Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորը բռնության էր ենթարկվել, մինչ օրս բուժվում է հիվանդանոցում

Մարտ 30,2015 13:30

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Դիմելով Ձեզ՝ ակնկալում եմ արդարություն եւ կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել արդարադատության թերացումներին եւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների, տվյալ դեպքում՝ եզդիներիս նկատմամբ արդարադատության կողմից իրականացվող խտրականության վրա: Դրա վառ օրինակն է թիվ 91252610 քրեական գործը:

Մեծարգո պարոն նախագահ, խնդրում եմ Ձեզ՝ օգնել վերանայել սույն քրեական գործը եւ եթե Զ. Իբրահիմյանը մեղավոր է, թող դատապարտվի կատարվածի համար:
Նշյալ քրեական գործը հարուցվել է 5 տարի առաջ՝ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի կողմից:

21.04.2010թ. ժամը 9.30-ին ՊՆ թիվ N զորամասի թիվ 102 մարտական դիրքում նույն զորամասի 3-րդ ջոկի նռնականետորդ, ժամկետային զինծառայող Վարդան Մարտիրոսյանի դիակը՝ ճակատի շրջանում հրազենային մարմնական վնասվածքներով, հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 104 հոդվածի 1-ին մասով: Փաստի առթիվ մեղադրանք էր առաջադրվել Զադե Ալյազի Իբրահիմյանին, Սայամ Պավելի Պետրոսյանին եւ Հարություն Հենրիկի Հարությունյանին:

2011թ. սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Զադե Ալյազի Իբրահիմյանը դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման, իսկ համածառայակիցների նկատմամբ կիրառվել է համաներում՝ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Տվյալ դեպքում, եթե ծանոթանանք ու հավատանք մեղադրական եզրակացությանը, Իբրահիմյանը, Պետրոսյանը եւ Հարությունյանը կատարել են քրեորեն պատժելի արարք, բայց արի ու տես, անհասկանալի է, թե վերջին երկուսն ինչո՞ւ են ազատվել պատասխանատվությունից եւ ինչո՞ւ ողջ մեղքը բարդել են Իբրահիմյանի վրա, ինչո՞ւ է կատարվել թերի քննություն:
Իմ կարծիքով՝ խախտվել է Սահմանադրության 14.1 հոդվածը, համաձայն որի՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, իսկ խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, արգելվում է:

Նախաքննական մարմնի կողմից 30.04. 2010թ.-ին Իբրահիմյանին մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի դիտակետում մարտական հերթապահություն իրականացնելիս ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու, դիտակետն առանց հսկողության ինքնակամ թողնելու ու նշված դիրքի գետնատնակ գնալու համար:

Նախաքննական մարմնի կողմից դեպքի կապակցությամբ հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, որոնցից 24 վկայի ցուցմունքները որպես ապացույց դրվել են մեղադրական եզրակացությունում: Որպես վկա հարցաքննվել են նաեւ եֆրեյտոր Արթուր Մադոյանը եւ շարքային Ջիվան Եղոյանը, որոնք որեւէ կապ չունենալով դեպքի հետ, չգիտես ինչու, քննիչի որոշմամբ ճանաչվել են տուժողներ:

Դատաքննության ժամանակ էլ պարզվել է, որ հարցաքննված մնացած բոլոր վկաները միջադեպի ականատես չեն եղել, դեպքի հանգամանքների մասին լսել են քննիչից կամ զորամասում եղած խոսակցություններից: Այդ մասին հաստատել են դասակի հրամանատար Մովսես Եղոյանը, գումարտակի շտաբի պետ Ալեքսան Առաքելյանը, սպա Ջանիկ Սանթելյանը եւ այլք, նույնիսկ վերը նշված անձինք Զ. Իբրահիմյանին բնութագրել են որպես կարգապահ, բարեխիղճ զինծառայողի, որը որեւէ մեկի նկատմամբ բռնություն երբեք չի կիրառել: Զ. Իբրահիմյանն էլ իրեն մասնակի մեղավոր է ճանաչել, բացատրելով, որ դիրքի ավագ Հ. Հարությունյանին եւ Ջիվան Եղոյանին մեկ անգամ հրել է, այլ ոչ թե՝ ապտակել:

Զ. Իբրահիմյանն ու Ս. Պետրոսյանը հայտարարել են, որ իրենց եւ վկաների նկատմամբ նախաքննական մարմնի կողմից կիրառվել են բռնություն եւ հոգեկան ճնշում: Տեղին է նշել, որ Իբրահիմյանն այն աստիճանի բռնության է ենթարկվել, որ մինչ օրս ծնկի հոդերի վնասվածքներով բուժվում է հիվանդանոցում եւ վիրահատության կարիք ունի:
Ինչպես պարզվել է նախաքննությամբ եւ դատաքննության ժամանակ, Իբրահիմյանը դիրքի ավագի թույլտվությամբ եւ փոխարինմամբ է թողել դիրքն ու գնացել զուգարան. տվյալ պահին դիրքն առանց հսկողության չի մնացել: Այսինքն՝ արարքում բացակայում է առաջադրված մեղադրանքը, քանի որ նրա գործողություններով ոչ մի վնաս կամ վնաս պատճառելու սպառնալիք՝ կապված ՀՀ սահմանի անվտանգության ապահովման հետ, չի ստեղծվել:

Դատաքննության ժամանակ խոսվեց մեկ այլ դրվագի մասին. պարզվել է, որ զինծառայողները լիցքավորում էին մեկը մյուսի հեռախոսները եւ օգտվում էին դրանից՝ տուն զանգահարելու նպատակով: Պարզվել է նաեւ, որ տուժող Վ. Մարտիրոսյանը զորամասում զբաղվել է քարտերի կամ դրանց ծածկագրերի վերավաճառմամբ՝ ստանալով շահույթ, բայց որեւէ կերպ չի ապացուցվել, որ Զ. Իբրահիմյանը կատարել է շորթում: Ավելին, դատարանում Վ. Մարտիրոսյանի հայրը հայտարարել է, որ իր որդին երբեւէ իրեն կամ ընտանիքի անդամներին չի ասել, որ որեւէ մեկը իրեն ստիպում է կամ սպառնում է հեռախոսը լիցքավորելու համար:

Նախաքննական մարմինը չի ապացուցել, թե ում հեռախոսն է լիցքավորվել 75.000 դրամով եւ աչք է փակել այդ փաստի վրա: Պատճառը՝ որպեսզի հրամանատարական անձնակազմը չենթարկվի պատասխանատվության:

Ինչ վերաբերում է Զ. Իբրահիմյանի կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեղադրանքին, թե իբր նա 19.04.2010թ. եւ 20.04.2010թ.՝ ժամը 22-ի սահմաններում, գետնատնակում Վ. Մարտիրոսյանին հայհոյել է եւ դանակով սպառնացել, ապա գործով չի ապացուցվել:

Իսկ դատաքննության ժամանակ Հ. Հարությունյանն ու Ս. Պետրոսյանը հայտարարել են, որ իրենք կատարվածի մասին նախաքննական ցուցմունք են տվել դատավարական նորմերի կոպիտ խախտմամբ, մեկուսացված պայմաններում բռնության ու հոգեկան ճնշման հետեւանքով: Դատաքննության ժամանակ վերջիններս հրաժարվել են նաեւ առերես ցուցմունք տալուց՝ վախենալով արժանանալ Իբրահիմյանի բախտին, որը մահակների հարվածների հետեւանքով է տառապում ծնկահոդերի հիվանդությամբ:

Նախաքննական մարմնի կողմից դեպքի վայրի զննության ժամանակ պարզվել է, որ Վ. Մարտիրոսյանին ամրակցված ինքնաձիգից պակասում է երեք փամփուշտ, եւ պահպանակի վրա հայտնաբերվել է Վ.Մարտիրոսյանին պատկանող մատնահետք: Այն, որ հետքը պատկանում է տուժողին, հետքաբանական փորձաքննության եզրակացության համաձայն է: Վ. Մարտիրոսյանի ինքնաձիգին ամրացված փամփուշտատուփն էլ պատկանել է տուժող ճանաչված Ջիվան Եղոյանին:

Սակայն ինչպիսի հանգամանքներում է այն հայտնվել Վ. Մարտիրոսյանի մոտ, հայտնի չէր:
Զամանալի է նաեւ այն փաստը, որ դեպքի վայրի զննության ժամանակ չեն հայտնաբերվել փամփուշտների պարկուճները:

Հարց է ծագում. ի՞նչ եղան պարկուճները, ո՞ւմ էին դրանք հարկավոր, ի՞նչ նպատակ են ունեցել դրանք վերացնելու համար:

Փորձագետի եզրակացության համաձայն, կրակոցները եղել են միաժամանակ, ինքնաձիգից արձակվել է երեք կրակոց, որից երկուսն է դիպել Մարտիրոսյանին, իսկ ինչ է եղել երրորդ փամփուշտը, անհասկանալի է, քանի որ քննիչը դրա պատասխանը չի տվել:
Վկաներից մեկը հատնել էր, թե Մարտիրոսյանի դիակը առաջինն ինքն է հայտնաբերել՝ կրակոցներ լսելուց հետո, եւ դիակը հայտնաբերելուց որեւէ մեկը դիակի դիրքը չի փոխել: Մինչդեռ, ըստ փորձագիտական եզրակացության, Վ. Մարտիրոսյանի մահը վրա է հասել տեղում, իսկ ինքնաձիգի երկու փամփուշտով գանգը կոտրած մարդը չէր կարող 240 սմ քայլել ու նոր վայր ընկնել:

Ինչ նպատակ են ունեցել անձինք կամ անձը, երբ դիակի տեղը փոխվել է:
Եթե Զ. Իբրահիմյանը Վ. Մարտիրոսյանին հասցրել է ինքնասպանության, ապա նա պետք է դատապարտվեր այդ հոդվածով, այլ ոչ թե այն արարքների համար, որը չի կատարել:

ՄԱՐԳԱՐ ՔԱԼԱՇՅԱՆ

Հ.Գ.- Ես ցավակցում եմ Վարդան Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին, գտնում, որ ծնողի համար չի կարող լինել ավելի մեծ ցավ, քան որդու կորուստը:

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031