Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Տավուշում ռուսական հենակետերի դուրս բերման մասին․ «Սահմանը հանձնվելու է սահմանապահներին․ ՀՀ եւ Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ի վիճակի են լինելու ինքնուրույն իրականացնել սահմանի պահպանությունը»

Ապրիլ 20,2024 14:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի՝ պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ հայտարարությանը, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը Այսինքն, Ադրբեջանին է փոխանցվում, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը։
Լրագրողի հարցին՝ հայտարարության մեջ նշված է, որ որոշակի ժամանակ է տրվում ճանապարհի կառուցման հետ կապված, արդյո՞ք ենթակառուցվածքների շինարարության հարցեր են լուծվելու, կամ հնարավո՞ր է տարածքների փոխանակման հարց լինի, Փաշինյանը պատասխանեց՝ տարածքների փոխանակման հարցը լուրջ հանրաքվեով է լուծվում։

«Ոսկեպարցիների հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝  հաշվի առնելով, որ մենք սահմանի վերարտադրության մասին ենք խոսում, մենք գիտենք՝ որտեղ է անցնում սահմանը, դուք էլ գիտեք, տեղանքը գիտենք, կարո՞ղ է Ոսկեպարի համար սկսենք նոր ճանապարհի կառուցման աշխատանքները։ Ասացին՝ պետք չի։ Ես ասացի լավ, բայց հաշվի առեք՝ ինչու մենք այդ ճանապարհը չկառուցենք այն տարածքով, որը հարյուր տոկոսով վստահ ենք, որ մեր ինքնիշխան տարածքով ենք կառուցում»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ հայտարարության մեջ հիշատակված ժամանակը շինարարության հետ կապ չունի․ «Մենք այս փուլում որոշում ենք կայացրել լուծել խնդիրը։ Մենք ասել ենք ՝ քանի որ պետք է հնարավոր դարձնենք գյուղերում փոխադարձաբար մարդկանց անվտանգ ապրելը, հիմա եկեք մենք անմիջապես գյուղերի հատվածի սահմանը․․․ այն սահմանը, որը մեր գնահատմամբ՝ անվտանգություն է ապահովում՝ դելիմիտացիայի բերումով»։

Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, Փաշինյանն ասաց՝ դա այլ խնդիր է․ «Մեր ակնկալիքն ու ընկալումն այն է, որ մենք խաղաղության ենք գնում, եւ սա խաղաղության գործընթացի համար կարեւոր անկյունաքար է։

Այսօր արդեն Հայաստանը միջազգային ընկալմամբ իր ինքնիշխանության մակարդակով էական փոխվել է։ Երեկ մեծ յոթնյակի երկրները հայտարարություն տարածեցին, որտեղ, ըստ էության, պաշտպանում էին այն սկզբունքը, որը մենք հիմա փորձում ենք կյանքի կոչել»։

Տավուշում ռուսական հենակետերն արդյո՞ք դուրս են բերվելու, այս հարցին ի պատասխան էլ Փաշինյանն ասաց՝  ռուսական հենակետներն այդտեղ հայտնվել են մի իրադրության բերումով, իսկ այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է․«Իրադրության փոփոխությունը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով։ Սա նշանակում է, որ մենք չունենք առաջնագիծ, ունենք  սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով  ի վիճակի են լինելու ինքնուրույն իրականացնել սահմանի պահպանությունը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930