Լրահոս
Օրվա լրահոսը

90 տոկոս դժգոհները

Նոյեմբեր 11,2014 10:16

Երեկ Բաղրամյան փողոցում տեսա մի պաստառ, որը նվիրված էր մեր ազգի հերոս, նշանավոր զորավար Անդրանիկ Օզանյանի 149-ամյակին: Պաստառի ձախ մասում զորավարի դիմանկարն է, աջ մասում՝ Սարդարապատը: Պատմական անցքերի մեջ չխորացած մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Անդրանիկը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Այնինչ հայտնի է, որ նա ոչ միայն չի մասնակցել, այլեւ խորը հակասություններ ուներ Հայաստանի այն ժամանակվա փաստացի ղեկավարների հետ: Ով էր ճիշտ, ով սխալ՝ հիմա քննարկելու խնդիր չէ. խոսքն այն մասին է, թե որքան ոչ ադեկվատ ենք մենք ընկալում մեր ոչ այնքան հեռավոր անցյալը:

Մենք օբյեկտիվ չենք գնահատում նույնիսկ մեր ապրած տարիները, ասենք՝ այն, ինչ եղել է 20, 30, 40 տարի առաջ: Պատճառները տարբեր են՝ մի մասն ապրում է իր երիտասարդության նոստալգիկ հիշողություններով, մի մասը քաղաքական նպատակներով նենգափոխում է անցյալը, մի մասն էլ պարզապես երիտասարդ է եւ լսում է ավագ սերնդի պատմածները: Իսկ մեծերը, ենթադրենք, կարող են պատմել, որ Անդրանիկը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Կամ՝ որ կոմունիստների ժամանակ խանութների ցուցափեղկերը պայթում էին ապրանքների առատությունից:

Անցյալի իմ ընկալումը նույնպես սուբյեկտիվ է: Եվ իմ այդ սուբյեկտիվ տպավորությամբ՝ իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում (մոտ 40 տարի) հայաստանցիների 90 տոկոսը դժգոհ է իր կյանքից: Հիմա կարող են ասել, որ կոմունիստների ժամանակ նրանք շատ էլ գոհ էին: Բայց դա այդպես չէ: Այո, 120 ռուբլի ստացող ինժեները կամ ուսուցիչը սովից չէին մեռնում: Բայց նրանք չէին կարող չտեսնել, որ ցեխավիկը, պահեստապետը, ռայկոմի քարտուղարը ապրում են իրենցից հարյուրապատիկ ավելի լավ: Ին՞չ է, նրանք չէի՞ն բողոքում անարդարությունից: Բողոքում էին, բայց խոհանոցներում: Այլ կերպ վտանգավոր էր: Ի՞նչ է, նրանցից շատերը չէի՞ն ուզում փախչել Խորհրդային Հայաստանից: Ուզում էին: Բայց դա, ըստ էության, արգելված էր:

90 տոկոսի դժգոհությունը պահպանվել է: Բայց արդեն 25 տարի է՝ կարելի է բողոքել փողոցներում, ոչ թե խոհանոցներում: Կարելի է նաեւ փախչել: Առաջինը շատ ավելի գերադասելի է, քան երկրորդը: Բայց 90 տոկոսի բողոքը, դժգոհությունը, հայհոյանքները, անեծքները եւ այլն՝ դա դեռ «համաժողովրդական շարժում» չէ: Քաղաքական շարժումը սկսվում է այն ժամանակ, երբ դու, որպես քաղաքական ուժ, ասում ես, թե ինչ ես պատրաստվում անել, որպեսզի այդ դժգոհությունը ծնած պատճառները վերանան: 88-ին դա չասվեց՝ «Ղարաբաղ» կոմիտեի պատկերացումներն ապագա պետության մասին մշուշոտ էին, իսկ մենք՝ նրանց հավատացող 100 հազարավոր մարդիկ, անփորձ էինք: Դրանից հետո քաղաքական ուժերը՝ բոլորը միասին վերցրած, անկախ իրենց «ճամբարից», դարձյալ չեն ասում: Չգիտեն, երեւի: Բայց մենք արդեն որոշակի փորձ ենք ձեռք բերել եւ պահանջում ենք նրանցից քիչ թե շատ մտածված, հոդաբաշխ ձեւակերպումներ, ոչ թե պարզապես կենացներ:

