Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտը տարածքով կրկնակի մե՞ծ է ԼՂՀ-ից

Հունիս 06,2015 13:30

«SPACE.am Գրասենյակային տարածքների վարձակալություն Հայաստանում» անվամբ կայք աչքովս ընկավ, որտեղ ՀՀ մարզերից բացի, ներկայացված է նաեւ Արցախը՝ մայրաքաղաք Ստեփանակերտով եւ Շուշիով: Հենց սկզբից ասեմ, որ Ստեփանակերտի վերաբերյալ տեղեկությունները կայքին է տրամադրել Ստեփանակերտի քաղաքապետարանը (էջի ներքեւում նշված է նաեւ քաղաքապետարանի հասցեն, հեռախոսային ու այլ տվյալներ)։

Այդ էջում կարդում ենք. «Ստեփանակերտ, տարածքը՝ 25,700 քառ. կմ, բնակչությունը՝ 5, 094 մարդ»։

Այսինքն՝ 12 հազար քառ. կմ տարածք զբաղեցնող ներկայիս ԼՂՀ-Արցախի մայրաքաղաքի տարածքը ավելի քան երկու անգամ գերազանցում է բուն Արցախի տարածքին ու գրեթե հավասար է Հայաստանի Հանրապետության 29.8 հազար քառ. կմ տարածքին։ Ականջը կանչի Յարոսլավ Հաշեկի, որի հանրահայտ «Շվեյկ»-ում մի պրոֆեսոր փորձում էր ապացուցել, որ երկրագնդի ներսում գոյություն ունի մի գունդ, որը զգալիորեն մեծ է դրսի գնդից։ Ըստ երեւույթին տարածքը բազմապատկել են բնակչության հաշվին, որովհետեւ պարզվում է, որ Ստեփանակերտն ունի ընդամենը 5 094 բնակիչ։ Մինչդեռ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Ստեփանակերտն ուներ 53 454 բնակիչ։
Բայց շարունակենք: «Այն Ղարաբաղյան լեռնաշղթայի արեւելյան լանջին է, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին»,- գրված է կայքում։ Բայց որքան հայտնի է, Կարկառը Վարարակն անվամբ վտակ չունի։

Անցնենք առաջ. «Ստեփանակերտը Արցախի նախագահի նստավայրն է, այնտեղ են Արցախի Ազգային ժողովը, կառավարությունը, բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները, հասարակական, քաղաքական կազմակերպությունները, բազմազան միություններ, հիմնադրամներ»։ «Բազմազան միություններն ու հիմնադրամները» մի կողմ թողնեմ եւ հիշեցնեմ, որ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը գտնվում է Շուշիում։

Գրված է. «Արցախի մշակութային կյանքում մեծ դեր ունի Վ. Փափազյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը, հայկական երգի ու պարի պետական համույթը» եւ այլն։ Իրականում այսօր ոչ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, ոչ էլ երգի ու պարի պետական համույթի անվան մեջ «հայկական» տերմին չկա։ Այլապես կստացվի, որ այստեղ կա նաեւ ադրբեջանական թատրոն եւ երգի-պարի համույթ։
Ըստ վերոհիշյալ կայքի, Ստեփանակերտում կա «հանրակրթական պետական 16 դպրոց եւ 15 մանկապարտեզ»։ Երեւի մի քանի մասնավոր համալսարաններ եւս գումարել են «հանրակրթական պետական դպրոցների» ցանկին, իսկ պետական մանկապարտեզների թիվը՝ մասնավորների հետ միասին, երեւի 5-6-ը լինի։

«Այստեղ գործում են արդյունաբերական 148, շինարարական՝ 126, ծառայություններ մատուցող՝ 324, առեւտուր իրականացնող՝ 882 տնտեսավարող սուբյեկտներ: Ստեփանակերտի թեթեւ արդյունաբերության խոշոր ձեռնարկություններն են կոշիկի ֆաբրիկան, գիներգագործական կոմբինատն ու կարի ֆաբրիկան» եւ այլն։ Ամենայն հավանականությամբ, այս տվյալները վերցվել են 1989 թ. ինչ-որ հրապարակումներից։ Միայն նշենք, որ Ստեփանակերտում «գիներգագործական կոմբինատ» եւ կարի ֆաբրիկա չկա։ Կա միայն կոնյակի գործարան։

Շարունակենք մեր «ուղեւորությունը». «Ստեփանակերտը ավտոճանապարհների կարեւոր հանգույց է: Այստեղից սկսվում են Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս-Ջերմուկ-Երեւան, Ստեփանակերտ-Աղդամ-Եվլախ-Բաքու… ավտոճանապարհները: Ստեփանակերտը երկաթգծով կապված էր Բաքու-Թբիլիսի երկաթուղային մայրուղու Եվլախ կայարանի հետ»։ Հետաքրքիր է՝ «Ստեփանակերտ-Աղդամ-Եվլախ-Բաքու» ավտոճանապարհով ուղեւորներն ուր են գնում… Գոնե լավ է, որ անցյալ ժամանակով են գրել՝ «երկաթգծով կապված էր»։ Այլապես կստացվի, որ գոյություն չունեցող երկաթուղով Ստեփանակերտից կարելի է ուղեւորվել «Բաքու-Թբիլիսի երկաթուղային մայրուղի», ներառյալ՝ Եվլախ կայարանը։

Ավելորդ եմ համարում խոսել մյուս այլ խեղաթյուրումների, ուղղագրական ու այլ սխալների մասին։ Ի դեպ, վերջում Ստեփանակերտի փոխարեն գրել են՝ «Ստեփանավանի քաղաքապետարան»:

Բնականաբար, ես վերոհիշյալ կայքի դեմ ոչինչ չունեմ։ Այս ողջ շիլափլավի հեղինակն ու մեղավորը Ստեփանակերտի քաղաքապետարանն է, որն այս տվյալները տրամադրել է կայքին եւ վերջում ամենայն մանրամասնությամբ գրել. «Ստեփանավանի քաղաքապետարան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ, Նելսոն Ստեփանյան փողոց, 22 շենք, հեռախոս՝ +(374) (47) 94-46-33, էլ.փոստ՝ [email protected]» եւ այլն։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Արցախ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930