Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչներին՝ Հակոբ Տեր Խաչատուրյանին (Կանադա),Կարին Հարությունյանին (Կանադա-Հայաստան), Սթիվ Տետեյանին (Արևմտյան Ամերիկա), Վաչե Շամլյանին (Կանադա), Վահե Թորոսյանին (Իրան), Վերա Յագուպյանին (Լիբանան):
Ողջունելով հյուրերին՝ Հ. Հակոբյանը մեծապես արժևորեց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների հայանպաստ գործունեությունը և մասնավորապես՝այս անհանգիստ և տագնապալի օրերին Հայրենիքի հետ լինելու և օժանդակելու պատրաստակամությունը: Նա մասնավորապես նշեց, «Վստահ եմ, որ ԼՂՀ կարգաւորման խնդիրը ևս համահայկական մեծ ավանդ ունեցող կառույցի ամենօրյա հոգածության առարկա է և այս օրերին չէր կարող Արցախում չլինել: Համոզված եմ որ ձեր ներկայութիւնը ոգևորող էր»:
Խոսելով օրերս Արցախում տեղի ունեցած Հայ դատի հանձնախմբերի համաժողովի մասին՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց նախարարին, և հավելեց. «Մենք էլ ոչ միայն ոգևորվեցինք, այլև 60 մասնակիցներս լիցքավորված վերադարձանք Երևան: Կարծում եմ, որ ժողովն Արցախում անցկացնելը կարևոր էր»:
ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները նախարարին պատմեցին Արցախից ստացած իրենց տպավորությունների մասին:
Կարդացեք նաև
Քննարկեցին Արցախի ներկա իրավիճակը եւ դրա հետ կապված խնդիրներն ու անելիքները:
Խոսվեց Հայաստանում և Կանադայում հաստատված սիրիահայերի խնդիրների մասին, եւ ճշտվեցին աջակցություն ցուցաբերելու հարցերը:

Հավատարիմ իր սկզբունքներին` Հայ դատն առաջիններից էր, որ արձագանքեց ԼՂՀ ողջ սահմանով սանձազերծված Ադրբեջանի սադրիչ հարձակումներին և ժամեր անց հանդես եկավ հայտարարություններով և կոչերով` դատապարտելով ադրբեջանական ոտնձգությունները, ինչպես նաև կազմակերպեց բողոքի ցույցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



















































