Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանը`ցածր ռադիոակտիվությամբ ուրան մատակարարող բանկ

Օգոստոս 27,2015 12:51

1949-89 թվականներին Ղազախստանում է գտնվել իր մեծությամբ չորրորդ միջուկային բազան`Սեմիտալատինսկի, որտեղ մեկ անգամ պայթյուն էլ է եղել: 1991-ին, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի հրամանագրով բազան փակվեց, թեպետ մեծ դիմադրության արժանացավ ԽՍՀՄ ղեկավարության կողմից: Մինչ այդ արդեն Ղազախստանը մեծ ջանքեր էր գործադրել միջուկային զենքի զինաթափման, չտարածման համար`միանալով միջազգային պայքարին: Այսօր այդ մասին մանրամասն պատմեց ՀՀ-ում Ղազախստանի հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Խասենոը`ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպած «Զինաթափման եւ միջուկային զենքի չտարածման ճանապարհին» թեմայով գիտաժողովի ժամանակ:

Նազարբաեւ համալսարանի բարձրագույն կրթության դպրոցի ավագ գիտաշխատող, միջազգային փորձագետ Դաուրեն Աբենն իր ելույթում նկատեց, որ եթե այդ բազան գոյություն ունենար, ապա այժմ այն իր մեծությամբ աշխարհում երրորդը կլիներ: 1949-89 թվականներին, Ղազախստանի տարբեր հատվածներում 456 փորձարկում է իրականացվել ու տեղի բնակչությունը սեփական մաշկի վրա է զգացել այդ ամենի արդյունքները, որոնք մինչ օրս են դրսեւորվում: Փորձագետը բավական մանրամասն պատմեց Ղազախստանի`խորհրդային միջուկային «ժառանգության» մասին: ԽՍՀՄ միջուկային ծրագրերում Ղազախստանը էական դերակատարում է ունեցել. Ղազախստանում ուրան էր արտահանվում եւ փորձարկվում նաեւ ռազմական նշանակության համար:

Ըստ բանախոսի, այժմ էլ Կենտրոնական Ասիայի երկրների առջեւ կանգնած հիմնական խնդիրը ռադիոակտիվ ուրանի չեզոքացումն է: 2014-ին Ղազախստանը բավականաչափ ուրան է արտահանել եւ իր առջեւ ամբիցիոզ ծրագրեր է դրել`ատոմային էներգետիկայի զարգացման առումով: Միջուկային նյութերի անվտանգության առումով Ղազախստանը 15-րդ տեղում է 25 երկրների մեջ:

Stepan_Grigoryan_2

Օգոստոսի 29-ին կնշվի միջուկային փորձարկումների դեմ օրը, որը Ղազախստանի նախաձեռնությունն է: Դաուրեն Աբենն իր խոսքում ներկայացրեց Ղազախստանի` միջուկային զինաթափման եւ միջուկային զենքի չտարածման առումով նախաձեռնությունների մասին, ասաց, որ ծրագրեր են իրականացվում նախկին միջուկային փորձարկումների տարածքները գյուղատնտեսական օգտագործման համար արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Նա կարեւորեց «Ատոմ» ծրագիրը, որը 2012-ին է մեկնարկել, Նորսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է օգնել միջուկային զենքի գործածումից տուժածներին եւ պայքարել միջուկային զենքի զինաթափման ու տարածման դեմ: Իբրեւ միջուկային զենքից տուժած պետություն, փորձագետը գտնում է, որ Ղազախստանը բարոյական իրավունք վաստակել է իրավունքը նաեւ գլխավորել այդ շարժումը:

Ի դեպ, սույն թվականի հունիսի 11-ին, ՄԱԳԱՏԵ-ն միաձայն վավերացրել է իր անդամ պետություններին ցածր ռադիոակտիվությամբ ուրանի մատակարարման ծրագիրը: Իբրեւ բանկ-երկիր ընտրված է Ղազախստանը: Ծրագրի նպատակն է`խաղաղ նպատակներով ուրան գործածող երկրներին պաշտպանել քաղաքական ենթատեքստերով ուրանի մատակարարումից զրկելուց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31