Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ կլինի, եթե ՀՀԿ-ականները հասկացած լինեն Սերժ Սարգսյանին

Նոյեմբեր 30,2016 15:00

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթում հնչեցին մտքեր, որոնք տարբեր ոլորտներում խնդիրների լուծման առանցքում դնում էին մարդուն. թե՛ որպես նպատակ, թե՛ որպես ռեսուրս: Սա բեկումնային է, եթե հաշվի առնենք, որ մեր հավաքական ընկալման մեջ նպատակ է ընկալվում, այսպես կոչված, «գոյության կռիվը» կամ «ազատագրական պայքարը»:

Պայքարն անշուշտ պետք է մղել, հատկապես երբ դա պարտադրված է ոչ բարյացակամ հարեւանների կողմից: Բայց այդ պայքարը չպետք է լինի ինքնանպատակ: Այն ընդամենը միջոց է Հայաստանի ու Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովելու, մեր հայրենիքում մեր ապագան ինքնուրույն կառուցելու իրավունքը պաշտպանելու համար: Իսկ ահա այդ ապագան լրիվ այլ է. այն պետք է որ ենթադրի սեփական, հայրենի հողում յուրաքանչյուրի բարեկեցիկ, երջանիկ ու ապահովված գոյություն՝ իր կարիքների բավարարման հավասար հնարավորություններով:
Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ելույթում հստակ ակնարկ կար, որ այլեւս սա է տեսլականը: Հատկապես Սփյուռքի մասին խոսելիս նախագահը փաստեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրին, Հայոց ցեղասպանությանը, հայապահպանությանն ու այլ խնդիրներին առնչվող համագործակցությունից զատ՝ հայ ժողովուրդը պետք է մեկտեղվի ապագայի տեսլականով: «Գրեթե բոլորն են վստահ նպատակի հարցում, այն է՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում եւ առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում»,- այս առումով ասաց Սերժ Սարգսյանն ու արձանագրեց, որ սա նոր աշխատանքի նոր մոտեցումներ է պահանջում:

Ելույթի հետագա տեքստից դատելով՝ Հայաստանի առաջնորդն առաջարկում է արմատապես վերանայել փոխադարձ ընկալումները: Փաստացի նա առաջարկում է, որ հայաստանցիները դադարեն Սփյուռքն ընկալել որպես հարուստ բարեկամներ, ում քսակից ժամանակ առ ժամանակ օգտվելն ինչ-ինչ հարցեր է լուծում, իսկ սփյուռքահայերն էլ պետք է դադարեն Հայաստանի Հանրապետությունն ընկալել որպես գուրգուրանքի օբյեկտ ու սրտացավորեն լծվեն խնդիրները համատեղ լուծելու գործին: «Մենք փոխում ենք սլաքը, ասում ենք՝ այսուհետ մշակված ձեւաչափերով միասին ենք աշխատելու, միասին ենք ամրագրելու նպատակադրումները, միասին ենք դեր ստանձնելու, միասին ենք իրականացնելու եւ վերջում էլ միասին ենք ասելու ինչը ստացվեց եւ ինչը՝ ոչ»,- իր խոսքում ասաց նախագահ Սարգսյանը:

Անշուշտ, սա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների որակական նոր բանաձեւում է: Բայց իրականություն դարձնելու համար, առաջին հերթին, պետք է հստակ գործողությունների ծրագիր առաջարկել, որտեղ կներկայացվեն մի կողմից՝ Հայաստանի զարգացման հարցերում Սփյուռքի ներգրավման մեխանիզմները, իսկ մյուս կողմից՝ հայաստանցիներիս ընկալումները փոխելուն ուղղված ջանքերը: Պետք է մեկ առ մեկ ցույց տալ եւ հետո իրականություն դարձնել, թե ինչպես յուրաքանչյուր մտահոգ սփյուռքահայ, ինչու ոչ՝ ամբողջ Սփյուռքը, կարող է իր մարդկային կապիտալը ներդնել հայրենիքի զարգացման գործին:

Բնականաբար, այդ ընդհանուր զարգացումից անմասն չի կարող մնալ, ավելին՝ լոկոմոտիվի դեր պետք է խաղա բանակը: Նախ այն պատճառով, որ մեր ժողովրդի ու մեր պետության թիվ մեկ մարտահրավերի՝ ֆիզիկական գոյության երաշխավորը հենց բանակն է, եւ երկրորդ՝ բանակն այսօր երկրի ամենակայացած ու ամենամեծ վստահություն վայելող պետական ինստիտուտն է:

