Լրահոս
Օրվա լրահոսը

Տուբերկուլյոզով որոշ հիվանդներ բուժումը կիսատ են թողնում՝ արտագնա աշխատանքի պատճառով

Մարտ 25,2015 15:00
tuberkulez

«Տուբերկուլյոզով հիվանդը մեր հասարակությունում «persona non grata» (անցանկալի անձ) է համարվում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» ներհիվանդանոցային վարակի եւ որակի հսկողության բաժնի վարիչ Մարիամ Ղուկասյանը:

Ղուկասյանը պատմում է, որ կան մարդիկ, որոնք իմանալով, որ հարեւանը, որի հետ երբեւէ շփում չեն ունեցել, բայց իմանալով, որ տվյալ հարեւանը տուբերկուլյոզով հիվանդ է, վախենում են նրա դռան բռնակին կպնել՝ մտածելով, որ կվարակվեն: Տիկին Ղուկասյանը հայտարարում է՝ տուբերկուլյոզով հիվանդի հետ ձեռքսեղմումից կամ կողքով անցնելիս անձը չի վարակվի: Ճիշտ է, վարակը փոխանցվում է օդի միջոցով, բայց, ինչպես ասում է մասնագետը, վարակը կփոխանցվի, եթե հիվանդի հետ ժամերով լինեք փակ տարածության մեջ, ու հիվանդն անընդհատ հազա, փռշտա, եւ եթե հարուցիչների մեծ քանակություն կա, հավանականություն կա, որ վարակը կփոխանցվի: «Եթե մարդը հիվանդ է տուբերկուլյոզով, դա չի նշանակում, որ նրա հետ չպետք է շփվել, դա նրան ավելի է ճնշում, մարդու մոտ կարող են ինքնասպանության մտքեր առաջանալ»,- նշում է տիկին Ղուկասյանը:
Օրերս առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը լրագրողների համար սեմինար էր կազմակերպել, որտեղ ներկայացվեցին ցուցանիշներ:

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Հայրապետյանը վստահեցնում է, որ Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդացության եւ մահացության ցուցանիշները վերջին 10 տարիներին աստիճանաբար նվազել են. 2014-ին բուժման մեջ են եղել 1365 հիվանդ, որոնցից 1046-ը նոր դեպքեր են. անցյալ տարի ավելացել է տուբերկուլյոզ/ՄԻԱՎ համավարակով հիվանդների թիվը: Ըստ Հայրապետյանի՝ 2013-ին տուբերկուլյոզ հայտնաբերվել է ՄԻԱՎ ունեցող 67 մարդու մոտ, իսկ 2014-ին՝ 90: «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այս թվի աճը, Հայրապետյանը պատասխանում է՝ «Հիմնականում խնդիրը արտագնա աշխատանքի մեկնելու հետ է կապված, միգրանտների մեծ մասը Ռուսաստան են մեկնում, իսկ այնտեղ մի քանի անգամ բարձր են հիվանդացության դեպքերը»: Բացի այս, պարոն Հայրապետյանը նշում է, որ բուժումը երկարատեւ է՝ 2 տարի, եւ բուժման ընթացքում՝ որոշ ժամանակ հետո հիվանդների մոտ բավականին դրական արդյունք է լինում. «Հիվանդը մտածում է՝ ինքն արդեն լավ է, մոտենում եւ ասում է՝ ես ուզում եմ գնալ արտագնա աշխատանքի: Չնայած նրանց ասվում է, որ ամբողջությամբ բուժված չեն, բայց նրանք ընդհատում են բուժումը եւ մեկնում արտագնա աշխատանքի, որոշ ժամանակ հետո վերադառնում են ավելի ծանր վիճակով ու սկսում են ավելի շատ քանակությամբ դեղերի նկատմամբ դեղակայուն լինել, բուժումն ավելի բարդ է լինում»: Այս հիվանդության բուժման ընթացքում դեղերի կողմնակի ազդեցությունն էլ շատ ծանր է լինում: Ըստ Հայրապետյանի՝ սա էլ է պատճառ, որ որոշ հիվանդներ կիսատ են թողնում բուժումը: Կենտրոնի ղեկավարը վստահեցնում է, որ տուբերկուլյոզով հիվանդները, ներառյալ նրանք, ովքեր արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, բայց շարունակում են դեղորայքի ընդունումը, ամենօրյա հսկողության տակ են:

Կնետրոնի ներկայացուցիչ Մարիամ Ղուկասյանն ասում է, որ դեպքեր են լինում, երբ ընտանիքի անդամի մոտ ախտորոշվում է այս հիանդությունը, բայց նրա հետ անմիջաբար շփվող մարդիկ խուսափում են հետազոտվել, որպեսզի հանկարծ տեղեկությունը չտարածվի. «Սա լուրջ խնդիր է»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը վստահեցնում է՝ «Տուբերկուլյոզը բուժելի է, եթե ժամանակին ախտորոշվում են, գտնվում են բուժման մեջ, եւ եթե պահպանում են համապատասխան ռեժիմը, իրենք լիովին ապաքինվում են, դրա համար պետք է համբերություն»:

Ըստ ԱՀԿ-ի՝ տուբերկուլյոզի բարեհաջող բուժման ելքերի թիրախը 85%-ն է, Հայաստանը 79.6%-ի է հասել: Թաթուլ Հակոբյանն ասում է՝ չնայած անելիքներ կան, բայց սա վատ ցուցանիշ չէ, մենք Ադրբեջանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից բավականին լավ վիճակում ենք: 2014-ին անչափահասների շրջանում տուբերկուլյոզի 69 դեպք է եղել: Այս հիվանդությունից որեւէ անչափահաս չի մահացել, սակայն անցյալ տարի մեծահասակների 46 մահվան դեպք է գրանցվել, իսկ 2013-ին՝ 49:

Պետբյուջեից 4 միլիոն դրամ է հատկացվել տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրին, 8 միլիոն եվրո էլ եռամյա ժամկետի համար հատկացրել է Գլոբալ հիմնադրամը: Նշված գումարի մեջ են ներառվում նաեւ հակատուբերկուլյոզային դեղորայքը, սարքավորումները: Նշենք նաեւ, որ տուբերկուլյոզի բուժումը ամբողջությամբ անվճար է:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031