Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանդված եկեղեցի եւս

Մայիս 18,2015 10:54

Արցախի Քաշաթաղի շրջանի հարավային Կովսականի քաղաքային համայնքի մեջ է մտնում Դիցմայրի գյուղը՝ փռված Ծավ-Բասուտաջուր գետի ձախակողմյան նեղ հարթության վրա՝ դարավոր սոսիների ու ընկուզենիների պուրակում: Այստեղով գետափնյա հիմնական ճանապարհը ձգվում է դեպի Կապանի Ներքին Հանդ, ապա Սրաշեն, Շիկահող գյուղեր և հասնում Կապան: Իսկ մեկ այլ ճանապարհ Ծավ և Բասուտաջուր գետերի միացման տեղից թեքվում է աջ և բարձրանում անտառապատ ձորակով, հասնում երբեմնի Բրքնի գյուղատեղի:

Սյունիք աշխարհի Կովսական գավառը, որ հետագայում տրոհվեց տարբեր գավառների և գավառակների, գտնվում էր Արաքսի ձախ կողմում՝ Հակարիի և Ողջիի՝ Արաքսին միանալու տարածքում: Կովսական գավառից տրոհված Չավնդուր գավառակը տարածված էր Բասուտաջրի ավազանում: Գավառի շեն ու հայաշատ բնակավայրերից էր Բրքնի գյուղը: Համեմատաբար ապահով դիրքում գտնվող այս և այլ բնակավայրեր, չնայած բազում ասպատակությունների, դարեր շարունակ դիմակայել էին թշնամուն և հասել մինչև 20-րդ դար:

IMG_4674 DSCN5123 DSCN5093 DSCN5054 IMG_4853

Խորհրդային կարգերի հաստատմամբ վճռվեց նաև այս գավառի ճակատագիրը: Կապանի շրջանին շատ մոտ այս տարածքները նույնպես բռնակցվեցին Ադրբեջան հորջորջված նոր հանրապետությանը և տարիների ընթացքում, երբ ստեղծվեց Զանգելանի շրջանը, հիմնովին հայաթափ եղան; Հայոց շեներում բնակություն հաստատած թրքաքրդերը, բնական է՝ անվանափոխեցին տեղանունները, և Բրքնին դարձավ Շատարիս կամ Շաթառուզ:

Գյուղն ընկած է Ծավ գետի ձախակողմյան անտառապատ ձորակներից մեկում՝ ծովի մակերևույթից 900-1000մ. բարձրության վրա: Տարածքով սահմանակից է Կապանի Ներքին Հանդ, Սրաշեն և Շիկաքար գյուղերին, և Արցախյան գոյամարտի տարիներին այստեղից էին թուրքերն ասպատակություն կատարում հայոց բնակավայրերի վրա, հրթիռակոծում ու ռմբակոծում մեր շեները: 1993 թ. աշնանն այս տարածքներն էլ մաքրվեցին թուրքի շնչից:

Այժմ գյուղում ընդամենը 2 ընտանիք է բնակվում. զբաղվում են անասնապահությամբ: Ինչպես հայոց բոլոր բնակավայրերը, Բրքնին նույնպես ժամանակին ուներ իր եկեղեցին ու հանգստարանը: Գյուղից մոտ 300 մ. հյուսիս կանգուն է միջնադարյան բազիլիկ եկեղեցին կիսաքանդ վիճակով:

Առաջին անգամ այս սրբավայր այցելեցի անցած տարի հնագետներ Գագիկ Սարգսյանի և Արտակ Գնունու հետ: Կատարեցինք ուսումնասիրություններ, զրուցեցի Շիկահողից այստեղ տեղափոխված Սենիկ Հարությունյանի հետ, որը տեղեկացրեց, թե իր ծնողները նույնպես այստեղ են ծնվել, սակայն հետո տեղափոխվել Շիկահող: Իսկ Բրքնի-Շատարիսում սկզբում բնակություն են հաստատել թուրք անասնապահները, ապա դարձրել են բնակավայր և ավերել հայոց եկեղեցին ու հանգստարանը:

Մայիսի 16-ին Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր երկիրը» հաղորդաշարի հեղինակ, պատմաբան արդեն ԼՂՀ ԱԺ պատգամավոր (Քաշաթաղի և Շուշիի շրջաններում ընտրված) Լեռնիկ Հովհաննիսյանի և օպերատոր Բենիամին Ղարախանյանի հետ եղանք Բերքնի (Շատարիս-Շաթառուզ) գյուղում՝ Դիցմայրի գյուղի բնակիչ Հովիկ Առաքելյանի ուղեկցությամբ: Չնայած դժվար ճանապարհին, այնուամենայնիվ մեր մեքենան հասավ եկեղեցու մոտ, որտեղ արդեն մոտ 1մ բարձրությամբ խոտ է աճել:

Կոպտատաշ քարով ու կրաշաղախով կառուցված բազիլիկ եկեղեցին իր ոճական առանձնահատկություններով 16-17-րդ դարերի կառույց է: Արտաքին չափերն են՝ 14,5-9,1 մ.: Սուրբ խորանի մասում և արևմտյան կողմում առաստաղը քանդված է; Ավերված վիճակում է նաև Խորանը, որի 2 կողմերում ավանդատներ են: Մուտքը հարավային կողմից է, սակայն չեն պահպանվել անկյունաքարերը և բարավորը, որի վրա հավանաբար արձանագրություն է եղել և վերացվել է թուրքերի կողմից: Արևելյան պատը նույնպես ճաք է տվել, իսկ դրսի կողմից այստեղ ագուցված է հասարակ քանդակով մի խաչքար՝ 2 խաչերով: Նման մի խաչքար ընկած է նույն պատից քիչ հեռու բազմամյա ծառերի տակ, իսկ մի այլ խաչքար գտնվում է հարավային պատի մոտ՝ մուտքից քիչ հեռու:

Սրբավայրը մեծ ավերածության է ենթարկվել նաև գանձագողերի կողմից: Հյուսիս-արևմտյան մասում՝ ներսի կողմից անկյունի տակ բավականին խոր փոս է փորված, որը նաև թուլացրել է պատերի ամրությունը: Հավանաբար նույն նպատակով է քանդվել նաև Սուրբ Խորանը, որտեղ ծառ է աճել: Հարավային և հյուսիսային պատերը ներսի կողմից ունեն 2-ական կամար: Մկրտության ավազանն իր տեղում է՝ Սուրբ խորանի ձախ կողմում:

Մինչ Լ. Հովհաննիսյանն ու Բ. Ղարախանյանը նկարահանումներ էին կատարում, Հ. Առաքելյանի հետ որոշեցինք գտնել եկեղեցու դիմաց՝ մոտ 300 մ. հարավ-արևելք ժամանակին գոյություն ունեցող հանգստարանը, որի մասին անցած տարի տեղեկացրել էր Սենիկը, որն իր հարևան Արտուշ Գրիգորյանի հետ ճանապարհին մեզ է միանում:

Հնադարյան գերեզմանոցում խաչքարերն ու տապանաքարերը պահպանվել են, սակայն շատերը թուրքերի կողմից շրջվել ու ջարդվել են, իսկ հետագայում տարածքը ծածկվել է փշատերև ցաքի թփերով, որոնք էլ դժվարեցնում են մուտքն ու ուսումնասիրությունը: Այնուամենայնիվ, կարողացա լուսանկարել, չափել մի քանի խաչքար, որոնք իրենց ոճական առանձնահատկությամբ 15-18-րդ դարերի են: Աջաջին խաչքարն ունի 70-40-25սմ չափեր: Հետաքրքիր առանձնահատկությամբ է քանդակված 102-54-30 սմ չափերով դեղնավուն մի խաչքար, որի վերին մասը մարդու դեմք է հիշեցնում: Քանդակված միակ խաչի թևերի վերջնամասերը լայնանում են և ծայրամասերն ունեն գլխիկներ: Մեկ այլ քարի վրա մի քանի հասարակ խաչեր են քանդակված, որոնք փակվել են սպիտակ քարաքոսով: (50-52սմ): 80-60 սմ չափերով մեկ այլ քարի վրա մի խաչ կա՝ քարի ողջ մակերեսով: Գրեթե նույն չափերն ունի նույնանման մեկ այլ շիրմաքար, որի խաչը վերին և ներքին մասերում ունի թևեր: Կան քարեր, որոնց վրա մի քանի հասարակ ու փոքր խաչեր են փորված: Ճիշտ է՝ գրեթե անմշակ շիրմաքարերն ունեն պարզ հորինվածք և չունեն արձանագրություն, բայց վկա են, որ այս հողը դարեր շարունակ եղել է հայի օրրան: Շրջված, հողի ու թփերի տակ մնացած շիրմաքարերին հնարավոր է՝ արձանագրություն լինի, բայց ժամանակի սղության և աշխատուժի քիչ լինելու պատճառով չհասցրեցինք ավելի շատ աշխատել; Այստեղի և կանգուն եկեղեցու պատի մոտ դրված ու արևելյան պատի մեջ ագուցված խաչքարերը ոճական նմանություն ունեն և չափերի տարբերությունն էլ մեծ չէ:

Հանգստարանի ուսումնասիրության կարևոր արդյունքը եղավ մեկ այլ եկեղեցու(մատուռի) ավերակի հայտնաբերումը: Հավանաբար, քանդվել է ոչ վաղուց, քանի որ հյուսիսային պատի մեջ պահպանվել է Մկրտության ավազանը: Իսկ եթե ավերակի ներսը մաքրվի թփերից, խոտից ու հողից, կբացվեն մոտ 10-5 մ. չափերով կառույցի նաև Սուրբ խորանի և առհասարակ պատերի ստորին մասերը, կճշտվի հատակագիծը: Ավերակի մեջ նաև մի հաստ ծառ կա, որոն էլ ընդհանրապես խանգարեց լուսանկարել պահպանված մասը:

Մեր աշխատանքն ավարտելով՝ բլրակից իջնում ենք: Գյուղի եզրով անցնող առվակի մոտ՝ դարավոր ընկուզենիների տակ, ավելի մեծ չափերով և լավ մշակված սալաքար կար: Վերադառնում ենք՝ ևս մեկ պատմական հուշարձանի մասին տեղեկություններով և հավաստելով՝ Լեոնիդ Ազգալդյանի խոսքը. «Սա Հայաստան է, և վերջ…»

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031