Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական բոլշեւիզմի հերթական պոռթկումը

Մայիս 01,2024 10:00

Շատ տարիներ առաջ այցելել էի Մալբորո դուքսերի պալատը (ըստ էության, թանգարանը), որը գտնվում է Լոնդոնից ոչ հեռու: Այնտեղ մի ամբողջ դահլիճ նվիրված է Հոխշտադտի (անգլիական տարբերակով՝ Բլենհեյմի) ճակատամարտին: Դա մի քաղաք է Դանուբ գետի ափին (ներկայիս Գերմանիայում), որտեղ անգլիական զորքերը դուքս Մալբորոյի ղեկավարությամբ 1704 թվականին ջախջախիչ հաղթանակ են տարել ֆրանկո-բավարական զորքերի նկատմամբ: Ո՛չ ֆրանսիացիները, ո՛չ բավարացիները չեն նեղանում անգլիացիներից, որ նրանք հիշում եւ փառաբանում են այդ հաղթանակը: Պատմությունն, այդպիսով, կողմերից ոչ մեկին «չի խանգարում»:

Պատահում է, իհարկե, որ «խանգարում է»: 1939 թվականին «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի առթիվ Երվանդ Քոչարը կերտեց Սասունցի Դավթի քանդակը, որը կանգնեցվեց Երեւանի կայարանամերձ հրապարակում: Սակայն երկու տարի անց Վարպետը ձերբակալվեց, եւ արձանն էլ հանվեց: Մեղադրանքներից մեկն այն էր, որ էպոսի հերոսը մերկացրել է սուրը «եղբայրական Թուրքիայի» ուղղությամբ: 1959 թվականին Խորհրդային Հայաստանում այլ իշխանություն էր, որին պատմությունը դարձյալ, բարեբախտաբար, «չէր խանգարում», եւ Քոչարի Սասունցի Դավթի արձանը 1959 թվականից առ այսօր զարդարում է համանուն հրապարակը:

Գաղափարախոսությունն, այսպիսով, առանձնապես կապ չունի: Կապ ունի մարդկային եւ ազգային արժանապատվությունը: Բոլշեւիկների համար, անկախ նրանից, թե արդյոք նրանք հավատում են պրոլետարական, թե ազատական «ինտերնացիոնալիզմին», պատմությունը «խանգարող հանգամանք» էր եւ, ի դեպ, եկեղեցին էլ՝ «վիճահարույց կառույց»: Այնպես է ստացվել, որ հայ բոլշեւիկները (բոլշեւիկները, ոչ թե՝ կոմունիստները) մշտապես նպաստել են Թուրքիայի առաջխաղացմանը:

Այժմ Թուրքիայում եւ Ադրբեջանում գովում են Փաշինյանին՝ տեսնո՞ւմ եք, ինչ իմաստուն առաջնորդ է նա, հրաժարվում է պատմական ցնորքներից, հասկանում է, որ Հայաստանն իրականում Արեւմտյան Ադրբեջան է, եւ Երեւանն «իրենց» քաղաքն է: Ինչ-որ՝ իրենց, այլասերված տեսանկյունից նրանք ՀՀ ներկայիս վարչապետի դիրքորոշումը ճիշտ են ներկայացնում՝ նա միայն ձեւ է անում, որ Ալմա-Աթայի հռչակագիրն իր համար Սուրբ գրքի նման մի բան է: Իրականում նա պարզապես ամեն ինչ անում է մեր երկու հարեւաններին «գոհացնելու» համար: Եթե պետք լինի, կասի, որ Մեսրոպ Մաշտոցն ադրբեջանցի էր:

…Իմ կարծիքով, Հայաստանի ներկայիս իշխանությունները բացարձակապես եվրոպամետ չեն: Նրանք ուղն ու ծուծով բոլշեւիկ են:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այո, Հայաստանի ներկայիս իշխանություններն ուղն ու ծուծով բոլշևիկներ են՝ նշանակված Կրեմլի կողմից, որպեսզի իրականացնեն ռուս-թուրքական բազարներով ձեռք բերված պայմանավորվածությունները հայկական տարածքների հաշվին:
    քպ-ի բոլշևիշմի վկայությունն է նաև նրանց եկեղեցիատյացությունը, Հայ ժողովրդի պատմության և Հայ եկեղեցու պատմության առարկաների վերացումը դպրոցական ծրագրերից, Արարատ լեռան ազգային խորհրդանիշի փոխարեն Արագած սարի նոր ազգային խորհրդանիշ «բստրելը», ցեղասպան թշնամուն տարածքային ստորաքարշ զիջումներ անելը, թշնամու հետ ունեցած սահմաններին առևտուր անելու առաջարկությունները և այլն … Սրանք կարծես թե Ռուսաստանի գլխավորությամբ ստեղծվելիք նոր միության ձևավորման նախապատրաստական աշխատանքները լինեն, որը Կրեմլը պլանավորվում է կյանքի կոչել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո: Ստեղծվող միություն մեջ Կրեմլը կցանկանար տեսնել ինտերնացիոնալ համերաշխ Անդրկովկասը՝ հայ, ադրբեջանցի և վրացի ազգերի համատեղ տաշի-տուշիներով, առևտուրներով և խառնամուսնություններով: Բայց ամեն ինչ պետք է լինի Մոսկվայի հեգեմոնիայով, նրա հսկողությամբ և նրա վերջնական խոսքի իրավունքով:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Մաոիզմ, ֆաշիզմ, յակոբինիզմ, բոլշևիզմ … «իզմ»-ով վերջացող ցանկացած հեղափոխական մարդակործան շարժման շատ տարրեր կարելի է վերագրել մեր գավառական իշխանությանը: Նույնիսկ այս գավառական մակարդակում մեր տեղական միջակություններին նշված շարժումների հետ կապում է ցանկացած բան զոհելու գնով սեփական իշխանությունը պահելու, երկարաձգելու, այն հնարավորս երկար վայելելու ձգտումը:
    Ինչու՞ ուրեմն կենտրոնանալ հենց բոլշևիզմի վրա: Որպեսզի, ինչպես Հայ մարդու մեկնաբանության մեջ, մեկ անգամ ևս գեներացվի նիկոլական պրոպագանդան կրեմլի ազգակործան ծրագրերի մասի՞ն:
    Ավելի ճիշտ չէ՞ր լինի այդքան հեռու չգնալ ու կենտրոնանալ լևոնա-նիկոլական «Ով մեզ հետ չէ՝ տականք է» և տեղական մակարդակի այլ «իզմ»-երի վրա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031