Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում ավելի ընկալելի է ՀՀ ԱԳՆ-ի, ՊՆ-ի խոսքը, իսկ Արցախը դեռ խնդիր ունի». Սամվել Մարտիրոսյան

Ապրիլ 04,2016 16:46

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս զգուշանալ սոցցանցերում անծանոթների հետ երկխոսության մեջ մտնելուց, քանի որ ադրբեջանական գաղտնի ծառայությունները հաճախ ներկայանում են իբրև հայեր, որոնց ամուսինը, եղբայրը կամ որդին ծառայում է բանակում: Այդպիսի օրինակ երկու օր առաջ՝ ապրիլի 2-ին ունեցանք:

«Փորձում են ճշտել իրավիճակը Հայաստանում և Արցախում, հասկանալ՝ արդյոք խուճապ կա, թե ոչ: Շատ դեպքերում ներկայանում են որպես այս պահին ճակատում գտնվող զինվորի կին, բայց, զարմանալիորեն, կարող են ժամերով սառնասրտորեն զրուցել: Կարող են հետաքրքրվել՝ տեխնիկայի շարժ կա-չկա, որ ուղղությամբ և այլն:

Զինվորի ծանոթ, ընկեր, բարեկամ ներկայանալով էլ փորձում են խուճապ ստեղծել՝ «տեղեկացնելով», որ իբրև նահանջել ենք, գյուղեր ենք հանձնել…»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է սոցցանցերում տարածվող տեղեկատվությանը, բանախոսի գնահատմամբ, ադրբեջանցիների շրջանում այն բավական խուճապային է: Իսկ հայկական կողմը շահեկան վիճակում է:

Տեղեկատվական անվտանգության փորձագետի դիտարկմամբ՝ մենք էլ խնդիրներ ունենք: Օրինակ` այն, որ հաճախ ստիպված ենք լինում ներկայանալ երկու դեմքով՝ Արցախ և Հայաստան, նույն կերպ նաև՝ Պաշտպանության բանակ և Պաշտպանության նախարարություն. «Միջազգային շատ լրատվամիջոցներ Արցախը, (Պաշտպանության բանակը) չեն ընկալում որպես պաշտոնական աղբյուր: Այդ պատճառով սպասում են պաշտպանության նախարարության հայտարարություններին:

Շատ դեպքերում մեզ թվում է՝ տեղեկատվական հոսքը լցնում ենք, բայց միջազգային մամուլում կարող ենք տեսնել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարություններն են առաջինը հայտնվում: Կարծում եմ, որ այստեղ վերանայելու հարց կա: Աշխարհում ավելի ընկալելի է ՀՀ արտգործնախարարության, Պաշտպանության նախարարության խոսքը, իսկ Արցախը դեռ խնդիր ունի: Պետք է աշխատել, որ Արցախի ձայնը ճանաչված լինի»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930