավիճակում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, ստեղծագործական եւ ակադեմիական մտավորականությունը, որովհետև այլեւս ամեն ինչ կորցնելու ցավալի տեսլականն է ուրվագծվում:

-Ողջ ընդդիմությունը զբաղված է տարբեր հանդիպումներ, քննարկումներ կազմակերպելով, որոնց ընթացքում ներկայացնում են Հայաստանի մոտալուտ վախճանը, որ հետո ասեն․ «Բա որ ասո՞ւմ էի»։ Չկա համախմբում, միմյանց նկատմամբ վստահություն։ Կարծես, քիչ են տարբեր ընդդիմադիր ձևաչափերը, ստեղծվում են նորերը ՝ բարձրագոչ անվանումներով։ Հայաստանի ու հայ ժողովրդի համար այս ճակատագրական օրերին, պետք է մի կողմ դնել միմյանց նկատմամբ անվստահությունն ու անձնական հավակնությունները, միավորվել և միացյալ ուժերով ապստամբել և կանխել հետագա կորուստները։

Վախենամ, որ ինչպես միայնակ թողեցինք Արցախը, այնպես էլ, այսօր միայնակ ենք թողնում Տավուշի գյուղերը։

Ես զարմանում եմ, հատկապես մեր ուսանողության անտարբերության վրա։ Ուսանողությունը պետք է լիներ հիմնական շարժիչ ուժը, այո՝ անձնազոհ, «գժական»։ Ահա և քեզ անկախության սերունդ, բացարձակապես զուրկ ազգային արժանապատվությունից ու ազգային մտածողությունից։ Եվ այդ ամենի պատասխանատուները, նրանց կրթող և դասավանդող ուսուցիչներն ու դասախոսներն են։ Ցավով պետք է արձանագրել, որ Խորհրդային Հայաստանի երիտասարդ սերունդն օժտված էր շատ ավելի արժանապատվության զգացումով, քան ներկայիս՝ անկախության սերունդը։

Նույնը, փաստորեն, ստեղծագործական և ակադեմիական մտավորականությունը։ Հիշենք, թե Ակադեմիայի ինչ-որ համաժողովում ինչպես էին գիտնականները հաճոյանում Արցախն ուրացած, պատերազմը տանուլ տված, հազարավոր զոհերի պատասխանատու, Ակադեմիայի շենքը վաճառքի հանած վարչապետ կոչեցյալին։

 

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930