Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Թադևոսյան. գիտելիքը թանկ ապրանք է, դիպլոմը՝ էժան             

Մայիս 22,2015 17:53

Մասնագիտությամբ ազգագրագետ, սոցիալական մարդաբան, աշխատում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, դասավանդում է «Մշակույթ և քաղաքականություն» առարկան ԵՊՀ-ում:

-Պրն. Թադևոսյան 2013 թվականից հայաստանյան 11 ԲՈՒՀ-երում վարձավճարները թանկացան ավելի քան 50 տոկոսով, մինչդեռ կրթության որակը շարունակում է նույնը մնալ, բովանդակային փոփոխություններ, ըստ էության, չկան: Այս համատեքստում էլ շարունակում են դժգոհությունները բարձրացող վարձավճարների դեմ: Ըստ Ձեզ իրականում կրթության արժեքը մեր երկրում համապատասխանո՞ւմ է որակին:

-Կրթության վճարը Հայաստանում շատ ցածր է, այդ կարգի վճարի դեպքում շատ դժվար է ակնկալել բարձր որակի կրթական արդյունքի ստացում, վերջապես ցանկացած ապրանք ունի իր գինը: Բայց սկսենք նրանից, որ մեր ժողովուրդը խորհրդային շրջանից ժառանգել է մի հատկություն, որ ամեն ինչի համար չէ, որ կարելի է վճարել: Մարդիկ մտածում են, որ առանձնապես մի կարևոր բան չէ վճարել սեփական երեխայի գիտելիքի համար, անգամ հիմա վճարում են շատ մեծ դժկամությամբ: Սակայն, ամբողջ հարցն այն է, արդյո՞ք անհրաժեշտ է, որ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն գիտելիք ստանալ՝ցածր վարձավճարով, մտնեն համալսարան: Այդ քիչ փող տվող ուսանողը հաճախ շատ տարօրինակ հոգեբանական տրամադրվածություն ունի ուսման նկատմամբ: Իհարկե, դա նաև մշակութային ֆենոմեն է: Լինում են դեպքեր, երբ այդ երեխաների ծնողները միջնորդներ են գտնում, որ իրենց երեխան այդ ամբողջ կիսամյակին չսովորի ու ստանա թվանշան։ Հիմա հարց է առաջանում, այդ ծնողը նորմալ մարդ է, թե՞ չէ: Դա շատ նման է, երբ մարդը գնում է շուկա, փողը տալիս է, որ ընկույզ գնի, ու հետո նաև շատ խնդրում է վաճառողին, որ ընկույզը իրեն չտա: Գիտելիքը ապրանք է, որի համար ծնողը վճարում է, որ իր երեխան այն ստանա։ Սակայն Հայաստանում շատերի համար ապրանքը դա ոչ թե գիտելիքն է, այլ` դիպլոմը: Ու քանի դեռ ապրանքը՝ դիպլոմն է, մարդիկ առնում են դիպլոմ, ոչ թե գիտելիք: Գիտելիքը թանկ ապրանք է, իսկ դիպլոմը՝ էժան:

-Այնուհանդերձ բուհերը չեն հրաժարվում չսովորող ուսանողից: Բուհերի բյուջեների 70-80 տոկոսը ձևավորվում է վարձավճարներից, բուհերը կարևորում են ուսանողների քանակը և ոչ թե նրանց որակական բովանդակությունը: Այս դեպքում ինչո՞ւ բուհերը չեն հրաժարվում դիպլոմ գնելու եկած ուսանողից:

– Սա այն հիվանդ շղթան է, որն առաջացնում է շղթայական ռեակցիան։ Ուսանողներից շատերը գալիս են բուհ, որպեսզի դիպլոմ ստանան, ոչ թե գիտելիք։ Իհարկե, կան նաև ուսանողներ ովքեր ուզում են գիտելիք ստանալ: Հայաստանում աշխատանք գտնելը հիմնականում պայմանավորված չէ հենց գիտելիքով: Օրինակ, եթե դուք ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ավարտեք համալսարանը ու մասնագիտական գիտելիք չունենանք, դուք չեք կարողանա համապատասխան մասնագիտական շուկայում իրացվել: Եթե այնտեղ իրավաբանական ավարտողը չի տիրապետում շատ բարձր որակի մասնագիտական գիտելիքի, չի կարող աշխատել, քանի որ շուկան ֆիլտրում է վատ գիտելիք ունեցողին: Հայաստանում ինչպե՞ս է աշխատում շուկան, մենք չունենք շուկա, փոխարենը ունենք ծանոթ, խնամի, բարեկամի կապերը: Բայց, որպեսզի այդ կապերով երիտասարդը աշխատանք ստանա, անհրաժեշտ է, որ նա ձևականորեն ունենա այդ դիպլոմը: Մի մասի համար դա թղթի կտոր է, որ հետագայում «ստատուսի» համար ասեն. մեր աղջիկը, կամ մեր տղան ավարտել է բարձրագույնը: Բայց կա մի հատված էլ, ում անհրաժեշտ է գիտելիքը, ով հետագայում իր ուժերով տեղավորվում է աղքատիկ մասնագիտական պահանջարկ ունեցող մեր շուկայում: Կա ուսանողների մի խումբ էլ, որը կուտակելով գիտելիքների պաշար, ձգտում է գնալ ու կրթություն ստանալ արտերկրում, որից հետո էլ իրացվում են դրսի շուկաներում և այլևս չեն վերադառնում Հայաստան: Մեր համալսարանը արտադրում է այդ կարգի դիպլոմներ ու այդ կարգի ուսանողներ, ինչի պատճառով էլ շատ մեծ գումար չեն պահանջում, այսինքն աշխատում են քանակի վրա ու ոչ թե որակի:

