Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժան պայքար՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար. ոտքի են կանգնել բազմաթիվ կուսակցություններ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 09,2016 20:55

«Սիվիլիթաս» հիմնադրամն այսօր Գյումրիում Շվեդիայի դեսպանատան օժանդակությամբ հանրային քննարկում էր կազմակերպել «Գյումրին նոր ընտրակարգով ընտրություններից առաջ» թեմայով: Հիշեցնենք, որ Գյումրիում ու Վանաձորում ընտրություններն անցկացվելու են նոր՝ համամասնական կարգով: Քննարկմանը մասնակցում էին գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:

IMG_3322

Բանախոսները 5-ին էին՝ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Առաքելյանը, «ԳԱԼԱ» կուսակցության  ներկայացուցիչ Քրիստինե Մկրտչյանը, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, քաղաքացիական հասարակությունից իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Համբարձումյանը, քննարկումը վարում էր Դերենիկ Մալխասյանը:

IMG_3301 IMG_3307

Առաջին խոսքը տրվեց իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանին, Դերենիկ Մալխասյանը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փոփոխություններ կբերի նոր ընտրակարգը, արդյո՞ք տեղի կունենա գաղափարական, մրցակցային ընտրապայքար: Իրավապաշտպանն իր խոսքը սկսեց մի օրինակ մեջբերելով. «Մի քանի օր առաջ ես մտել էի «Հանրապետական» կուսակցության գրասենյակի հարեւանությամբ գտնվող շինարարական խանութ: Ինչ-որ փոքր բան պիտի առնեի, վաճառողն ասաց՝ գրասենյակի համար եք առնո՞ւմ: Շատ հետաքրքիր էր, գրասենյակում կյանքն աշխուժանում է ընտրություններից մի քանի ամիս առաջ, իսկ մնացած ժամանակ կարելի է տեսնել, թե տարին ձյան շերտն ինչքան էր, ինչքան ձյուն էր եկել կամ ամառը մոլախոտ ինչքան կարող է աճել»:

-Մարտիրոսյան

Նոր «Ընտրական օրենսգրքի» հետ կապված էլ Սեյրան Մարտիրոսյանն ասաց՝ այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում բոլորը հրաշալի տիրապետում են անգլերենին եւ սեփական ժողովրդից առավել կարեւոր են դրսի ինչ-որ կառույցներ, որոնց ուղարկվում է նախագիծը: Իսկ հայ հասարակությունը մարտի 2-ին նոր միայն կարող էր տեղյակ լինել, թե ինչի մասին է խոսքը: Սեյրան Մարտիրոսյանը Գյումրիում նոր ընտրակարգի կիրառման հետ առանձնապես հույսեր չի կապում: Ըստ նրա, միգուցե ընդդիմադիր նոր ուժերը կարողանան ինչ-որ փոփոխություններ անել, սակայն չպետք է մոռանալ, որ Հայաստանը միայն Գյումրիով չի սահմանափակվում: «Հայաստանը 13 ընտրական տարածքների է բաժանվել՝ մեկ ընտրատարածքով, սա ֆեոդալացման նոր դրսեւորում է, որպեսզի առավելագույնս վերահսկելի լինի՝ առավել ֆունկցիոնալ, եւ թաքնված մեծամասնականը, որ կա, սկսելու է աշխատել հիմիկվանից», -ասում է Սեյրան Մարտիրոսյանը: Բանախոսի կարծիքով պետք էր զերծ մնալ «Ընտրական օրենսգիրքը» փոխելուց, քանի որ Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չէ: Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ, այլ կարգի փոփոխություններ են պետք, անհրաժեշտ է կարեւորել տեղական ինքնակառավարման ինստիտուտը, որ տվյալ համայնքի բնակիչների հարկերի մեծ մասը գնա տեղական ինքնակառավարման բյուջե:

«Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Առաքելյանը չհամաձայնեց Սեյրան Մարտիրոսյանի այն մտքի հետ, թե «Հանրապետական» կուսակցությունը ակտիվանում է ընտրություններից առաջ: Նա հակադարձեց, թե «Հանրապետական» կուսակցության գրասենյակը տարվա մեջ 365 օր աշխատում է: Բանախոսի կարծիքով փոփոխությունները 2 քայլ առաջ են տանում ավելի զարգացած քաղաքական համակարգ ունենալու գործընթացում: «Բոլոր նստածները ինձ հետ կհամաձայնեն, որ ՏԻՄ նախկին մեխանիզմը ընտրության ընդհանրապես չէր համապատասխանում զարգացման մեխանիզմների համար նախադրյալներ ստեղծելու, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, թե ավագանին օրենսդրորեն ինչ լիազորություններ ունի ու իրականում ինչպես է գործում: Կրողները ծրագրային կամ գաղափարային կրողներ չեն: Ցավոք սրտի, մենք չունենք, մեր հասարակությունը չունի քաղաքացիական զարգացածության այն աստիճանը, որն, ինչպես նշվեց, Շվեդիայում է: Դեռ չենք հասել դրան, չենք կարող ընտրել այնպիսի անձանց, որոնք կկարողանային ծրագրային իրենց դրույթներն առաջնորդել: Տեսնում ենք՝ ինչ վիճակում է ավագանին: Իսկ քաղաքական կուսակցության ընտրական ցուցակով ընտրված անձը մի քանի անգամ ավելի պատրաստված է, որովհետեւ ցուցակով անցնելու համար նա որոշակի ճանապարհ պետք է անցած լինի, պիտի ունենա որոշակի կենսագրություն կամ մասնագիտական փորձ: 30 տոկոսի, ոչ կուսակցական հնարավորություն կա ցուցակում ընդգրկելու, ու այս ամենը կարծում եմ ավելի առաջավոր է»:

