Լրահոս
Օրվա լրահոսը

Համաժողով Լեհաստանի մայրաքաղաքում

Սեպտեմբեր 02,2016 14:00

Լեհաստանի հանրապետության խորհրդարանի նախագահ Մարեկ Կուխչինսկու հրավերով օգոստոսի 30-ից 31-ը Վարշավայում կայացավ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական համաժողովը, որին մասնակցեցին ավելի քան տասը երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցոգովինայի, Մոնտենեգրոյի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հայաստանից համաժողովին մասնակցում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ում հետ էլ ծավալվեց մեր զրույցը՝ համաժողովի մանրամասների, բարձրացված հարցերի եւ օրակարգային խնդիրների շուրջ:

-Տիկին Նաղդալյան, ո՞րն էր համաժողովի թեմատիկ գլխավոր մեխը եւ հրատապությունը:

– Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովի օրակարգի երկու կարեւոր թեմաներն էին՝ Եվրամիության վերածնունդը եւ տարածաշրջանային համագործակցությունը եւ Ազգային խորհրդարանների ներդրումը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում՝ բազմակողմ համագործակցության մեջ: Այս երկու թեմաները Լեհաստանի մեր գործընկերները համարել են ժամանակակից եվրոպական զարգացումների իմաստով խիստ մտահոգիչ եւ նախաձեռնել են բարձրաստիճան խորհրդարանական համաժողով, որտեղ բանավեճերի եւ քննարկումների մոդերատորներ են հանդիսանում Լեհաստանի Սեյմի եւ Սենատի ստորին եւ վերին պալատների ղեկավարներ Մարեկ Կուխչինսկին եւ Ստանիսլավ Կարչեւսկին: Կարծում եմ, հենց այդ հանգամանքը արդեն բավական խոսուն է եւ շատ բան է ասում համաժողովի եւ ընթացած քննարկումների կարեւորության վերաբերյալ:

-Նախաձեռնողներն ինչո՞ւմ են տեսնում նման համաժողովային քննարկումների հրավիրման անհրաժեշտությունը եւ դրդապատճառը:

– Ինչպես իր խոսքում ասաց Լեհաստանի խորհրդարանի խոսնակը՝ անհանգստացնում է Եվրամիության մեջ ի հայտ եկած եւ շարունակվող ճգնաժամը, որը տարեցտարի ավելի վտանգավոր է դառնում, վտանգավոր այն աստիճանի, որ հանգեցրեց Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքին, նաեւ որոշ կենտրոնախույս շարժումները, որ նկատվում են եւս մի քանի երկրներում: Իհարկե, այդպիսի մեծաքանակ ընտանիքում հնարավոր են վեճեր եւ անհամաձայնություններ ու թերեւս վտանգավոր չեն, երբ առկա են կայուն ինտեգրացիոն կապեր, բայց ակնհայտ է, որ խնդիրները դադարել են այլեւս միայն եվրոպական պատկան քաղաքական շրջանակների օրակարգի առարկան լինել եւ դարձել են լայն մասսաների մտահոգության եւ հաճախակիացող անհամաձայնության առարկան:
Մի շարք մարտահրավերներ, որոնք ծառացած են այսօրվա Եվրոպայի առաջ, իսկապես, խիստ մտահոգիչ են, այնպիսիք, ինչպիսիք են ահաբեկչությունը եւ անվտանգությունը, միգրացիան, եվրոգոտին, պայմանագրային պարտավորությունների նկատմամբ մոտեցումները եւ այլն, եւ դրանք իսկապես ազդում են հասարակական տրամադրությունների վրա:

Համաժողովի մասնակիցների հետ հանդիպումների ընթացքում նախաձեռնողները ընդգծում էին նաեւ, որ աշխարհի շատ վայրերում են այսօր երեւան գալիս հասարակական անհանգստությունը եւ քաղաքական արժեհամակարգի չարաշահումները, մինչ օրս եղած գաղափարների նկատմամբ անհավատությունը եւ պետական կառույցների հանդեպ թերահավատությունը:

-Ո՞րն է քաղաքական գործիչների, մասնավորապես, խորհրդարանականների դերը այդ պարագաներում:

– Խորապես համաձայն եմ առաջադեմ եւ պատասխանատու եվրոպական կոնցեպտի հետ եւ համոզված եմ՝ մեր գլխավոր առաքելությունը ՝ կառուցել պետություն, որը անվտանգ տուն եւ վստահ ինքնահաստատման տարածք կլինի յուրաքանչյուր քաղաքացու համար:
Իսկապես, խորհրդարանականներս լինելով ժողովրդի կողմից ընտրվող, պարտավոր ենք այդ գործընթացում առաջատարը լինել՝ փնտրելով եւ գտնելով մեր հասարակությունների առջեւ ծառացած հարցերի օպտիմալ լուծումներ, չդառնալով, ինչպես նշեց Վրաստանի խորհրդարանի խոսնակը, պոպուլիզմով տառապող, անպատասխանատու առաջնորդներ, ովքեր պատրաստ են ասել միայն այն, ինչ ուզում է լսել ամբոխը, այլ սթափ ու հավասարակշիռ որոշումներով՝ փորձել գտնել եվրոպական բարդագույն խնդիրների լուծումները:

Լեհաստանը, որպես եվրոպական ինտեգրմանը համախոհ երկիր, իրեն պատասխանատու է համարում ողջ եվրոպական ընտանիքի բարգավաճման համար եւ անհրաժեշտ է համարում ու հրավիրում է լայնածավալ խորհրդակցություններ՝ ապագա եվրոպական բարեփոխումների շուրջ:

-Բայց մասնակից երկրների մի մասը Եվրամիության անդամ չեն:

-Այո, անդամ չեն, բայց շատ վաղուց արդեն որեւէ մեկը չի էլ մտածում, որ ԵՄ-ի գործընթացները ազդեցություն ունեն միայն ԵՄ անդամ երկրների եւ ժողովուրդների վրա: Մի շարք երկրներ չեն հանդիսանում ԵՄ անդամ, բայց ունեն ԵՄ-ի հետ համագործակցային լայն ծրագրեր եւ գործընթացներ, եւ դա եւս կարեւոր է եվրոպական ընդհանուր տան համատեղ կառուցման գործում: Ուզում եմ հատկապես ընդգծել, որ Հայաստանը շարունակում է հետեւողականորեն զարգացնել իր հարաբերությունները Եվրոպական Միության հետ՝ ինչպես Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, այնպես էլ այլ ձեւաչափերով, եւ հայտնի է, որ ներկայումս արդյունավետ կերպով ընթանում են բանակցություններ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ՝ նոր երկկողմ համաձայնագրի մշակման շուրջ:

-Փաստորեն, այդ համաժողովին մասնակցության հրավեր եւ ասելիք ունի նաեւ ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստա՞նը:

-Ինչպես տեսնում եք, այո, եւ դա Դուք ասացիք: Իսկ այն, որ մենք ասելիք ունենք, իհարկե ունենք, եւ, կարծում եմ, կարեւոր ու արժեքավոր ասելիք:

Համաժողովի շրջանակներում հրավիրված` «Եվրոպական Միության վերածնունդը եւ տարածաշրջանային համագործակցությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ ես խոսեցի մեզ շրջապատող պատերազմական վտանգների, քաղաքական էքստրեմիզմի, միջազգային ահաբեկչության, այսինքն՝ այն խնդիրների մասին, որոնք վտանգում են տարածաշրջանի խաղաղությունը եւ կայունությունը եւ պահանջում են համընդհանուր ջանքեր դրանց դեմ պայքարում: Իմ ելույթում ներկայացրեցի բարդ իրականությունը, որում «ապրում է» մեր երկիրը` շրջապատված լինելով իր երկու հարեւաններով՝ Արեւելքից Ադրբեջանի` իր ագրեսիվ ռազմական քաղաքականությամբ, արեւմուտքից` Թուրքիայի, որը երկու տասնամյակից ավել շարունակում է փակ պահել իր սահմանը Հայաստանի հետ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը: Եվրոպացի գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վրա, որի դրսեւորումն էին այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողությունները, որոնք 1994 թվականի զինադադարից ի վեր` ամենածավալուն եւ լայնամասշտաբն էին իրենց բնույթով եւ թիրախավորել էին ոչ միայն զինված ուժերին, այլ նաեւ խաղաղ բնակիչներին:

Խնդիրն այսօր վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, նրանց ապրելու իրավունքին: Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է` անկախ իր կարգավիճակից, եւ նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին: Այս առումով Եվրոպայի դերը էական է եւ նա պետք է նպաստի խնդրի համապարփակ լուծման համար բարենպաստ միջավայր ստեղծելուն, վստահության մթնոլորտի կառուցմանը, որը, սակայն, հեշտ չի լինի, քանի դեռ մեր հարեւանը մոլեռանդորեն մերժում է համագործակցության բոլոր ձեւերը:

Ղարաբաղն այսօր կայացած պետություն է` պետականության իր բոլոր ատրիբուտներով եւ հաստատություններով` Սահմանադրությամբ, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ եւ կենսունակ տնտեսությամբ եւ սա շատ կարեւոր աշխարհաքաղաքական գործոն է տարածաշրջանում` նպաստելով կայունությանն ու խաղաղությանը:

-Հետաքրքիր է, Ձեր ելույթի նման խիստ շեշտադրումներին արդյո՞ք արձագանք չհնչեց հարեւան երկրի ներկայացուցչի կողմից, քանզի մենք գիտենք, որ նման հարթակներում մեր հակառակորդը հատկապես հիստերիկ պահվածքով է աչքի ընկնում:

– Իմ ելույթից հետո ձայն խնդրեց Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ալասգարովը, ով փորձեց իր արձագանքը ամբողջությամբ կառուցել հետեւյալ թեզերի վրա՝ Ադրբեջանը հսկայական ներդրումներ է կատարում մի շարք երկրների տնտեսության մեջ: Սկսելով բարեկամ Վրաստանից, Հունաստանից, Թուրքիայից՝ հասնելով մինչեւ Իտալիա եւ անգամ Չեխիա՝ Ալասգարովը փորձեց ընդգծել իրենց երկրի տնտեսական հզորությունները՝ այդպիսով, կարծես, ակնարկելով, թե օրենքները եւ արդարությունը պետք է լռեն իրենց երկրի տնտեսական հզորությունների առջեւ եւ այդ երկրները պետք է կաշառվեն այդ ամենով: Ադրբեջանցի պատվիրակի առաջ քաշած երկրորդ անհաջող փաստարկը՝ մի քանի սառեցված հակամարտությունների թվարկումն էր՝ բերելով Վրաստանից անջատված Օսեթիայի եւ Աբխազիայի, այնուհետեւ Մերձդնեստրի օրինակները՝ այդպիսով փորձեց ներկաների մեջ դաշնակիցներ փնտրել: Եվ վերջին թեզը՝ չարչրկված 1 մլն փախստականների թեման էր, որը լալահառաչ հնչեղություն ուներ եւ ներկաների մոտ առանձնապես արձագանք չգտավ:

 

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

01.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930