Առայժմ երկու կողմից էլ «բարեմաղթանքներ» են հնչում, եւ 90 տոկոսը շարունակում է իրավամբ դժգոհել: Բայց դա ժամանակավոր երեւույթ է: 25 տարին պատմության համար ակնթարթ է՝ մենք մեր ճիշտ ձեւակերպումները կգտնենք: Եթե, իհարկե, պահպանվենք որպես անկախ պետություն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ռեալիզմը ուղղակի սպանիչ է…)))..
    «Քաղաքակական» ուժերին կենացներ չասել հորդորող մարդը, որը «հասունացել» էր..))).. հոդվածը ավարտեց կենացներով… ընդ որում այնպիսի կենացներով, որոնց 50ամյա ստաժով թամադան կնախանձեր..)))..
    ….25 տարին պատմության համար ակնթարթ է՝ մենք մեր ճիշտ ձեւակերպումները կգտնենք…)))..
    Երբ կգտնեք?… Ինչպես կգտնեք? … Ով կգտնի?…
    Թերթի խմբագիրը դարձյալ չի ասում: Չգիտի, երեւի: Բայց մենք արդեն որոշակի փորձ ենք ձեռք բերել եւ պահանջում ենք նրանից քիչ թե շատ մտածված, հոդաբաշխ ձեւակերպումներ, ոչ թե պարզապես կենացներ:..)))..
    …25 տարին պատմության համար ակնթարթ է…
    Բնականաբար… բայց մարդուց պահանջել, որ իր կյանքը (բարձրագույն արժեքը՝ ըստ մարդու իրավունքներիր արժեքային համակարգի) ծառայեցնի նրան, որպեսզի լցնի «պատմական փոսը»… մինչև «իրենք» լուծումները կգտնեն… դրա համար վերջնական քարացած կոմունիստական ուղեդ է պետք..)))..
    Ւնչով էր առաջարկը տարբերվում կոմունիստների «Трудиться сегодня, ради счастливого будущего» լոզունգից?
    Հետո լավ կլինի?…))).. Երաշխավորում եք? 5000€ 1ը 1ի գործակցով հետս գռազ կգաք, որ 2030թ Հայաստանում «լավ» չի լինի?..)))..
    Մտեք ցմահ ազատազրկվածների խուցը և ասեք. «25 տարին պատմության համար ակնթարթ է՝ մենք մեր ճիշտ ձեւակերպումները կգտնենք, հանգիստ նստեք տղեք… փախչել պետք չի»…)))..
    Եվ վերջին կենացը…
    …Եթե, իհարկե, պահպանվենք որպես անկախ պետություն…
    Ձեր կենացը… Ամեն..)))…

  2. Կարո Մելիքյան says:

    Ընդհանուր առմամբ ես Ձեր հետ համամիտ էմ։
    Փաստորեն, Հայաստանի այս 25 տարիների ձեռք բերումը՝ բողոքելու իրավունքն է , շատ չի՞քիչ, երեւի մի այդքան էլ պետք կլինի,որպեսզի լսող՞ լինի։ 90-ականներին ես մի հարց ուղղեցի, այն ժամանակներից, կարկառուն անկախական լիդերներից մեկին (անունը չեմ ուզում տալ),թե, Հայաստանը երբ՞ ոտքի կկանգնի (ես նկատի ունեի՝տնտեսապես,որովհետեւ ամեն ինչ բարձիթող վիճակ էր), նա նույնիսկ հարցը չհասկացավ,ասելով՝ «ինչ՞ա եղել որ»,այսինքը՝ նրանց գլխի մեջ միայն сумбур էր, ռուսի ասած.։