-Առաքելյան --Մկրտչյան

«ԳԱԼԱ» նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչ Քրիստինե Մկրտչյանն էլ ասաց, որ իրենց նախաձեռնող խումբն առանձնապես ոգեւորված չէր ու չէր էլ ցանկանա մտնել քաղաքական գործընթացների մեջ, սակայն այս քայլին դրդեց ստեղծված վիճակը: Դերենիկ Մալխասյանի այն հարցին՝ մի՞թե մամուլը չի կարող ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա, որ ներգրավվեցիք կուսակցական գործունեության մեջ, Քրիստինե Մկրտչյանն ասաց. «Մամուլը կարող է ազդել, ոչ այն չափով, ինչ չափով, որ կարող է ազդել քաղաքական ներգրավվածությունը: Այսօր նաեւ մամուլի դերն է փոխվել. ի՞նչ առումով, եթե 10-15 տարի առաջ կարելի էր մատերի վրա հաշվել ընդդիմադիր համարվող կամ օբյեկտիվ համարվող լրատվամիջոցների, այսօր լրատվական դաշտում վիճակն այնպես է լղոզվել ու այնպես է խճճված, որ շատ են ընդդիմադիր կամ չակերտավոր անկախ լրատվական կայքերը, որոնցից յուրաքանչյուը ինչ-որ առաքելություն ունի: Աշխատելով Գալա հեռուստաընկերությունում՝ 11 տարի շարունակ տեսնում եմ իմ ներդրումը, հեռուստաընկերության ներդրումն ազատ խոսքի կայացման հարցում եւ ընդհանրապես քաղաքական իրադրությունների մեջ, բայց բավարար չէ: Ես՝ որպես լրագրող, ինձ պարտված եմ զգացել, եւ սա է ստիպել, որպեսզի մեկ քայլ առաջ անենք»:

Քրիստինե Մկրտչյանի համոզմամբ, նոր ընտրակարգը ստեղծված է, որպեսզի իշխանությունները Գյումրին ու Վանաձորը իրենց հսկողության տակ պահեն, բայց եթե ընդդիմադիր դաշտում գործող ուժերը միավորվեն, կկարողանան գրանցել հաջողություն Գյումրիում:

«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Արթուր Համբարձումյանն էլ իր խոսքը սկսեց պատմական էքսկուրսով. 90-ական թվականներին, երբ Բորիս Ելցինը իր անձնակազմով գնում է Շվեդիա ու Ստոկհոլմում հանդիպում Շվեդիայի թագավորի հետ, այս ընթացքում տրամվայ է անցնում ու խանգարում բանակցությունները: Շվեդիայի թագավորը հյուրերին ասում է, որ ինքը խնդրել է Ստոկհոլմի քաղաքապետին տրամվայի երթուղին փոխել, բայց հարցը դեռ քննարկման փուլում է: Ելցինը իր անձնակազմին հարցնում է՝ կարո՞ղ է թագավորը իսկական չէ: Դերենիկ Մալխասյանի այն դիտարկմանը, թե իր տպավորությամբ տեղական ինքնակառավարման մարմինները ուղղակի նշանակովի մարմիններն են կենտրոնական իշխանությունների կողմից, բանախոսն ասաց, որ շատ կուզենար հակառակվել, բայց չի կարող, քանի որ այդպես է՝ առանձին բացառությամբ:

Բանախոսն անդրադարձավ Գյումրու փոքր բյուջեին՝ նշելով, որ ցանկացած կուսակցություն, որը կանցնի տեղական իշխանության գլուխ, չի կարողանա այդ բյուջեով հարցեր լուծել, ուստիեւ պետք է մտածել այս հարցի շուրջ:

-Խաչատրյան

ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն էլ ասաց, որ իրենք ոչ մի անգամ չեն մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին ու չեն պաշտպանել ոչ մի թեկնածուի, սակայն միշտ պայքարել են Հայաստանում ժողովրդավարության կայացմանը: Սակայն, այս անգամ, ըստ բանախոսի, կմասնակցեն, քանի որ գաղափարական պայքար մղելու հնարավորություն կա: Երբ մենք մտանք ընդդիմադիր դաշտ, շատերը վախենում էին ընդդիմություն բառից, իմ ընկերներից շատերը նույնիսկ վախենում էին ինձ բարեւել: Մենք ասել ու ասում ենք՝ օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվել»: Վահագն Խաչատրյանը քննադատեց նաեւ ավագանու ինստիտուտը՝ նշելով, որ դեռ կայացած չէ, ավագանու անդամները ընդամենը ձեռք բարձրացնողներ են: Ինքը 21 ավագանու անդամներից ճանաչում է մեկ-երկուսին, չգիտի մնացածներն ինչու են եկել, ինչ հարց են բարձրաձայնում:

Բոլոր բանախոսներն ասացին, որ իրենց կուսակցությունները մասնակցելու են Գյումրու ՏԻՄ ընտրություններին, սակայն, թե ով կգլխավորի իրենց ցուցակները, դեռ քննարկման փուլում է:

Ի դեպ, Սեյրան Մարտիրոսյանը նկատեց, որ առանց ավագանու անդամ դառնալու էլ կարելի է հետաքրքիր կյանքով ապրել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930