Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը «զապիսներ» ունի

Ապրիլ 11,2015 16:00

Ըստ նրա՝ ընդդիմադիր պատգամավորները խախտել են
պայմանավորվածությունները եւ քաղաքական դեմագոգիայով են զբաղված

Խորհրդարանում ստեղծված «գազի հանձնաժողովի» մեկուկես տարի կատարած աշխատանքները վերջին երեք օրում խորհրդարանի լիագումար նիստերի քննարկման առարկա էին: Արդյունքում եղան նաեւ պատգամավորներ, ովքեր մեղադրեցին հանձնաժողովին անգործության մեջ: Հանձնաժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը վիրավորված է գործընկերներից: Վիրավորված է ոչ թե իր համար, այլ հանձնաժողովի մյուս անդամների, ովքեր «ժամերով ու անշահախնդիր» աշխատել են եւ հիմա նման վերաբերմունքի են արժանանում: Նա, սակայն, հրաժարվում է իր գործընկերների մասին մամուլին «եզրակացություն» հայտնել, քանի որ` «ինչ մտածում եմ, իրանց երեսին ասում եմ»:

Վարդան Այվազյանը չցանկացավ մեկնաբանություններ անել նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, որ մեր երկրում շատ լավ կլիներ, որ «ՀայՌուսգազարդի» մենեջմենթի պես մենեջմենթ ունեցող ընկերություններ շատ ունենայինք: Ինքը` Արծվիկ Մինասյանը, իր հայտարարությունն այսպես է բացատրում. «Այո, այդ հիմնարկը շատ լավ մենեջմենթ ունի: Այն, որ ՀՀ կառավարությունն ու մեր իրավասու մարմինները չեն կարողացել մեր շահերը պաշտպանել, դա չի նշանակում, որ «ՀայՌուսգազարդի» մենեջմենթը վատն է: Ուղիղ հակառակը»:

Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Միքայել Մելքումյանը համաձայն չէ: Նա կարծում է, որ ներդրումներ չանելը, դրանց անարդյունավետությունը եւ այլն լավ մենեջմենթի մասին չեն խոսում: Հայկական կողմի մեղավորության մասով էլ նկատում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր տված լիցենզիաները պատշաճ չի վերահսկել: Իր ելույթներում նման դիտարկումներ էր արել նաեւ Հրանտ Բագրատյանը:

Արձագանքելով «գազի հանձնաժողովի» ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանի այն հայտարարությանը, թե հանձնաժողովը գումարել է 51 նիստ, որին հանձնաժողովի որոշ անդամներ չեն մասնակցել, իսկ այժմ էլ մեծ ամբիոնից առարկություններ են ներկայացնում եւ քննադատում հանձնաժողովի աշխատանքները, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ չի եղել մի դեպք, երբ ինքը չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, իսկ Այվազյանի մատնանշած 51 նիստերը եղել են գաղտնի եւ փակ ընթացակարգով, որոնց ժամանակ հայտնի չէ, թե Այվազյանն ում հետ եւ ինչ է քննարկել:

«Առավոտը» Վարդան Այվազյանից հետաքրքրվեց` ովքե՞ր են եղել այն ընդդիմադիր պատգամավորները, որոնք նիստերին չեն մասնակցել, եւ ինչո՞ւ ինքը չարձագանքեց Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե գաղտնի եւ փակ ընթացակարգով նիստեր են եղել, որոնց ժամանակ հայտնի չէ, թե Այվազյանն ում հետ եւ ինչ է քննարկել: Վարդան Այվազյանը շրջանցեց «բացակա» պատգամավորների հարցը, Արամ Մանուկյանի հայտարարությունն էլ հերյուրանք անվանեց` հավելելով, որ հանձնաժողովի նիստերը փակ են եղել ոչ պատգամավորների համար: «Որեւէ նման բան չկա, ինչ նյութեր ստացել ենք՝ հենց առաջին պահից ստեղծել ենք հավասարաչափ ինֆորմացիայի էլեկտրոնային տրամադրման գործընթաց, ինֆորմացիան նույն վայրկյանին փոխանցվել է իրենց, փորձագետները եղել են իրենց կողմից առաջարկված, որին մենք համաձայնել ենք»:

