Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ադրբեջանից ապաստան հայցած հայ ակտիվիստի նպատակը Բելգիա կամ Հոլանդիա հասնե՞լն է

Սեպտեմբեր 21,2015 17:01

Aravot.am-ի հետ զրույցում լրագրող Արման Սուլեյմանյանը որոշ մանրամասներ է ներկայացնում Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի մտադրություններից:

Մինչ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջանի սահմանը հատելը՝ Արման Սուլեյմանյանը 10 օր առաջ հանդիպել էր նրան: Այդ հանդիպման մասին Արման Սուլեյմանյանը պատմեց. «Ես կասկածամտություն հայտնեցի, ինչին ի պատասխան ինքն ասաց, որ ընդամենը իրեն պետք է սահմանը անցնել, մնացածը կլինի: Նա ցույց տվեց իր նոր՝ չիփով անձնագիրը, քանի որ վերջին երկու տարին ինքն անձնագիր չի ունեցել: Ասաց, որ իրեն մնում է միայն այդ օրը ժամը չորսին գնալ կնոջ, երեխայի անձնագիրը վերցնել ու առաջ»:

Arman-Suleymanyan

Արման Սուլեյմանյանը պատմեց, որ Վահանի հետ ինքը ծանոթ է արդեն երկու տարի. «Առաջին անգամ ԿԳՆ-ում եմ տեսել ուսանողների հարցով, երբ իր խառը պայքարները սկսեց: Հետո գնացինք Վրաստան, սուրճ եփելու հետ կապված հայտնի ռեպորտաժի համար, գիտնականներից սարքավորումներ վերցրինք ու գնացինք»:

Հանդիպման ընթացքում Վահանը հիշել է նաև իրենց այցելությունը Վրաստան, Ստեփանավանի «հոգնած» անցակետը ու հարցրել՝ այդտեղով կարո՞ղ է սահմանն անցնել: Արմանը պատասխանել է, թե դժվար, քանի որ քննիչների հսկողության տակ է: Արման Սուլեյմանյանի փոխանցմամբ՝ Վահան Մարտիրոսյանն այդ խոսակցության ընթացքում անընդհատ ինչ-որ զանգեր էր ստանում, փորձում մարդ գտնել, որը կերաշխավորեր անցնել սահմանը, քանի որ մտավախություն ուներ: Արման Սուլեյմանյանն այդպես էլ չի իմացել՝ նրան տվե՞լ են այդ երաշխիքը, թե՝ ոչ: Արմանը պատմեց. «Ես իրեն ասացի, մի գնա, մնա, խելք-խելքի տանք, տեսնենք՝ ինչ ենք անում, ինքն առաջ քաշեց այդ կորցրած երեխայի տարբերակը: Ինքը շատ նյարդային էր, ձեռքերը դողում էին, ասաց, որ չի դիմանում այդ ճնշումներին ու հարցաքննություններին: Ինքն Ադրբեջանի անուն չէր տվել: Կոպիտ ասած, եթե նման բան իմանայի, ես նրան կհանձնեի: Նա գնում էր «նա ռիսկ»: Ինքը վստահ չէր, հակառակ դեպքում սահմանակետի փոփոխություն չէր անի»:

Արման Սուլեյմանյանը փոխանցեց, թե հասկացել է այն, որ Վահան Մարտիրոսյանը «Ադրբեջանի այդ տրյուկն անում է, որ հարյուր տոկոս երաշխիք ունենա, որ քաղաքական հալածյալ է, 100 տոկոս Եվրոպա գնալու հիմքեր ու միջոց ստանա»:

Հարցրինք՝ հնարավո՞ր է նրան ուղղորդում էին Ադրբեջանի հատուկ ծառայությունները, լրագրողը պատասխանեց. «Չէ, ինքն ասում էր, որ այնքան էր թեման բարդացել, որ նույնիսկ Ադրբեջանում են այդ մասին գրում»:

Մեր դիտարկմանը՝ բոլորը Վահան Մարտիրոսյանին դավաճան են համարում, այնուամենայնիվ, նրա արարքը որևէ արդարացում ունի՞, Արման Սուլեյմանյանը պատասխանեց. «Գաջեգործների փողոցում, եթե խոսեք նրա հարևանների հետ, վախեցած, առանց նրա անունը հրապարակելու շատերը կասեն, որ իրեն ծեծել են Սեդրակյանի թիկնապահները: Իմ կարճ խելքով՝ նրան ուղղակի ասել են, որ դու համը հանել ես, պատասխան ես տալու Մհերի առաջ՝ ի՜նչ քննիչ, ի՜նչ ոստիկանություն: Ինքն էլ ահաբեկվել է ու ամենախելացի բանը չի արել իր կյանքում: Բայց, երբ օրենքը չի գործում և պաշտպանվածություն չկա, միգուցե ելքը այդպես է տեսել, քանի որ զգացել է, որ քննչական մարմինները առանձնապես գլուխ չեն դնելու այդ ամենի մեջ, և շատ լավ գիտեք, որ ոստիկանությունը գնացել է խարդավանքների. հեռախոսազրույց են հրապարակել՝ իբր մարդ ու կին իրար ծեծել են, ինչը գցում են Մհերի վրա: Ջրիկ-ղզիկ բաներ են արել, փոխանակ քննություն անեն ու պարզեն հետևյալը. կամ Վահանը զազրախոսում է, և իրեն պիտի կալանավորել պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, կամ միջոցներ ձեռնարկել, որ ինքը զգար՝ պաշտպանված է»:

Մեր այն դիտարկմանը՝ շատերին են ծեծում ու ահաբեկում, բայց մի՞թե լուծումը դա է, Արման Սուլեյմանյանն արձագանքեց. «Ես էլ իրեն նույն բանն ասացի: Ասացի՝ ոչ առաջինն ես, ոչ վերջինը, մնա խելք խելքի տանք ու գլուխ հանենք: Այդ ժամանակ գողացված փողի տարբերակի մասին ասաց, թե այդ կնոջը ոստիկանությունում են վախեցրել, որ ասի, թե իր տնից գողություն են արել: Ես ասացի, եթե գնաս, ավտոմատ կերպով մեղավոր ես դառնում: Բայց չլսեց: Ընդհանրապես նա մեր՝ Վրաստան գնալուց հետո հոգեբանորեն շարքից դուրս եկավ, ինչքան խնդրում էր լուսաբանել, չէի լուսաբանում, համ փաստերն էին քիչ, համ խեղաթյուրում էր: Բայց ինքը հակում ուներ փաստերն աղավաղելու: Օրինակ՝ Վրաստանում, երբ մենք արդեն ջուրը եռացնում էինք, ասաց՝ արի մի քիչ քիչ լցնենք ջուրը, ես ասացի, թե եկել-հասել ենք, հասկանանք՝ որակը ո՞րն է լավը: Նա ունի նաև փիառի հիվանդություն, կամ ողջ կյանքում չի աշխատել, ուստի հարց էր բոլորիս մոտ առաջանում՝ ինչո՞վ է ապրում: Կասկածելի բաներ, հոգեբանական խառը-խշտիկ պահվածք ուներ, բայց միևնույն է՝ ոչ ոք բռնության արժանի չէ, կարելի էր ամեն ինչին նորմալ լուծել ու պետությանը վնաս չհասցնել, բայց քուչայական մակարդակով գնաց ամեն ինչ»:

Արման Սուլեյմանյանը ենթադրում է, որ հավանաբար Վրաստանում են Վահանին դրդել այդ քայլին. «Վրաստանում երևի թե պարզ է դարձել, որ եթե ուզում ես Եվրոպա գնալ, տուր Ադրբեջանին այն, ինչ պետք է, հետո քեզ կապահովեն: Ինքը Ադրբեջանում մեծ հաշվով ձեռք բերեց քաղաքական հալածյալի կերպարը, որը բավարար ճանապարհ է, որ իր առաջ բացվեն դեպի Եվրոպա ճանապարհները: Բաքուն փոխադրամիջոց էր: Տեքստից էլ երևում էր, որ համաձայնեցված է, որ նման ապուշություններ ասի, որ երաշխավորեն նրան, որ գնա Հոլանդիա կամ Բելգիա»: Արման Սուլեյմանյանն ասաց, որ Վահան Մարտիրոսյանը իրեն որպես լրագրող շատ էր վստահում, ուստի եթե ուզենա շտկել իրավիճակը, անպայման կապ կհաստատի: Արմանը գրել է նրան, սակայն դեռ լուր չկա:

Մեզ հետ զրույցում Արման Սուլեյմանյանը եզրափակեց, եթե Վահան Մարտիրոսյանը կապ հաստատի իր հետ, առաջին հարցը լինելու է այն, որ ինքն ասում էր, թե Վրաստանում Ավստրիայի դեսպանատունը իր առաջ դուռ էր բացելու, և իր առաջին ասուլիսը լինելու էր հենց այնտեղից, ուստի ինչպե՞ս եղավ, որ այդ ասուլիսը տեղի ունեցավ Բաքվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    դավաճանին սատկացնել ա պետք; Պետական մակարդակով դատել ու սատկացնել;

  2. hovakim says:

    Բելգիաում հայությունը ատամները սրած սպասում է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930