Լրահոս
Օրվա լրահոսը

Դաունի համախտանիշով ծնված երեխայի մայրը 7-10 օր ժամանակ ուներ հաստատելու երեխայի հիվանդությունը (Տեսանյութ)

Փետրվար 10,2015 16:25

Հունվարի 21-ին «Մոր և մանկան» պահպանման կենտրոնում դաունի համախտանիշով ծնված փոքրիկ Լեոյի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, հրաժարվել էր նրանից, իսկ երեխայի խնամքը ստանձնել էր նրա նորզելանդացի հայրը, որը, նշելով, թե Հայաստանում նման երեխաներին կարծրատիպերի պատճառով չեն ընդունի եւ որ իր կնոջ ընտանիքի անդամները կամաչեն երեխայից, տարել էր նրան երկրից: Պատմությունն անգամ լուսաբանում էին համաշխարհային հայտնի պարբերականները:

Ինչպես նշել էր մայրը իր ֆեյսբուքյան էջում՝ բժիշկները մոտեցել էին իրեն եւ հարցրել էին՝ արդյոք նա ուզո՞ւմ է երեխային պահել, թե՞ հրաժարվել նրանից:

Թեմայի շուրջ հրավիրված ասուլիսի ընթացքում այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում առողջապահության նախարարության ներկայացուցիչ, վերարտադրողական առողջության մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Եղջերյանն անդրադառնալով այն հանգամանքին, թե արդյոք հնարավո՞ր չէր նախապես կանխատեսել երեխայի հաշմանդամությունը եւ ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեն բժիշկները, քանի որ ծննդաբերելուց հետո մայրը հայտարարել էր, թե իրեն ոչ ոք չի ուղղորդել, ասաց, որ ցանկացած կին, երբ տարբեր պատճառներով հրաժարվում է ծնողական իրավունքներից, որեւէ ջանք չի խնայում ցույց տալու, որ տեղեկացված չէր եւ որ իրեն ստիպել են այդ քայլին գնալ. «Ես չեմ պատկերացնում իրավիճակ, երբ  ասեն ծնողին, թե դու ունես մի քանի ժամ, հրաժարվում ես կամ ոչ: Բացառում եմ, որ նման հարց տրված լինի կնոջը եւ ժամանակային սահմաններ դրված լինեն»:

Դաուն համախտանիշի առկայության համար կարող են միայն կասկածներ լինել, նշում է բժիշկը, միակ ճանապարհն այն հաստատելու համար՝ գենետիկայի կենտրոն գնալն է:  Բժիշկը նշում է, որ պարզելու համար, թե երեխան դաունի համախտանիշ ունի՞, թե՞ ոչ, անհրաժեշտ է 7-10 օր. «Այս կնոջ պարագայում՝ ծննդաբերելուց հետո նա առնվազն 7 օր ժամանակ ուներ կարդալու, ծանոթանալու՝ արդյոք երեխան դաունի համախտանիշ ունե՞ր, թե՞ ոչ: Հերքում եմ, որ բժիշկները ժամանակ են տվել կնոջը»:

Բանախոսը նաեւ տվյալներ ներկայացրեց, որ դաունի համախտանիշով ծնվող նորածինները տարբեր երկրներում տատանվում են 700 դեպքից մինչեւ 1200 դեպքից մեկը, մինչդեռ Հայաստանում տարեկան ծնվում է 40-45 երեխա՝ այսինքն՝ հազարից մեկը: Որքան կանայք ավելի մեծ տարիքում են ծննդաբերում, այնքան ավելի հավանական է դաունի համախտանիշով երեխա ունենալու հավանականությունը:

Ասուլիսին նաեւ հրավիրված էր դաունի համախտանիշ ունեցող մի երեխայի մայր՝ Վարդուհի Արամյանը, որն անդրադառնալով հասարակական վերաբերմունքին՝ ասաց, թե խնդիրներով երեխային ծննդաբերած  մայրերը լուրջ հոգեբանական աջակցության կարիք ունեն, կա տեղեկացվածության պակաս, քանի որ եթե մայրը իմանար, որ դաունի համախտանիշով ծնված երեխան խնամքի առումով ոչնչով չի զիջում խնդիր չունեցող երեխային, ապա նա չէր սարսափի. «Ո՞ւր են երեխաների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակիցները, ինչո՞վ են զբաղված սոցիալական աշխատողները: Երբ մենք հիվանդ երեխայի հետ ծննդատնից գնում ենք տուն, բժիշկը գալիս եւ հարցնում է՝ վայ, բա չե՞ք հանձնելու երեխային, պահելո՞ւ եք նրան: Մեզ, անգամ ծննդատանը մոտենում են եւ ասում են այնպիսի հայացքով, որ դու ամբողջ կյանքում տառապելու ես: Սա է ընդունված մոտեցումը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Դաունի համախտանիշը մեր օրերում չափազանց հեշտ է որոշել՝ նոյնիսկ ՍԱՂՄԻ մօտ: Մինչեւ երեխայի ծնունդը սաղմից բջիջներ են վերցնում ու գենետիկական վերլուծութիւն անում: Աւելին, ոչ միայն այս համաշտանիշն են ստուգում, այլեւ հազար ու մի պոտենցիալ շեղում: Արեւմտեան երկրներում սաղմնային զննութիւնը շատ տարածուած երեւոյթ է:

    Ամուսինն, ըստ յօդուածի, եւս մի երեխայ ունի Դաունով հիւանդ: Ուստի այս կինն առաւել եւս պիտի մտահոգուած լինէր գենետիկական թեստ անցնել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728