Արամ Մանուկյանը մեկ այլ հայտարարություն էլ արեց. «Ասեմ ճշմարտությունը, որ Այվազյանը մեզնից շատ լավ գիտի, թե ինչ խախտումներ են եղել, եւ ինքը շատ ուզում էր, որ ասեինք այդ խախտումները, որովհետեւ քաղաքական կոնյունկտուրան թույլ չէր տալիս այս խնդիրները ներկայացնել կառավարությանը: Սա է իրականությունը, եւ դուք պարտավոր էիք դա իմանալ»: Վարդան Այվազյանն ընդդիմադիր գործընկերոջն այսպես է հակադարձում. «Ասելով հո չի՞: Լեզու ա, էնքա՜ն բան կարաք ասեք, էնքա՜ն բան կարաք գրեք: Գրավոր գրած կա, գրավոր եզրակացություններ կան` ավելի կոպիտ, ավելի լուրջ բաներ կան: Ես էնքան լավ էի զգում, որ բոլորը ցիտում էին մեզ, բայց ցիտելով մեզ` հանձնաժողովի կատարած աշխատանքը, այդ թվում Արամ Մանուկյանի, վերջում ասեցին` հանձնաժողովը բան չի արել»:

Հետաքրքրվեցինք` Վարդան Այվազյանը հնարավորություն տեսնո՞ւմ է, որ գազի գինը Հայաստանում, այնուհանդերձ, հնարավոր է նվազեցնել: «Եզրակացությունը հստակ պատասխան տալիս է, Այվազյան Վարդանի տեսածով չի դա: Եթե էդ գործընթացները մենք չանենք, միանգամից պահանջենք, որ գազի գինն իջնի, չի լինի: Մենք ասում ենք` նորմատիվային դաշտը պետք է կարգավորվի, ծախսերի ճշգրտման խնդիր գոյություն ունի: Ասում են` կատարված ծախսերը շատ են: Իսկ դուք որտեղի՞ց գիտեք` շա՞տ են, թե՞ քիչ, երբ այդ ծախսերը նորմատիվայինով չենք ասում՝ այսքան է: Մենք ասում ենք` գնանք տեսնենք` էդ ծախսերն ինքը կատարե՞լ է, թե՞ չի կատարել, որպեսզի փաստացի ասենք, մեզ ասում են` չենք գալիս, մեզ մենակ ասելն ա»,- ասաց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք` ո՞ւմ է առաջարկն արվել, որ հրաժարվել է: «Ընդդիմադիր ֆրակցիաների բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ պարոն Մանուկյանին, որ ասում էր` ես հենց հիմա դուրս կգամ, զապիսն ունեմ: Ես վատ եմ զգում, որ մարդկանց հետ պայմանավորվածություններ ես ունենում ու բացահայտ, հետո իրենք դա խախտում են: Խախտում են` ճղճիմ, անհարգի ձեւով: Ասում եմ` զապիսներն էլ կան: Մենք իրանց ասում ենք` եկեք գնանք մեկ աղբյուրի գնումները մի հատ նայենք, ասում են` չեմ գալիս, ասում ենք` գնանք, բնական գազի գործող սակագինը հաշվարկելու, շահագործման, պահպանման ծախսերն ըստ հոդվածային մասով նայենք, ասում են` չենք գալիս: 300 միլիարդ դրամի շրջանառություն ունի, մենք էնքան ենք իջել, որ գնացել գտել ենք` Արմավիրում 1,5 կես միլիոնի ծախսերի մեջ բույսեր ու նկարներ են գնել, դա դարձրել են դրոշակ»,- հստակեցրեց Վարդան Այվազյանը` չցանկանալով պատասխանել հարցին, թե իր կարծիքով՝ ո՞րն է ընդդիմադիր պատգամավորների նման կեցվածքի պատճառը:

