Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ աշխատակից. «Մինչև 2025թ. Հայաստանում բոլոր դպրոցները պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն»

Օգոստոս 26,2015 15:05

Ներառականության գաղափարախոսությունն այն մասին է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից, զարգացման խնդիրներ ունի, թե ոչ, պետք է իրեն հարմարավետ եւ կարևորված զգա ուսումնական միջավայրում, եւ դպրոցը պետք է կարողանա յուրաքանչյուր երեխայի կարիքների մասին հոգ տանի: Այս կարծիքը այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանն, ասաց ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:

«Շեշտադրումները, որ մենք կատարում ենք հաշմանդամություն կամ կրթության առանձնահատկություն ունեցող երեխաների վրա, մենք նորից առանձնացնում ենք իրենց»,- մասնավորապես ասաց Անահիտ Մուրադյանը:

Anahit Muradyan

Մասնագետը նշեց, որ նոր օրենքի տրամաբանությամբ չկա ներառական դպրոց գաղափարը: «Նոր օրենքի հիմնական մեխը համընդհանուր ներառման գաղափարախոսությունն է: Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները մինչեւ 2025 թվականը պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն օրենքի պահանջներով: Այսինքն` ոչ թե միայն ընդունեն երեխային, այլ նաեւ կարողանան համարժեք արձագանք տան յուրաքանչյուր երեխայի կարիքներին»:

Susanna Tadevosyan

Քննարկմանը ներկա «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Թադեւոսյանն ասաց, որ մինչեւ 2025 թվականը, որպեսզի Հայաստանն իրավ հայտարարի, որ ամբողջ կրթության համակարգը ներառական է, այդ ճանապարհին շատ խնդիրներ եւ խոչընդոտներ կան հաղթահարելու: «Մեծագույն խնդիրը մնում է վերաբերմունքը երեխայի կարողությունների եւ հնարավորությունների նկատմամբ»:

Larisa Movsesyan

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվ. N 20 դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մովսեսյանը նշեց, որ ամենակարեւորը դպրոցում սկզբից ներառական գաղափարը ստեղծելն է, ապա գնալ դեպի ներառական հասարակություն. «Այսինքն, եթե դուք կարողանում եք Ձեր դպրոցում ստեղծել այդ մինի հասարակությունը ներառական, արդեն մեխանիկորեն այդ երեխաները ավարտում են, նրանք մեծացել են այդ գաղափարախոսության մեջ եւ նրանք բնազդաբար են ստեղծում հասարակությունը, որին մենք ձգտում ենք»:

Astghik Galstyan

Քննարկմանը Skype-ով միացած Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 2 հիմնական դպրոցի ներառական կրթության սոցիալական մանկավարժ Աստղիկ Գալստյանն էլ ասաց, որ իրենց շատ են խանգարում կարծրատիպերը. ծնողները երբեմն ամաչում են իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին դուրս բերել փողոց: «Քիչ-քիչ այդ կարծրատիպերը ոնց որ կոտրվում են: Մի քիչ տարիքով ուսուցիչների հետ է աշխատելը դժվար: Նրանք այլ մոտեցում են ցուցաբերում՝ համեմատած երիտասարդ ուսուցիչների հետ: Բայց այդ ամեն ինչը ժամանակի հարց է»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31