Այս առումով շատ կարեւոր էին բանակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիտարկումները: Նախեւառաջ՝ այստեղ եւս արձանագրվեց, որ մեր ամենամեծ ռեսուրսը մարդիկ՝ «մեր խրոխտ զինվորներն ու սպաներն են»: Այս մտքի հետ չհամաձայնել չի կարելի, քանզի ապրիլյան քառօրյայի ընթացքում մենք համոզվեցինք, որ ադրբեջանական սադրանքը չէր հաջողել հենց զինծառայողների պրոֆեսիոնալ, համարձակ ու նվիրված գործողությունների արդյունքում: Եվ ահա Սերժ Սարգսյանը բարձրացնում է նշաձողն ու ընդլայնում բանակի առաքելությունը. «Բանակը պետք է դառնա, եւ ես վստահ եմ, որ շատ արագ դառնալու է արդարության չափանիշ մեր հասարակության մեջ»։

Այս հայտարարությանը նախորդել էին պնդումներն առ այն, որ զինվորները մեր երկրի ապագան են, որ բանակի սպայակազմը հայ մտավորականության նոր ու հզոր շերտն է, որ սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է կյանքում հաջողակ լինելու մասին: Բնականաբար, նախագահի այս պնդումներն առայժմ ցանկություններ են եւ, մեղմ ասած, մի փոքր չեն համապատասխանում մեր սոցիալ-մշակութային իրողություններին: Արդար լինելու դեպքում ստիպված ենք փաստել, որ բանակն այսօր շատ դեպքերում չի հանդիսանում սոցիալական այն վերելակը, որի միջոցով բանիմաց երիտասարդները կարող են վեր բարձրանալ պաշտոնեական հիերարխիայով, իսկ մյուս կողմից էլ՝ հայկական բանակի երիտասարդ սպան առայժմ չի հանդիսանում երիտասարդ հայ աղջիկների «երազանքի ասպետը»:

Բայց կարեւորը տվյալ դեպքում ոչ թե իրականությունն է, այլ զարգացման վեկտորը: Ոչ մի կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի նախանշած ուղին՝ «Ազգի մտավոր եւ պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառողջ եւ կիրթ պատանիների ցանկությունը» (ինչը ենթադրում է, որ բանակը պետք է դառնա այդ ցանկությունն իրագործելու արդյունավետ գործիք), միանշանակ ճիշտ է: Կհաջողի՞ սա, թե՞ ոչ՝ այս պահին դժվար է կանխատեսել:

Բոլոր դեպքերում առաջընթացի համար ընկալումների փոփոխությունը առանցքային է: «Բանակը հասարակության հայելին է» բանաձեւման ներքո պատասխանատվությունից խուսափելուն պետք է փոխարինի «բանակը հասարակության արդիականացման լոկոմոտիվն է» պատասխանատու լոզունգը: Սերժ Սարգսյանն, իհարկե, նման ձեւակերպում չտվեց, բայց այն, որ առաջընթացի անկյունաքար համարեց ռազմական կրթությունը, արդեն իսկ խոսուն է:

Համաձայնեք, որ ռազմական բուհում բազմակողմանի ուսումնառություն անցած երիտասարդը, ով իր առաքինությամբ, վարվեցողությամբ, հասարակական ակտիվությամբ, խորը էրուդիցիայով չի զիջի իր հասակակիցներին, բայց միեւնույն ժամանակ կկրի սպայական համազգեստ, կհանդիսանա ռազմական գործի վարպետ ու կընկալվի որպես կյանքը հայրենիքին զոհելու պատրաստակամ մարտիկ, ինքնին կխորհրդանշի հաջողակ պատմություն: Հետեւաբար նաեւ՝ կդառնա սիրո, հարգանքի օբյեկտ եւ օրինակ կծառայի հաջորդ սերունդներին:

Ամփոփելով՝ պետք է նշենք, որ նախագահի ելույթում հնչած մտքերն իսկապես առաջադեմ են, նոր եւ բեկումնային: Սակայն կարեւոր է, որ դրանք չմնան միայն թղթի վրա, այլ առարկայանան կոնկրետ գործողություններով: Իսկ որպեսզի հռչակվածն իրականություն դառնա, նախ ելույթն անմիջականորեն ունկնդրողները՝ հանրապետականները, պետք է ընկալեն ասվածն ու իրենց գործողությունները համապատասխանեցնեն կուսակցական առաջնորդի նախանշած ուղենիշներին:

 
Ա. ՄԱՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

29.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930