Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հրաշք տեղի չունենա, ոչ միայն Տավուշին, այլեւ Սյունիքին եւ ողջ Հայաստանին սպառնում է Արցախի, իսկ հայ ժողովրդին՝ ասորիների ճակատագիրը»

Ապրիլ 13,2024 14:00

«Այս 4 տարիները ցույց տվեցին, որ իր բացարձակ մեծամասնությամբ, հայ ժողովուրդը զուրկ է ազգային արժանապատվության զգացումից եւ որեւէ բարոյական, արժեքային համակարգից». «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

– Բրյուսելում տեղի ունեցավ Էնթոնի Բլինքեն-Ուրսուլա ֆոն դեր Լայեն-Նիկոլ Փաշինյան եռակողմ հանդիպումը, որից հետո հայտնի դարձավ` Արեւմուտքը 275 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին` առաջիկա չորս տարիների համար։ Սա փոխհատուցում է ինչի՞ դիմաց, ո՞րն էր, ըստ Ձեզ, բրյուսելյան հանդիպման իրական արդյունքը։

– Բրյուսելյան հանդիպմանը Հայաստանն իր վարչապետ կոչեցյալով, մասնակցում էր, ներեցեք արտահայտությանս համար՝ որպես օգտագործվող մատերիալ, ընդդեմ Ռուսաստանի։ Եվ այդ մատերիալի գինը, եթե չեմ սխալվում, շուրջ 4 միլիարդից իջավ մինչեւ  275 միլիոն եվրո։ Պատկերացնում եմ, թե Բրյուսելում, Էնթոնի Բլինքենն ու Ուրսուլա ֆոն դեր Լայեն ինչպիսի արհամարհանքով եւ զզվանքով են շփվել, իրենց կողմից բազմակի օգտագործված մատերիալի հետ։ Իրականում, մենք Արեւմուտքից դժգոհելու, նեղանալու որեւէ պատճառ չունենք։ Արեւմուտքը մշտապես վարել է պրագմատիկ քաղաքականություն՝ ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից։ Ինչ վերաբերում է նույն Արեւմուտքի կողմից հռչակված արժեքներին՝ ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար, ապա դրանք ընդամենը քարոզչական գեղեցիկ գործիքներ են, իրենց ազդեցությունը մնացյալ աշխարհում տարածելու համար։ Հակառակ դեպքում, Արեւմուտքը աչքերը չէր փակի Հայաստանում տեղի ունեցող անօրինականությունների, քաղաքական հետապնդումների, ահռելի չափերի հասնող կոռուպցիայի վրա։ Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ նույն Արեւմուտքի կարեւոր գործընկերն է բռնապետական Ադրբեջանը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Մարդասեր Արեւմուտքի աչքերի առաջ Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն եւ ի՞նչ… Լռություն, որը ցեղասպան Ադրբեջանի հետ համաձայնության նշան է։ Այս ամենն ինձ հիշեցնում է, թե ինչպես էր նույն Արեւմուտքը միջնադարում քրիստոնեական արժեքներ տարածելու անվան տակ, իրականացնում արյունալի  խաչակրաց արշավանքներ։

Այնպես որ, այդ 275 միլիոն եվրոն, իրականում, վարչապետ կոչեցյալի կողմից Արցախի ուրացման երեւացող, ոչ ստվերային  գինն է, որն էլ կծախսվի ոստիկանությանը, մյուս իրավապահ կոչվող կառույցների եւ յուրայինների պարգեւավճարների վրա։

– Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նաեւ առաջիկայում Մոսկվա գնալ։ Բրյուսելյան պայմանավորվածությունների հանրագումարում Մոսկվայի՞ց ինչ ակնկալիք ունի նա, մանավանդ ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հասցեին պաշտոնական Երեւանից գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող քննադատության ֆոնին։

– Վարչապետ կոչեցյալը զուրկ է տարրական պատվի եւ արժանապատվության զգացումից։ Իսկապես, եւ նա, եւ նրա կամակատարներն անվերջ հայհոյում, քննադատում են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին։ Իշխանության մերձավոր շրջանակի գործիչները պահանջում են, որ Հայաստանը դուրս գա ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, Հայաստանից դուրս բերվի ռուսական ռազմաբազան։ Ինձ համար Մոսկվա մեկնելու պատճառը հասկանալի է։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, Հայաստանի տնտեսությունը կհայտնվի կոլապսի մեջ։ Այսպիսով, վարչապետ կոչեցյալը մի կողմից ուզում է օգտվել ԵԱՏՄ-ի, այն է՝ Ռուսաստանի շուկայից, մյուս կողմից՝ իրականացնում է իրեն իշխանության բերած տերերի հակառուսական քաղաքականությունը։ Հիշում եմ, ԵԱՏՄ վերջին հանդիպմանը, վարչապետ կոչեցյալի խոսքը, որ ԵԱՏՄ-ն իրավունք չունի որեւէ քաղաքական ուղղություն ունենալ։ Չգիտես ինչ անուն տաս, տգիտությո՞ւն, թե՞ ծաղր։ Ցանկացած տնտեսական միավորում առաջին հերթին քաղաքականություն է, Եվրոպական Միությունը որպես վառ օրինակ։ Պատկերացնում եմ, թե ԵԱՏՄ երկրների ղեկավարներն ինչպիսի արհամարհանքով են վերաբերվելու Հայաստանը ներկայացնող անձին։

– Վերջին հարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն 8 տոկոս վարկանիշ ունի. ընդդիմությունը չի՞ կարողանում, թե՞ չի ցանկանում այդ իրողությունը գեներացնել հակաիշխանական գործընթացի, որը կավարտվի իշխանության հեռացմամբ։