-Եթե վարձավճարները բարձրացվե՞ն, կարծում եք դրանից կրթության որակը կլավանա՞:

– Խնդիրը նրանում է թե մենք ի՞նչն ենք դնում Հայաստանի վարձավճարների ձևավորման հիմքում՝ժողովրդի սոցիալական անմխիթար վիճակը, թե՞ կրթություն տալու, գիտելիք տալու կարևորությունը: Եթե դնում ենք սոցիալական վիճակը, ապա անընդհատ խարխափելու ենք անհաջող, անորակ կրթական իրավիճակում: Սակայն եթե դնում ենք կրթության որակը, ապա իրատեսորեն կգնահատենք ի՞նչ արժե որակյալ կրթությունը, գիտելիքը, ըստ այդմ կսահմանենք իր գինը, որից հետո էլ կհայտարարենք, որ սա է մեր կրթության արժեքը: Դրանից հետո էլ թող պետությունը մտածի ինչպե՞ս անի, որ իր բնակչության համար ապահովի կրթության մատչելիությունը, քանի որ Հայաստանը մի տարօրինակ իրավիճակում էլ է գտնվում, ի տարբերություն եվրոպական երկրների, բարձրագույն կրթության ֆինանսավորումը մեր երկրում հիմնականում ընկնում է հենց ուսանողի վրա: Եվրոպական շատ երկրներում կան մասնակի ուսանողական վճարումներ, իսկ մի մասն էլ պետությունն է վճարում: Կան երկրներ, ինչպես օրինակ Գերմանիան, որտեղ պետությունն է իր վրա վերցնում ֆինանսավորումը։

-Եթե ուսման վարձավճարները բարձրանան չե՞ք կարծում, որ տարեցտարի նվազող ուսանողների թիվը էլ ավելի անկում կապրի, չէ ո՞ր այսօր արդեն մեր բուհերը ունեն ուսանողի խնդիր:

-Դա մի քանի պատճառ ունի ու դրանցից մեկը մեր ժողովրդագրական իրավիճակն է և այն, որ մարդիկ փորձում են այլևս անորակ համալսարան չգնալ: Հիմա, տեսե՛ք, Հայաստանում Ամերիկյան համալսարանը բացել է բակալավրիատ, և իրենց մոտ չունեն ուսանողի խնդիր, չնայած որ իրենց մոտ բակալավրիատը ավելի թանկ է, քան Երևանի պետական համալսարանում, կրկնակի ու եռակի անգամ թանկ է, բայց միևնույն է չունեն ուսանողի խնդիր: Ամերիկյան համալսարանը շատ լավ օրինակ է հենց Հայաստանում աշխատելու, որովհետև իրենք տալիս են որակյալ գիտելիք Հայաստանի մասշտաբով և երկրորդը իրենց տված գիտելիքը որոշակի մրցունակություն է ապահովում նաև Հայաստանի սահմաններից դուրս:

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ նույն մոդելը չի կիրառվում մեր բուհական համակարգում, եթե ունենք արդեն իսկ հաջողված օրինակը:

