Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկականությո՞ւն

Դեկտեմբեր 10,2016 16:30

«Մտորումներ Հռոմի պապի՝ Հայաստան այցի շուրջ» հոդվածում («Առավոտ» օրաթերթ, 17 սեպտեմբեր, 2016) անդրադարձել էի հայերի մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արտահայտած մի շարք դիտարկումներին, մասնավորապես՝ հայ ժողովրդի հոգեկանությանը (ոգեղենությանը), հայերի ուրույն ինքնությանը, հայկականությանը (արմենիզմ) եւ այլն: Ընթերցողին ներկայացվող այս հոդվածով փորձում եմ ոչ մասնագիտական մակարդակով հպանցիկ անդրադառնալ հայկականության խնդրին:
Վերջին տասնամյակներում հասարակական գիտություններում արդիական քննարկման առարկա է դարձել ազգերի (էթնոսների) ինքնության հիմնահարցը, որովհետեւ պատմական երկարատեւ ժամանակահատվածում շատ բան էր կատարվում ազգերի միաձուլման նպատակով, ինչը, սակայն, կարելի է պնդել, որ հաջողությամբ տապալվեց: Ասվածի վառ օրինակ են ինչպես բոլշեւիկյան ազգային քաղաքականությունը, այնպես էլ եվրոպական բազմամշակութայնության (մուլտիկուլտուրալիզմ) ջատագովությունը: Եվ ամենեւին պատահական չէ, որ ինքնության խնդիրը մղվեց առաջին պլան: Այս համատեքստում անհրաժեշտ է կարեւորել նաեւ այն հանգամանքը, որ անընդհատ խորացող սպառողական հոգեբանությունը, նյութապաշտությունը իրական պլան են մղել հոգեւոր արժեքները, որոնց կրողը առաջին հերթին հենց ազգերն են: Հայ հասարակագետները նույնպես զբաղվում են հայի ինքնության հարցերով, սակայն, որքան ես տեղյակ եմ, ոչ բավարար չափով, որ հնարավոր լինի քիչ թե շատ ամբողջական պատասխան տալ՝ ո՞վ է հայը, ի՞նչ է հայկականությունը:

Մասնավորապես, այս առնչությամբ քննարկվում է, թե հայը եվրոպակա՞ն, թե՞ արեւելյան մշակույթի կրողն է: Այնինչ, այս հարցը չափազանց կարեւոր է եվրոպական ինտեգրման առումով, ինչը ժամանակ առ ժամանակ ծառանում է մեր առջեւ:

Կարծում եմ՝ հայ ազգի (ինչպես եւ ցանկացած ազգի) ինքնությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, մասնավորապես՝ հայկական միջավայրում ձեւավորված սովորույթներով, ավանդույթներով ու ավանդազրույցներով, հարեւան եւ այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային, տնտեսական եւ այլ բազմապիսի հարաբերություններով, վերջին երկու հազարամյակում մեսրոպյան այբուբենով, մատենագրությամբ (հայ մատենագրության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում թարգմանական գրականությունը, որը մեծապես նպաստել է հայ մշակույթի զարգացմանը, եւ պատահական չէ, որ հայ ժողովուրդը իր տոնացույցի մեջ է ներառել նաեւ թարգմանչաց տոնը (որքան տեղյակ եմ, որեւէ այլ ժողովուրդ նման տոն չի ունեցել)), քրիստոնեական արժեքներով, ճարտարապետությամբ, երգով ու պարով, հայ դպրությամբ, ռազմարվեստով եւ, առհասարակ, հայկական արվեստով ու մշակույթով եւ այլ ու այլ գործոններով: Հայկականության ձեւավորման ճանապարհին ուրույն դերակատարություն են ունեցել հատկապես այնպիսի անհատականություններ, ինչպիսիք են՝ Հայկ Նահապետը, Տիգրան Մեծը, Գրիգոր Լուսավորիչը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին, Կոմիտասը:

Այս ամենի, ինչպես նաեւ բազմապիսի ու բազմաբնույթ այլ գործոնների հիման վրա էլ դարերի ընթացքում զարգացել է հայկական մշակույթը, ինչն էլ իր հերթին բնորոշում է հայկականությունը, հայկական ոգին, հոգեւոր կերտվածքը, եւ ձեւավորվել է, այլ ժողովուրդների հետ մեկտեղ, հայ ժողովուրդը՝ իր ուրույն տեսակով: Ինչի՞ է ունակ այդ տեսակը: Այս հարցին պատասխանելու համար կփորձեմ նշել բազմապիսի հատկանիշներից մի քանիսը, որոնք, իմ կարծիքով, հատուկ են հայերին, թեեւ դա ամենեւին չի նշանակում, թե այդպիսիք չունեն նաեւ այլ ժողովուրդներ:

Այդ հատկանիշներից զատ՝ գոյություն ունեն նաեւ բազմաթիվ այլ հատկանիշներ, եւ այստեղ անհրաժեշտ է համատեղ ուժերով գտնել նախնական մի բան, որ կարողանանք հետագայում վերլուծել եւ կատարել ընդհանրացումներ: Թերեւս պետք են ամենատարբեր բնագավառների լուրջ մասնագետների տեսակետները (ազգագրական, երաժշտագիտական, բանասիրական, փիլիսոփայական եւ այլն):
Այժմ ներկայացնում եմ մի քանի ենթադրություն:

Առաջին. հայ ազգի կարեւոր բնորոշումներից եմ համարում մեծագույն մտածող, փիլիսոփա Ի. Կանտի տված հանրահայտ տեսակետը. «Հայերի մեջ իշխում է մի յուրահատուկ առեւտրային ոգի, այն է՝ նրանք զբաղվում են փոխանակությամբ՝ ճամփորդելով Չինաստանի սահմաններից մինչեւ Կորսոյի հրվանդանը Գվինեական ծովափին: Դա ցույց է տալիս այս բանիմաց եւ աշխատասեր ժողովրդի յուրահատուկ ծագումը, ժողովուրդ, որը հյուսիս-արեւելքից մինչեւ հարավ-արեւմուտք ուղղությամբ անցնում է ողջ Հին աշխարհով եւ կարողանում գրկաբաց ընդունելություն գտնել այն բոլոր ժողովուրդների շրջանում, որտեղ լինում է. դա ապացուցում է նրանց խառնվածքի գերազանցությունը…»: Շատ տարիներ առաջ, երբ ծանոթացա կանտյան այդ բնորոշմանը՝ «առեւտրային ոգուն», այն ինձ չափազանց վիրավորական թվաց, այնքանով, որքանով «առեւտրականը» մեզանից շատերին ոչ մի լավ բան չի հուշում: Այդ բառով մենք հասկանում ենք հիմնականում «չարչի», «սպեկուլյանտ», «վաշխառու», այնպես, ինչպես եվրոպական «բուրժուան», որը երբեւէ հարգանքով չի ընդունվել եվրոպական մշակույթում: Սակայն շատ ավելի ուշ, երբ մի փոքր ավելի հանգամանորեն ծանոթացա հայկական մշակույթի զարգացման պատմությանը, սկսեցի հասկանալ, որ հանճարեղ քյոնիքսբերգցին տվել է այնպիսի մի բնորոշում, որով հայը կարող է իրոք հպարտանալ եւ աշխարհին ներկայանալ արդի քաղաքակրթությանը բերած իր նպաստով:

Կանտյան տողերը կարդալիս, մանավանդ եթե նկատի ունենանք, որ XVIII դարում որքան սահմանափակ էին հաղորդակցության հնարավորությունները, անմիջապես հարց է հղանում, թե նա որտեղի՞ց կարող էր իմանալ, որ հայը «բանիմաց եւ աշխատասեր» է, ի՞նչ գիտեր, թե հայը «ողջ Հին աշխարհով անցնելիս գրկաբաց ընդունելություն է գտել բոլոր ժողովուրդների շրջանում», այդ ի՞նչ «յուրահատուկ ծագման» եւ «գերազանցության» մասին է խոսքը: Կարծում եմ՝ կարելի է ենթադրել, որ այդ ժամանակաշրջանում եվրոպական միջավայրում առկա է եղել հայի մասին որոշակի պատկերացում: Բանիմացության եւ աշխատասիրության մասին պատկերացումը թերեւս բխում է հանրահայտ այն փաստից, որ XVIII դարում, արդեն մի քանի հարյուրամյակ շարունակ, Արեւմտյան Հայաստանից գաղթած հայերը խոշոր համայնքներ էին ստեղծել եվրոպական մի շարք շրջաններում (Բյուզանդիա, Իտալիա, Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Տրանսիլվանիա, Ռուսաստան եւ այլն), որտեղ նրանք տեղական իշխանություններից ստացել էին բազմաթիվ արտոնություններ, կառուցել էին եկեղեցիներ, դպրոցներ, մասնակցել էին մշակութային կյանքին, հայտնի էին դարձել բազմաթիվ գիտական, մշակութային, քաղաքական, տնտեսական գործիչներով եւ այլն: Այլ ժողովուրդների շրջանում գրկաբաց ընդունելության մասին վկայում է նաեւ այն, որ հայ խոշոր առեւտրականները զբաղվում էին ոչ միայն առեւտրով, այլեւ տարբեր երկրների իշխանական տների միջեւ հաղորդակցության ժամանակ հայերը կատարում էին թարգմանիչների դեր, անգամ կատարում էին պաշտոնական դիվանագիտական հանձնարարություններ, դառնում էին տարբեր երկրների դեսպաններ եւ անգամ արտաքին գործերի նախարարներ:

