Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նոր ենթահանձնաժողովը կվնասի՞ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Ապրիլ 23,2015 14:45
evraxorhurd

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել ստեղծել սառեցված հակամարտությունների, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ենթահանձնաժողով:

Aravot.am-ի հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը դա «ոչ հաճելի» փաստ համարեց, բայց միևնույն  ժամանակ նշեց, թե այն հաջողություն չի ունենալու:

Մեր հարցին՝ ԵԽ-ի այս քայլերը, նախկինում նաև որոշումը Ղարաբաղի մասին զեկույց նախապատրաստելու վերաբերյալ, չե՞ն հակասում ԵԽ-ի այն պնդումներին, թե Ղարաբաղյան հակամարտությունն ունի լուծման մեկ ձևաչափ, և դա Մինսկի խումբն է, պարոն Մինասյանը պատասխանեց. «Իհարկե, հակասում է ԵԽ-ի հայտարարություններին, մյուս կողմից դա միակողմանի մոտեցում է և որևէ նպատակի չի հասնելու: Առաջինը, եթե հայկական կողմը չմասնակցի կամ խնդիրներ ունենա այդ ենթահանձնաժողովի հետ, այդ դեպքում նույնպես այդ կառույցը միգուցե չկարողանա լիարժեք աշխատել»:

Sergey-MinasyanՊարոն Մինասյանը հիշեցրեց, որ ժամանակին Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մեվլութ Չավուշօղլուն էր ցանկանում նման կառույց ստեղծել, ինչի աշխատանքներին հայկական կողմը չմասնակցեց ու այդ կառույցը մի քանի տարուց փակվեց: Ուստի այս ենթահանձնաժողովը ևս նույն ճակատագրին է արժանանալու:

Սերգեյ Մինասյանն այս զարգացումները պատճառաբանում է նաև այն հանգամանքով, որ Եվրոպայի խորհուրդը «շատ սպեցիֆիկ կազմակերպություն է և սպեցիֆիկ են նաև նրա ներքո գործող կառույցները: Գիտեք, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի շուրջ բանաձևերում և ինչպես է դա արվում»:

Մեր այն դիտարկմանը՝ այս զարգացումները կապվա՞ծ են այն փաստի հետ, որ Թուրքիան դարձել է ԵԽ-ի խոշորագույն ներդրողներից մեկը, Սերգեյ Մինասյանը դրական արձագանքեց ու հավելեց. «Դրանից բացի այս կառույցում բազմաթիվ հակառուսական տրամադրություններ կան, և ադրբեջանցիներն ու թուրքերը փորձում են դա կապել նաև Հայաստանի հետ՝ օգտագործելով Արևելյան Եվրոպայի որոշ երկրների հայտնի մոտեցումները ՌԴ-ի  հանդեպ»:

Հարցին՝ արդյոք կարո՞ղ է այս ենթահանձնաժողովի գործունեությունը վնասել կարգավորման գործընթացին, այն կարո՞ղ է կարգավորման ձևաչափի փոփոխության պատճառ դառնալ, Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «ԵԽ-ն այս պահին այն ԵԽ-ն չէ, որը մի քանի տարի առաջ էր: Հիմա այն եվրոպական կառույցներում 15-րդ օղակն է և իր նշանակությամբ որևէ ձևով համեմատելի չէ օրինակ՝ Եվրախորհրդարանի հետ»:

Մեր դիտարկմանը՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության թերացումների պատճառ տեսնո՞ւմ է, պարոն Մինասյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ դա մեր թերացման արդյունքն է: Տեխնիկական հարցերում գուցե մերոնք թերանում են, բայց, ընդհանուր առմամբ, պետք է հաշվի առնել նաև այս կառույցի առանձնահատկությունները»:

Հստակեցրինք՝ ենթահանձնաժողովի գոյությունը կվնասի՞ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, կամ դա նշանակում է, որ հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափի փոփոխության փո՞րձ է արվում, քաղաքագետը պատասխանեց. «Հաճելի բան չէ, բայց ոչ ԵԽ-ում,  ոչ էլ այլ կառույցներում տեսանելի ապագայում իրական բանակցային գործընթացը եղած ձևաչափից դուրս բերել հնարավոր չէ, քանի որ երեք համանախագահները դա չեն ցանկանում: Բայց կարծում եմ, որ մոտ ժամանակներս հայկական դիվանագիտությունը կարող է փորձել հակահայկական այդ ազդեցությունները տապալելու քայլեր նախաձեռնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930