Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարը՝ «Լիդիան Արմենիա»-ի  եւ «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը նվեր ստանալու մասին․«Մենք չենք խլում որեւէ բան որեւէ մեկից»

Հունվար 31,2024 15:47

«Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վերլուծություն ենք կատարում, որով սահմանվում է, թե Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի մասնակցություն պետք է ունենա մասնավոր ընկերություններում, որտե՞ղ է ուզում պետությունը մասնակցություն ունենալ, եւ ի՞նչ նպատակ ունի այդ մասնակցությունը»։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով  «Lydian Armenia» եւ «ՄՏՍ Արմենիա» ընկերությունների բաժնետոմսերի ձեռք բերմանը։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին կառավարության նիստում հայտարարվեց, որ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ը նվիրատվությամբ տրամադրվեց ՀՀ կառավարությանը, օրերս էլ հայտարարվեց, որ «ՄՏՍ Հայաստան» -ի բաժնետոմսերի 20%-ը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։

Մինչ այս երկու գործարքը, հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մասնաբաժին էր ստացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Կառավարությունն ի՞նչ հաշվարկ ունի, թե տվյալ ընկերությունում որքան բաժնեմաս պետք է ունենա, եւ արդյո՞ք դա չի վնասի ներդրումային միջավայրը, երբ պետությունը մասնավոր ընկերությունում փայաբաժին է ստանում՝ նվիրատվությամբ։

Այս առնչությամբ նախարարն ասաց, որ նշված ընկերությունները ՀՀ-ի համար ռազմավարական կարեւորություն ունեցող կազմակերպություններ են․ «Կարող  է լինել տրամաբանություն, որ ռազմավարական կարեւորության ընկերություններում պետությունը կարող է ներկայացվածություն ունենալ։ Այլ հարց է, որ նույնիսկ այդ մասնակցությունը չունենալով հանդերձ՝ պետությունը ռազմավարական կարեւորության ընկերությունների նկատմամբ ունի հատուկ կարգավորումներ եւ հատուկ ազդեցություն իրականացնելու հնարավորություն։ Ես կարծում եմ, որ մշակվող այս ռազմավարությունն ընդունելուց հետո կլինի ռազմավարություն՝ դուրս գալու այն ընկերություններից, որոնք չեն համարվի ռազմավարական կարեւորության։ Եթե մենք հանգենք այն եզրակացության, որ մենք պետք է ավելի մեծ մասնակցություն ունենանք այս կամ այն ոլորտում, ապա կարող է քայլեր ձեռնարկվեն ռազմավարական կարեւորության ընկերություններում ավելի մեծ փայ ձեռք բերելու ուղղությամբ»։

Նախարարն ասաց, որ չի կարող պատասխանել հարցին՝ թե ինչ հաշվարկների հիման վրա է պետությունը նշված ընկերություններում մասնակցություն ստացել․ «Քանի որ չկան ռազմավարությամբ ձեւակերպված նպատակներ, այս հարցը դառնում է ճաշակի հարց։ Եթե հանրությունը կամ ներդրողները տեղյակ չեն, թե ինչպես է տեղի ունենում դա, այո, կարող է խնդիրներ առաջանան ներդրումների հետ կապված,  մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի չխաթարենք ներդրումային միջավայրը։ Վստահեցնում եմ՝ պետությունը չի զբաղվում պետական ռեկետով,  չենք խլում որեւէ բան որեւէ մեկից»։

Նա նաեւ նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ի» եւ «ՄՏՍ Հայաստան»-ի արժեթղթերը դեռ չեն հանձնվել Հայաստանի սեփականությանը, դրանք դեռ հայտարարությունների եւ հուշագրերի մակարդակում են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031