Եթե այս ամենին ավելացնենք նաեւ, որ Չինաստանի, Հնդկաստանի եւ հեռավորարեւելյան այլ երկրների հետ եվրոպական երկրների միջեւ առեւտրատնտեսական, մասնավորապես՝ ծովային հարաբերություններում հայերն ունեին նշանակալի ներդրում, ապա կարծում եմ՝ պատկերն ավելի ամբողջական կդառնա (այդ ամենին կարելի է ծանոթանալ մասնավորապես Հայկական Սովետական Հանրագիտարանի բազմաթիվ հոդվածներում՝ «Կոնսոլատո Դել Մարե», «Ծովային իրավունք», «Ծովահենություն», «Կապերություն», թվարկված երկրներին վերաբերող հոդվածներում եւ այլն): Ինչ վերաբերում է «յուրահատուկ ծագմանը», հավանաբար այս դեպքում դերակատարություն են ունեցել գերմանական ավանդազրույցներում հաճախակի հիշատակվող Հայաստանն ու Արարատը, գերմանների ցեղի առաջնորդ Արմինիոսը, ինչպես նաեւ այն ենթադրությունը, որ հայերից են սերվել բավարացիներն ու տիրոլցիները (տե՛ս Է. Մեյեր, Ա. Բերքյան. «Հռենոսի եւ Արաքսի միջեւ», Ե., 2016):

Երկրորդ. թերեւս հայի կարեւոր հատկանիշ է իր երեխաների նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Շատ ենք սիրում ամեն անգամ նշել, որ ինչ-որ անում ենք՝ երեխաների համար ենք անում՝ դրանով փորձելով շատ հարցերում արդարացնել ինքներս մեզ, հատկապես, երբ մեր քայլերը լինում են բարոյականության սահմաններից դուրս: Ես գնահատում եմ ոչ թե դա, այլ այն, որ հայը ոչինչ չի խնայում իր երեխային կրթության տալու համար, ինչը մեր օրերում ստացել է հիվանդագին բնույթ, որովհետեւ այսօր երեխայի համար ամեն ինչ անում է նաեւ չսովորելու դեպքում: Հուսով եմ, որ այդ հիվանդագին երեւույթից, այնուամենայնիվ, կձերբազատվենք: Կմնա միայն այն ազնիվ, երեւի թե անգնահատելի մղումը, երբ անգամ անգրագետ հայն իր երեխային ուսում տալը գնահատում է որպես աներկբա անհրաժեշտություն:

Երրորդ. վերը նշվածը վերաբերում է ոչ միայն առանձին հային, նաեւ առհասարակ հայությանը: Ինչպես նշում է պրոֆ. Կ. Միրումյանը, ամբողջ միջնադարում Հայաստանում կրթությունը եղել է անվճար: Ավելացնելու բան չունեմ, կուզեի, որ այս մասին խորհեն իրենց խելոքի տեղ դնող որոշ մարդիկ: Գուցեեւ կարողանան եզրակացություններ կատարել:
Չորրորդ. աշխարհի բոլոր երկրներում առկա հայ համայնքներում դարեր շարունակ գործել է մի անառարկելի սկզբունք. իրենց համայնքում չպետք է լինի ողորմություն խնդրող, մուրացկան եւ աղքատ: Այս դեպքում էլ ասելու բան չունեմ. «խելոքները» թող հասկանան: Եվ, որպես այդ եւ նախորդ սկզբունքի շարունակություն, գործել է մի այլ սկզբունք՝ ուսումը եղել է անվճար: Հիշենք թեկուզ մեծ բարերար Մանթաշովին եւ մյուսներին:
Հինգերորդ. հայը պետք է լինի առողջ եւ հարուստ: Այս սկզբունքը, որ վերագրվում է հրեաներին, մեծապես պատկանում է հային: Ես չգիտեմ՝ հա՞յն է վերցրել հրեայից, թե՞ հակառակը, տվյալ դեպքում կարեւոր չէ. մենք անշեղորեն պետք է հետեւենք այդ սկզբունքին եւ ապրենք այդ սկզբունքով:

 
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
փիլիսոփայական
գիտությունների թեկնածու

 

«Առավոտ»

09.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031