Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը բիզնես-ծրագիրը օրենքի անվան տակ է «սղացնում»

Մայիս 08,2015 19:30

Երեկ՝ ամսի 7-ին կառավարության նիստում հավանության արժանացավ  մի օրենքի նախագիծ, որն առաջին հայացքից թվում է թե շատ լավն է, բնապահպանական խնդիր է լուծելու, բայց այն, ըստ էության, մի գործարարի շահերը սպասարկելու նախագիծ է:

Կառավարությունը հավանություն է տվել Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագծին: Եթե օրենքն ընդունվի, ապա պետք է ներդրումային ծրագիր իրականացվի, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի վերամշակում: Միայն ԶՊՄԿ-ի պոչամբարներում եղած մոտ 300 մլն տոննային տարեկան ավելանում է եւս 18-20 մլն տոննա, ինչը բնապահպանական մեծագույն խնդիր է: Ինչպես ներկայացված է կառավարության կայքէջում, «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդիսանում է օրենքի իմաստով ծրագիր իրականացնող, որը մտադիր է կառուցել տարեկան 12.5 միլիոն տոննա արտադրողականությամբ ֆաբրիկա՝ վերամշակելու համար ներկայումս չօգտագործվող այդ լցակույտերը, նախատեսվում է նաեւ կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան, որը նույնպես որպես հումք օգտագործելու է պոչամբարի խյուսը: 1-ին  փուլում ներդրվելու է մոտ 240 միլիոն դոլար, 2-րդ  փուլն ընդգրկելու է 2019-2025 թվականները,  երբ գործարանի հզորությունը հասցվելու է տարեկան մինչեւ 25 միլիոն տոննայի վերամշակման: Նշենք, որ այս օրենքի նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողով:

Aravot.am-ի հետ զրույցում «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանը, որը ծանոթացել է օրենքի նախագծին, ասաց, որ նախագիծն ավելի շատ նման է բիզնես-ծրագրի, քան՝ օրենքի, քանի որ այնտեղ ներդրումային հստակ թվեր են ներկայացված:

«Այս մեծ բիզնես-ծրագիրը պետք է գնահատվի փորձագետների կողմից թե ներդրումների առումով, եւ թե տնտեսական, սոցիալական, եւ բնապահպանական ռիսկերի առումով:  Ընդ որում, նախագծում այնպիսի գնահատականներ են տրված, որը չպիտի օրենքի նախագծով տրվի, այլ կառավարության որոշմամբ եւ  բիզնես-ծրագրով: Այս օրենքի նախագիծը պետք է համապատասխանի այլ օրենքներին, իսկ թե ինչը գնահատել այս նախագծում, անհասկանալի է, քանի որ տրված են հենց այն անձանց վերջնական եզրակցությունները, որոնք էլ կազմել են այս ծրագիրը: Նույնիսկ սահմանումները, որոնք գրվել են նախագծում, օրինակ՝ պոչանքների մասին, հնարավոր է չհամապատասխանեն բնապահպանական այլ օրենքներով նախատեսված սահմանումներին: Վտանգ կա, եթե այս նախագիծը դառնա օրենք, ապա արդեն, երբ բնապահպանական ռիսկերի փորձագիտական գնահատականներ տրվեն, դրանք անտեսվեն, հաշվի չառնվեն, որեւէ նշանակություն չունենան, քանի որ այն արդեն օրենք է, այսինքն` այդ գնահատականները փորձագետների կհավասարվեն զրոյի»,-ասաց տիկին Զառաֆյանը:

Նրա խոսքերով՝ եթե լավ բան են անում, ինչո՞ւ են հենց օրենք ընդունում, թող այն որպես բիզնես-ծրագիր ներկայացնեն բնապահպանական օրենսդրությամբ պահանջվող փորձաքննության, եւ ըստ այդմ գնահատվեն ռիսկերը. «Գուցե, իրոք լավ բան է, ուրեմն թող համապատասխան փորձաքննության ուղարկեն, ոչ թե ասեն՝ օրենքի նախագիծ է, ու ներկայացնեն Ազգային Ժողով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031