  3. Ruben says:

    Ղափա՞ն, թե՞ Կապան,
    Ղա՞րս, թե՞ Կարս,
    Սարդարաբա՞դ, թե՞ Սարդարապատ:
    Դաշնակցայի՞ն, թե՞ դաշնային պետություն ( թլփատութենէն կամ մկրտությունից հետո):
    Զենքը վար դնելը (սպանդի ու պատերազմի ժամանակ) քյոխվի ոտների տակ, բնակավայրերը դատարկելը (էվակուացնելը)՝ հերոսությու՞ն է:
    Փիրումյանները կամ հեծելակի Բաղրամյանը ազգային հերոսներ չե՞ն:
    Ադեկվա՞տ ենք մենք ընկալում մեր ոչ այնքան հեռավոր անցյալը:

  4. Կարո Մելիքյան says:

    Իմ դիտարկումը վերաբերվում է խմբագրին։

  5. Արթուր Ղազարեան says:

    Սերունդ պիտի փոխուի: Քանի դեռ Հայաստանում կոմունիզմ տեսած մարդ է ապրում, առաջընթաց չի լինելու (կամ շատ դանդաղ է լինելու): Այդ մարդկանց մի ստուար զանգուած չի պատկերացնում օրէնքի հաւասարութիւնը, բազմակարծութիւնը, ազատութիւնը: Այդ մարդկանց 70 տարի «սովորեցրել են», որ պետութիւնը քեզ գործ կը տայ, դու սուսուփուս (ու մի քիչ էլ կուշտ) կ’աշխատես: Աւա՜ղ, մարդիկ ետ վարժուեցին սեփական ձեռքերով, սեփական ստեղծագործ մտքով սեփական ապագան կերտելու հնարաւորութիւնից. մի բան, որ այնքա՜ն հրատապ է ներկայիս աշխարհակարգում: Կարող ե՞նք, որպէս ազգ, յարմարուել խաղի նոր կանոններին: Միանշանակ՝ այո: Ժամանակ ունե՞նք դրա համար: Աւա՜ղ՝ ոչ: Մի շարք խնդիրներ իրական եւ շօշափելի սպառնալիք են հայոց պետականութեան համար, որոնք անշուշտ ածանցւում են օրէնքի եւ արդարադատութեան բացակայութիւնից, տնտեսական մենաշնորհներից, սոցիալ-տնտեսական ծայրաստիճան բեւեռացուածութիւնից, աղքատութիւնից: Եւ «պատուաւոր» առաջին տեղում է ժողովրդագրական խնդիրը, նոյն ինքը՝ արտագաղթը (այդ թւում՝ երիտասարդների եւ մասնագէտների) եւ ծնելիութեան անկումը:Արտագաղթած հայութիւնը սրընթաց կերպով ձուլւում է: Ուրեմն որքա՞ն ժամանակ ունենք մենք: Այո, քանի դեռ հայաստանցիներից կազմուած սփիւռքում սերնդափոխութիւն չի եղել: Իսկ դա 25 տարի է: Սերնդափոխութիւնից յետոյ պրոցեսներն անդարձելի են լինելու: Եթէ մենք, որպէս պետութիւն, չյաջողենք այս տարիների ընթացքում վերադարձնել արտագաղթած հայութեանը, ապա,,,

    Ցաւօք, տեսութիւնները վաղուց գրուած եւ ապացուցուած են: Պետութիւն լինի, գործարան, բջիջ, թէ որեւէ կենսաբանական պոպուլյացիա, գոյութիւն ունեն տուեալ համակարգի կայունութեան պարամետրեր: Եւ կարեւորագոյն պարամետրերից մէկը պոպուլյացիայի թուաքանակն է:

    Ո՞վ կարող է լուծել մեր խնդիրը: Միանշանակ՝ միմիայն մենք (հայերս): Իսկ ո՞վ, աւելի ստոյգ:

    Ա. Քաղաքական ուժե՞րը: Քա՜ւ լիցի: Տե՛ս «կոմունիստ» լինելու պայմանը:

    Բ. Մտաւորականնե՞րը: Մասամբ՝ այո: Մեր մէջ տակաւին կան այդպիսի ներուժ ունեցող մտաւորականներ,թէեւ պալատականներն էլ քիչ չեն:

    Գ. Եկեղեցի՞ն: Քաւ լիցի: Յարգելով բազմահազար հաւատացեալների կրօնական զգացմունքները եւ լինելով մեր Եկեղեցու զաւակ՝ սահմանափակուեմ միայն մէկ նախադասութեամբ՝ «Եթէ Եկեցեղին չխանգարի, թերեւս միայն շնորհակալ կը լինենք»:

    Դ. Նոր սերո՞ւնդը: Այո՛, ահա՛ իմ պատասխանը: Սերունդ, որ ազատ է ծնուել, կոմունիզմ չի տեսել, ստեղծագործ է, ձեռներեց է, անկախ է:

    Ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ, եկէ՛ք միասին փայփայենք եւ որ ամենակարեւորն է կրթենք մեր մատաղ սերունդը:

    Խաւարը (լինի մաքսային միութիւնը կամ հանրապետականացուած Հայաստանը ու դրանցից ածանցուած եւ ապագայում ածանցուող բոլոր դժբախտութիւնները) ցրելու արդիւնաւէտ տարբերակ կայ: Վառել լոյսը: Վառել գիտութեան եւ կրթութեան լոյսը: Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ: Բնաւ, պատահական չէ, որ Աստուծոյ առաջին հրամանն էր՝ ԵՂԻՑԻ ԼՈՅՍ:

  6. Լավատես says:

    Կարծում եմ, մենք մեր հայ ժողովրդին սիրում ենք, ինչպես ծնողը իր երեխային կսիրի։ Բայց երեխային վատ ենք դաստիարակում՝ անբաղ զամբաղ խոսում, բողոքում ենք, փոխանակ գործով ու սեփական օրինակով այդ սիրելի երեխային դաստիարակենք։ Ես էլ եմ նման խոսողներից, գոնե խոսենք՝ ի՞նչ անել։

  7. alexander says:

    90 տոկոսը իհարկե շատ է; Բայց եթե ընդհակառակը` 90 տոկոսը երջանիկ լինեն, ապա ոչ մի զարգացում չի լինի: Ի՟նչ եք կարծում` որքա՟ն պետք է լինի հարաբերակցությունը, կարգին պետություն լինելու համար;

  8. Աբո says:

    « Այո, 120 ռուբլի ստացող ինժեները կամ ուսուցիչը սովից չէին մեռնում: Բայց նրանք չէին կարող չտեսնել, որ ցեխավիկը, պահեստապետը, ռայկոմի քարտուղարը ապրում են իրենցից հարյուրապատիկ ավելի լավ:»
    Չափազանցված է 🙂 լավ էին ապրում մաքսիմում հնգապատիկ անգամ,որովհետև ավելին թալանելու իմաստ չկար:Նրանք չէին կարող յոթ ավտոմեքենա և հինգ առանձնատուն ունենալ և ունեցածնել թաքուն էին օգտագործում,իսկ հիմա ամեն ինչ ցուցադրաբար է կատարվում:Մի գուցե այդ իսկ պատճառով է 90 տոկոսի դժգոհությունը՞ (ես այդ տոկոսի մեչ չկամ 🙂 )
    Ինձ համար ամենա հետաքրքիրն այն է,որ այսոր հարթակին կանգնած միլիոնատերեը,խոստանում են պայծառ ապագա, եթե…,իսկ այտ նույն 90 տոկոսը հավատոմ և ծափահարում է: 🙂

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930