– Բավականին բարձր վարկանիշ է։ Ցանկացած այլ երկրի ժողովուրդ, պատերազմ հրահրած,  երկիրը պարտության մատնած, հազարավոր զոհեր տված, երկրի տարածքները վաճառքի հանած ղեկավար չէր հանդուրժի, էլ ուր մնաց, որ նա նույնիսկ 8 տոկոս վարկանիշ ունենար։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ցանկացած այլ ժողովուրդ կապստամբեր ու կվռնդեր ու հաշվեհարդար կտեսներ դավադիր իշխանության հետ։ Իսկ մե՞նք… Անկեղծ ասած, ես ահավոր հիասթափված եմ մեր ժողովրդից։ Այս 4 տարիները ցույց տվեցին, որ իր բացարձակ մեծամասնությամբ, հայ ժողովուրդը զուրկ է ազգային արժանապատվության զգացումից եւ  որեւէ բարոյական, արժեքային համակարգից։ Նույնիսկ, Արցախի ցեղասպանությունից հետո, վարչապետ կոչեցյալը մնաց իշխանության։ Պատահակա՞ն է, արդյոք, տիպիկ հայկական ասացվածքը. «Որտեղ հաց, էնտեղ կաց»։ Չեմ դադարում զարմանալ, թե ինչպես են քպ-ական պատգամավորներն ու նախարարները շարունակում հնազանդորեն ծառայել երկիրը պարտության մատնած, հայրենիքը վաճառքի հանած վարչապետ կոչեցյալին։ Եթե այս ամենին գումարենք նաեւ իրենց ստեղծագործ-մտավորական համարողների լռությունն, այն է՝ համաձայնությունը հայրենիքի վաճառքին եւ  բարձրաստիճան զինվորականության  հնազանդությունը, ապա ցավով պետք է արձանագրել, որ մենք, որպես ազգ, ժողովուրդ, արժանի չենք երկիր, պետություն ունենալու։

– Ո՞րն է ընդդիմության ամլության պատճառը։ Ինչո՞ւ նախորդ շարժումները անփառունակ ավարտվեցին, ինչո՞ւ Արցախում էթնիկ զտումը եւ հայաթափումը չդարձան միասնական պայքարի օրակարգ, ինչո՞ւ Տավուշին սպառնացող աղետը չի դառնում ընդդեմ ՔՊ-ի համախմբման օրակարգ։ Տպավորություն է, որ ընդդիմությունն իր պառակտվածությամբ` իշխանության գործունեության համար պարարտ դաշտ է ապահովում։

– Ընդդիմությունը գործում է տարբեր, իրականում՝ պառակտված ձեւաչափերով։ Տպավորություն ունեմ, որ ընդդիմադիր գործիչների գերակշիռ մասը ցավ չի ապրում Արցախի կորստի եւ ցեղասպանության համար։ Հակառակ դեպքում, նրանք բոլորը մի կողմ կդնեին միմյանց միջեւ եղած հակասությունները, կմիավորվեին եւ վճռական քայլերի կդիմեին։ Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է նստել նույն դահլիճում, նույն օդը շնչել, ամեն օր տեսնել քպ-ականների դեմքերը, նրանց հետ մեկնել գործուղումների, հարցեր ուղղել վարչապետ կոչեցյալին եւ նրա խամաճիկ-նախարարներին, հնազանդվել  հայ ժողովրդի դեմքին թքած ԱԺ խոսնակի ու փոխխոսնակների խիստ հրահանգներին, ի վերջո, նվաստանալ երկիրը վաճառքի հանած քպ-ական մեծամասնության առաջ։

Ցավով եմ ասում, որ եթե հրաշք տեղի չունենա, ոչ միայն Տավուշին, այլեւ Սյունիքին եւ ողջ Հայաստանին սպառնում է Արցախի, իսկ հայ ժողովրդին՝ ասորիների ճակատագիրը։ Իսկ հրաշքը միայն ու միայն ընդդիմության համախմբումից ու վճռականությունից է կախված։ Այո՛, հայ ժողովրդին եւ Հայաստանը կարող է փրկել արժանապատվություն ունեցող ժողովրդի փոքրամասնությունը, անձնազոհ առաջնորդ ունենալու պարագայում։ Եթե այս անգամ էլ համախմբում տեղի չունենա, ապա կորուստների համար ոչ միայն քպ-ականները պատասխանատու կլինեն, այլեւ բոլորս՝ ընդդիմություն, հասարակություն եւ ողջ հայ ժողովուրդ։ Ի դեպ, Արցախի կորստի համար նույնպես բոլորս պատասխանատու ենք։ Ինքս իմ տեղը չեմ գտնում եւ ինձ մեղավոր եմ համարում ու ներել չեմ կարողանում, որ թեկուզ միայնակ չդիմեցի վճռական գործողությունների, ընդհուպ…

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նառա says:

    Բավական է ձեր կեղտոտ ցանկությունները ի ցույց աշխարհի ասեք։ Ետ դուք ընդդիմադիր տականքներով ուզում եք և Սյունիքը և Տավուշը վերցնեն և Հայաստանը վերանա մենակ թե ասեն Փաշինյանը վատն է։ Ամաչեք ու սսկվեք բավական է ձեր եղբայր Ալիևին ուղղություն ցույց տաք։ Ոչ մի թիզ հող էլ չեն տալիս ինչի եք գնում մարզեր ետ անգրագետ մասսային հավաքում ու ստեր ասում վախեցնում։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930