-Դժվար է ասել, բայց իմ կարծիքով ավանդույթների բացակայության խնդիր կա: Մեր բուհերը կառավարողները չունեն այդ կառավարման ավանդույթը, որն ապահովում է որակյալ կրթություն: Կարծում եմ առաջին հերթին բուհական ռեֆորմները պետք է սկսել կառավարման համակարգերի և բյուջեների կառավարման մեխանիզմների բարեփոխումներից և ամենակարևորը այդ գործընթացները պետք է թափանցիկ ու մասնակցային դառնան, այսինքն` ուսանողները պետք է հասկանան թե ինչպե՞ս են ծախսվելու իրենց վճարած գումարները: Միգուցե այսօրվա պայմաններում այդ վճարած գումարներով հնարավոր է բարձրացնել դասախոսների աշխատավարձերը և պահանջել նրանցից ավելի որակյալ դասախոսություններ: Նայեք, թե ինչ է կատարվում, ուսանողների մի խումբ, որ շահագրգռված է ավելի բարձր որակի գիտելիք ստանալ, պահանջում է դասախոսից բարձր որակի գիտելիք: Որոշ դասախոսներ կարող են դա տալ, որոշները՝ոչ: Նրանք ովքեր կարող են տալ, պետք է աշխատեն իրենց վրա, ուսանողը պահանջում է, որ դու մեկ որակյալ դասախոսություն պատրաստելու համար աշխատես մեկ կամ երկու օր, բայց դա փող արժե: Ես իմ ժամանակն եմ ծախսում, հիմա ինձ մոտ էլ մյուսների նման նույն հարցն է առաջանում. ինչո՞ւ ես պետք է 65 հազար դրամի համար (կես հաստիք) այդքան շատ աշխատեմ: Ես պատրաստվում եմ մեկ լավ դասախոսության վրա մեկ կամ երկու ամբողջական օր, երբ մասնավոր հրավեր եմ ունենում, որի համար ստանում եմ շատ ավելի մեծ գումար, քան իմ մեկ ամսվա դասախոսական աշխատանքի համար համալսարանում: Հարց է առաջանում, ինչու՞ պետք է ես նույն որակի դասախոսություն տամ այդ ուսանողին։ Եթե ռացիոնալ ենք մոտենում խնդրին՝ապա չպետք է տամ, բայց ինձ մոտ կա նաև իռացիոնալ մոտեցում. մտածում եմ, ձգտող ուսանող է, ոնց կարելի է չտալ, բայց տուժում եմ ես, քանի որ կորցնում եմ իմ ժամանակը:

-Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի ռեֆորմները իրենց ազդեցությունը ունենան, խոսքս վերաբերում է Բոլոնյան գործընթացին, որի շրջանակներում էլ իրականացվում են բարեփոխումները:

-Հարկավոր է, որպեսզի համալսարանների կառավարման համակարգերը փոխվեն և ամենակարևորը այդ համակարգերում գտնվող բյուրոկրատիան պետք է լինի երիտասարդ, աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին տեղյակ, լավագույն բուհական համակարգերի կառավարման համակարգերին ծանոթ ու նաև ձգտում ունեցող: Օրինակ, աշխարհի մասշտաբով ԵՊՀ–ն վարկանիշային ցանկով կարծեմ 3000-ից էլ ցածր հորիզոնականում է գտնվում: Ասենք օրինակ, պետք է ունենալ ամբիցիա առաջին 500- ի մեջ՝առաջիկա հինգ տարում:

-Ունե՞նք այդ պոտենցիալը:

-Եթե մարդիկ խնդիր են դնում իրենց առաջ, այդ խնդիրը լուծում են: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանցի ֆուտբոլիստ է, բայց խնդիր դրեց իր առաջ խաղալ եվրոպական ակումբում և հասել է այդ խնդրին: Եթե մեր համալսարանը խնդիր դնի մտնել գոնե առաջին հինգ հարյուր համալսարանների մեջ, ինքը պետք է փորձի հասկանալ, թե այնտեղ տանող ճանապարհը ո՞րն է և, համապատասխան բարեփոխումներ անելով, մոտենա խնդրին:

-Բուհերի կառավարման համակարգում պետության միջամտությունը մե՞ծ է:

-Վերահսկողությունը մեծ է, այսինքն` մեր բուհերը քաղաքականացված են, բոլոր բուհերի խորհուրդների ղեկավարները պետական պաշտոնյաներ են, որոնք կուսակցականներ են, և քաղաքական տարբեր նպատակներով ճնշում են գործադրում բուհերի կառավարման համակարգերի վրա: Իհարկե, խանգարում են։

Չկա նման բան, որ ասենք Հարվարդի համալսարանի խորհրդի նախագահը լինի Բարաք Օբաման, դա աբսուրդ է, եթե նման բան լինի, հենց այդ օրը այդ երկրի ժողովուրդը նախագահի իմպիչմենտ կպահանջի: Այնտեղ ժողովուրդը այլ մոտեցում ունի, իրենք ունեն քաղաքացիական ավանդույթներ, սովոր չեն լռելու արտառոց երևույթների դեմ, ձայն են բարձրացնում, բայց մենք դեռ «սովետական» ժառանգության կրողն ենք:

Գայանե Մկրտչյան

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031