Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևորը ասպարեզ տալն է». Գուրգեն Խանջյան

Դեկտեմբեր 27,2014 23:07

«2006 թվականի ամռանը ՀԳՄ երգիծական «Սատիրիկոն» թերթն իր տեղը զիջեց «Գրեթերթ» գրական երիտասարդական ամսաթերթին, որովհետև երիտասարդ գրողներին հարթակ տրամադրելու անհրաժեշտություն կար»,- ասում է «Գրեթերթի» գլխավոր խմբագիր, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը:

«Երբ այս մրցանակի գաղափարը ծագեց, հասարակության ամենաչգնահատված և անտեսված զանգվածը երիտասարդ գրող կոչվածն էր»,- ասում է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, որը նույնպես թերթի հիմնադիր հեղինակներից է: Համեմատության համար նա հիշեցրեց, որ տարիներ առաջ երիտասարդ գրողների համար շատ դժվար էր տպագրվելը. «Տարբեր ամսագրերում տարեկան գուցե մեկ-երկու երիտասարդ գրող տպագրվեր: Էլ չեմ ասում գրքեր հրատարակելու մասին, իսկ մրցանակ կոչվածն առհասարակ շատ բացառիկ երևույթ էր մեր կյանքում»,- ասում է գրականագետը:

Տարիների ընթացքում շուրջ հարյուր երիտասարդ գրողների իր շուրջը համախմբած ամսաթերթն այսօր անցկացրեց իր ամենամյա մրցանակաբաշխությունը: «Գրեթերթի» մրցանակները տրվում են այդ տարի թերթում հրապարակված պոեզիայի, արձակի, թարգմանության, հրապարակախոսության և գրաքննադատության համար, սակայն հրապարակախոսության համար այս տարի մրցանակ չսահմանվեց, որովհետև, ինչպես նշեց Ա. Նիկողոսյանը, «Գրեթերթի» հեղինակներն այդ ժանրում առանձնապես ակտիվ չեն եղել այս տարի:

Թարգմանության անվանակարգում «Գրեթերթի» մրցանակն ստացավ Պավել Ճաղարյանը, գրաքննադատության անվանակարգում՝ Անի Հովնանը: Իսկ պոեզիայի և արձակի անվանակարգերում մրցանակը համապատասխանաբար ստացան Լուսինե Եղյանը և Գրիգը:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գ. Խանջյանը, այս մրցանակը մյուս գրական մրցանակներից տարբերվում է նրանով, որ հատուկ մրցութային հանձնաժողով չի կազմվում. «Թերթի՝ այդ տարվա ընթացքում տպագրված հեղինակները հավաքվում են և գաղտնի քվեարկում: Իրենք են հանձնաժողովը, խմբագրությունը միայն մի փոքր զտում է՝ նախապես յուրաքանչյուր անվանակարգում առանձնացնելով չորսական անուն, որոնցից էլ նրանք ընտրում են»,- ասում է պարոն Խանջյանը:

Բացի այդ, ըստ նրա, այս մրցանակի համար երբեք գումարային որևէ պարգև նախատեսված չի եղել, ինչն էլ, թերևս, զերծ է պահել մրցույթի մասնակիցներին ներքին անհամաձայնություններից: «Համ էլ փող չկա»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է մեր զրուցակիցը: «Գրեթերթի» մրցանակները արժեքավոր գրքեր են:

«Գրեթերթի» մասին պարոն Խանջյանն ասում է. «Նոր գրական սերունդ ձևավորեց իր շուրջը, դաշտ գոյացավ»: «Գրեթերթի» հեղինակներին նա պայմանակորեն երեք սերնդի է բաժանել. «Առաջին և երկրորդ սերունդները գրականությանը գույն տվեցին: Հիմա արդեն բոլորովին նոր սերունդ է, որը, կարծում եմ, պակաս չի լինի նախորդներից: Նա ազատ է, նախորդներն իրենց մեջ դեռևս պահպանում էին սովետից մնացած ինչ-որ պատառիկներ: Երրորդ սերունդն ազատ մտածողության տեսանկյունից բավականին հետաքրքիր է»,- կարծում է «Գրեթերթի» գլխավոր խմբագիրը:

Նա նաև նշեց, որ «Գրեթերթի» առաջին տարիների որոշ հեղինակներ արդեն իրենց հաստատուն տեղն ունեն գրականության մեջ՝ Արամ Պաչյան, Հովհաննես Թեքգյոզյան, Համբարձում Համբարձումյան, Արփի Ոսկանյան, Մհեր Բեյլերյան, Վահե Արսեն, Հրաչյա Սարիբեկյան, Հասմիկ Սիմոնյան, Նառա Վարդանյան. «Անուններ տալու վատն այն է, որ հաճախ մոռանում ես որոշ անուններ տալ»,- ասում է արձակագիրը և հավելում, որ թեև հարյուրից ավելի հեղինակ է տպագրվել «Գրեթերթում», բայց մնացողների թիվը երեսունից չի անցնում. «Կարևորը ասպարեզ տալն է, որ գան ու փորձեն իրենց: Իսկ թե ով կմաղվի, ով կդիմանա, արդեն այլ խնդիր է»,- Aravot.am-ի հետ զրույցում ընդգծում է Գ. Խանջյանը:

Ինչ վերաբերում է թերթի հետագա անելիքներին, պարոն Խանջյանն ասաց, որ մտադիր են գրաքննադատության զարգացմանը միտված քայլեր ձեռնարկել, քանի որ, նրա ձևակերպմամբ, գրաքննադատությունը վերջին տարիներին սկսել է կաղալ. «Մշտապես թերթի կողքին եղած գրականագետների քառյակից (Արքմենիկ Նիկողոսյան, Վահրամ Դանիելյան, Հայկ Համբարձումյան և Արմեն Ավանեսյան) հետո կարծես թե նոր գրաքննադատներ չեն հայտնվում»,- մտահոգվում է Գ. խանջյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031