Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս Հիտլերի օրոք հայերը խուսափեցին ցեղասպանությունից

Հունվար 27,2016 17:40

Հայտնի է, որ Ադոլֆ Հիտլերը ժամանակին հայերին դասել է հրեական ծագում ունեցող ժողովուրդների շարքը, հետեւաբար՝ հայերը եւս հրեաների պես ենթակա էին ոչնչացման։ Սակայն դա տեղի չունեցավ՝ շնորհիվ մի խումբ հայ եւ օտարազգի գիտնականների աշխատանքի:

Aravot.am-ը պատմաբան, ցեղասպանագետ Աշոտ Հայրունուն խնդրեց մանրամասնել, թե ինչպե՞ս ժամանակին ֆաշիստական Գերմանիայի կողմից գրավված երկրներում բնակվող հայերը խուսափեցին բնաջնջվելուց:

«1932 թվականից Գերմանիայում քարոզվեց, որ հայերը եւս հրեաներ են: Հակահայկական այդ քարոզչության հեղինակները հիմնականում թուրքեր էին եւ նրանց կողմնակից, բայց բանից անտեղյակ մարդիկ: Հիմնավորումներն անմիտ էին, օրինակ, որ հայերը հրեաներ են, որովհետեւ պատմության ընթացքում նրանց պես տառապել են: Ուրախությամբ ասեմ, որ այդ ժամանակ Գերմանիայում կային գիտակից գործիչներ, ի դեմս Յոհաննես Լեփսիուսի, որոնք հայ ժողովրդի բարեկամներն էին: Նրանք վճռականորեն հանդես եկան այդ տեսակետի դեմ՝ հիմնավորելով, որ հայերը ոչ միայն հրեաներ չեն, այլեւ արիներ են՝ արիական ծագման ժողովուրդ, այդ պատճառով էլ գերմանացիները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հայերին: Այս ամենի շնորհիվ հակահայկական քարոզչությունը դադարեց, իսկ Գերմանիայի Ներքին գործերի նախարարի հատուկ դեկրետով հայերը դասվեցին արիական ժողովուրդների շարքը: Դեկրետն ուժի մեջ մնաց մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը»,-պատմեց Աշոտ Հայրունին:

Նա նշեց, որ 1934թ. հրատարակվեց «Հայկականությունը եւ արիականությունը» խորագրով 10 հոդվածից բաղկացած ժողովածուն, որն էլ վերոհիշյալ դեկրետի հիմքը հանդիսացավ: Հոդվածներից յուրաքանչյուրը պատմական, էթնիկ, մշակութային, գիտական եւ այլ տեսանկյուններից փաստում էր, որ հայերն արիական ծագում ունեն: Հեղինակներից մեկը նկատել է, որ եթե հայերն արիացիներ չեն, ուրեմն արիացիներ չպետք է լինեն նաեւ իտալացիները…

Աշոտ Հայրունու խոսքով՝ եթե նշյալ ժողովածուն չկազմվեր եւ հայերը նույնացվեին հրեաների հետ, նրանց եւս Հոլոքոստ էր սպասվում. «Այս հարցում հայորդիներից առավելագույն ներդրում ունեցան Մանուկ Աբեղյանի եղբորորդին՝ պատմաբան, մշակութաբան Արտաշես Աբեղյանը, նաեւ Լեփսիուսի հիմնադրած դպրոցի ներկայացուցիչ-գերմանացիները»:

Մեր զրուցակցից նաեւ հետաքրքրվեցինք, թե նման ժողովածուի առկայության դեպքում ինչո՞ւ են ժամանակակից որոշ հեղինակներ պնդում, թե հայերն իրենց իսկ բնօրրանում եկվորներ են: «Պատմագիտական տեսակետները երբեմն քաղաքականացվում են: Փորձեր են արվում դրանք ծառայեցնել քաղաքական շահերին: Ձեր նշածից ավելի անմիտ տեսակետներ էլ կան, որոնք նպատակ ունեն ոչ թե ստույգ եզրահանգումներ տալու, այլ քաղաքական որոշակի շահերին ծառայելու: Կարծում եմ՝ նման տեսակետին պետք չէ լուրջ մոտենալ»,-ասաց Աշոտ Հայրունին:

Հիշեցնենք, որ այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: 1945թ. հունվարի 27-ին Խորհրդային բանակն ազատագրել է Աուշվից-Բիրկենաուի (Օսվենցիմի) նացիստական համակենտրոնացման ճամբարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031