Նրա փոխարեն հարցին արձագանքեց հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Գարեգին Նուշիկյանը` ասելով. «Մենք հարցին մոտեցել ենք տնտեսական, մասնագիտական առումով, իսկ իրենք հարցին մոտենում են քաղաքական առումով: Դրանք շատ մեծ տարբերություններ ունեն: Իրենք ուղղակի հայտարարություններ են անում: Բայց սա բոլորի համար էլ ցավոտ հարց է, ու մենք հենց այդ տեսանկյունից ենք դրան մոտեցել, բայց երբ դառնում է քաղաքական շահարկման հարց… ի սկզբանե խնդիր չի եղել` ընդդիմադիր, ոչ ընդիդմադիր»: «Մեր վերլուծությունները շատ ավելի լուրջ ու ցավոտ են, քան իրենց ներկայացրած հայտարարությունները»:

Հանձնաժողովի գաղտնի նիստերի մասով մեզ հետ զրույցում հանձնաժողովի մեկ այլ ընդդիմադիր անդամ` ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն ասաց, որ նման բան չի նկատել. «Գաղտնիության բան բացարձակ չեմ նկատել»: Իսկ Վարդան Այվազյանի ասած համատեղ ստուգայցերի մասով էլ ասաց, որ պատգամավորները նման լիազորություն չունեն՝ կարող են գրավոր, բանավոր հարցումներ ուղարկել, փաստաթղթեր ստանալ, անհատական կամ կոլեկտիվ, որեւէ սահմանափակում չի եղել, եւ հանձնաժողովի բոլոր անդամները լիարժեք աշխատելու հնարավորություն ունեցել են:

Հանձնաժողովի եզրակացությունը դատախազություն, հավանաբար, չի ուղարկվի: Վարդան Այվազյանը կարծում է՝ ԱԺ ամբիոնից հայտարարվի, թե դատախազություն ուղարկվի` նույն բանն է:

«Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն էր հրապարակել, որ Վարդան Այվազյանի եղբորը «Գազպրոմ Արմենիայում» նշանակել են գլխավոր մեխանիկ, ու նկատել էր, որ դա «գազի» հանձնաժողովում Վարդան Այվազյանի մատուցած ծառայությունների դիմաց է արվել: «Եթե իմ ախպերն ընդեղ ա աշխատում, ես ներողություն կխնդրեմ»,- ասաց Վարդան Այվազյանը` հավելելով. «Ինչքան գիտեմ՝ ախպորս տեղափոխել են այլ աշխատանքի, ինքն էլ չի ուզում գնա: Ինքը Կենտրոնի կադաստրի պետն ա եղել, էսօրվա դրությամբ տեղափոխել են Հրազդանի կադաստրի պետ, ինքը չի ուզում գնա: Ես գիտեմ, որ իմ ախպերը գազի համակարգում չի աշխատում: Իմ ախպերը 59 տարեկան ա, սովետական ժամանակ գործարանի տնօրեն ա աշխատել, հետո` ջրերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, կադաստրի պետ, հիմա եթե ինչ-որ մի տեղ մեխանիկ են նշանակում, ինձ թվում ա` դա իջեցում ա: Հետո, ՀՀ մի քաղաքացին իրավունք ունի, չէ՞, ինչ-որ մի տեղ աշխատելու: Հետո, էս զեկույցով Այվազյանը որեւէ մեկին որեւէ մի տեղ չի պաշտպանել, ինձ թվում ա: Էն, ինչը որ ընդդիմադիրները ամպագոռգոռ հայտարարել են, հանձնաժողովի եզրակացության մեջ շատ ավելի լուրջ գրած ա»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel ARAMYAN says:

    «Գազի գնագոյացում»-ը ունի շատ մութ կողմեր: Դրա վառ ապացույցն է կեղծ քնարկումները խորհրդարանում: Խորհրդարանը գրեթե ամբողջությամբ տիրապետում է գազի գնագոյացման բոլոր մանրամասներին: Բոլորը գիտեն ինչքան են խաբում ժողովրդին եւ խափած գումարների որ մասը ում գրպանն է մտնում, ինչքան են խաբում չափման մեջ ինչքան որակի մեջ: Չզարմանաք, որ մի օր պարզվի որ մենք 1 խմ-ի համար վճարում ենք ոչ-թե 156 դրամ այլ օրինակ 256 դրամ: Իսկ քննարկումները Խորհրդարանում միայն Ժողովրդի աչքին «թոզ» փչել է, իբրեւ թե հետաքրքրված են խախտումները պարզելու մեջ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930