Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերարտադրություն» բառի ծուղակը

Հուլիս 14,2015 10:02

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը շուտով կհրապարակվի, եւ դա եւս մի առիթ կլինի ընդդիմադիրներին՝ խոսելու «վերարտադրության» մասին: Ինքնին այդ խոսակցությունները «վերարտադրություն» են, որովհետեւ թե 1995 եւ թե 2005 թվականներին, այսինքն՝ Սահմանադրությունն ու սահմանադրական փոփոխություններն ընդունելիս, այդ բառը հնչել է: 1995-ին ասվում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է իր համար թագավորական լիազորություններ սահմանել, իսկ 2005-ին՝ որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է երրորդ ժամկետով ընտրվել: Հիմա (միանգամայն լուրջ, առանց հումորի) ասվում է, որ Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ Ազգային ժողովի նախագահ եւ այդպես ղեկավարել երկիրը:

Ոչ նախագահները, ոչ էլ Սահմանադրության տեքստերը, իհարկե, իդեալական չեն եւ չեն էլ լինի: Խոսքն այլ բանի մասին է. եթե ձեռնարկում ես միեւնույն գործողությունները, ապա մի՛ սպասիր, որ կստանաս տարբեր արդյունքներ: Դա դասական ճշմարտություն է, ոսկե կանոն, որը կարող է կիրառվել կենցաղում, բիզնեսում եւ քաղաքականության մեջ: Եթե դու ասում ես, որ Սահմանադրության տեքստը մերժելի է, ընդհանրապես քննարկման առարկա չի կարող լինել, որովհետեւ այս կամ այն ղեկավարը քեզ դուր չի գալիս, ապա դու ընտրողներին, քաղաքացիներին տրամադրում ես անտարբերության, ապատիայի, նիհիլիզմի՝ «էլի մեր գլխին ուզում են մի բան սարքեն»: Եվ մարդիկ տրամադրվում են ոչ թե պայքարելու ու «ոչ» ասելու, ինչպես որ ակնկալում է ընդդիմությունը, այլ ճիշտ հակառակը՝ ընդհանրապես հանրաքվեին չմասնակցելու: Իսկ իշխանություններին, ինչպես հասկանում եք, հենց դա էլ պետք է:

Ընդհանրապես անվստահությունը, որն իշխանությունը, ընդդիմությունը եւ, խոստովանենք, մենք՝ լրատվամիջոցներս, 25 տարի սերմանում ենք հասարակության մեջ, երկսայրի զենք է: Երբ մենք ասում ենք՝ մի՛ հավատացեք ոչ մեկին՝ բացի ինձնից, ապա տրամաբանական հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ մենք պետք է հավատանք հատկապես քեզ, ինչո՞վ ես դու մնացածներից լավը: Դրա համար արժե առաջ քաշել ոչ թե անձերի, այլ գաղափարների խնդիր՝ գաղափարներ, որոնց պետք է հավատալ կամ չհավատալ:
Ես, օրինակ, դեմ եմ ներկայիս Հայաստանում խորհրդարանական համակարգի գաղափարին, որովհետեւ այն ենթադրում է կուսակցությունների, ընտրական համակարգի եւ քաղաքացիական հասարակության հասունության որոշակի աստիճան: Հիմա անկեղծորեն ասեք՝ ո՞ր կուսակցությունն է Հայաստանում կուսակցության նման, ո՞ր քվեարկությունն է այս ծանր սոցիալական պայմաններում գերապատվություն տալու այս կամ այն քաղաքական գաղափարախոսությանը: Քաղաքացիական հասարակության առումով մենք, այո, վերջին տարիներին առաջ ենք գնացել, բայց դա առայժմ բավարար չէ՝ չնայած դրա հետ կարելի է որոշակի հույսեր կապել:

Ինչ մնում է վերարտադրությանը, ապա պարզ է, որ իշխանությունը, ինչպես եւ ամբողջ աշխարհում, ուզում է վերարտադրվել, իսկ ընդդիմությունը՝ գրավել նրա տեղը: Բայց սահմանադրական փոփոխությունների հետ դա կապ չունի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    իսկ ինչո՞ւ մենք պետք է հավատանք հատկապես քեզ

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/07/14/592665/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    մանավանդ մամուլին, ու առավել ևս – մանավանդ Արամ Աբրահամյանին 😀

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031