Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանի՝ ցուցակում լինել- չլինելու հարցը ներքին պայքարի նշաններ է ցույց տալիս». Արմեն Գրիգորյան

Հունվար 13,2017 14:22

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ ներկայիս քաղաքական դաշտի խաղացողները բավարարվելու են կարգախոսներով, թե եկեք փոխենք ՀՀԿ-ին, մենք գանք իշխանության: Նա չի ակնկալում, թե որևէ ուժ կկարողանա այլընտրանքային օրակարգ բերել:

«Մեդիա կենտրոնում» «Ներքաղաքական վերադասավորումներն ու զարգացումները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկմանը Ստեփան Սաֆարյանն ակնարկեց, թե ցանկացած ընդդիմության համար ՀՀ-ում ստեղծված իրավիճակը նվեր կարող էր լինել, մասնավորապես, երբ մարդիկ ոտքի են կանգնել, կա մեծ անվստահություն իշխանությունների նկատմամբ:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվում սոցիալ-տնտեսական այդ բողոքը վերածել քաղաքականի և դրան տալ քաղաքական տեքստ, ընտրազանգվածի վերածել, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «ՀՀ քաղաքական ուժերի մեծամասնության համար հանրային քաղաքականությունը, որով զբաղվում են ժողովրդավարական կայացած երկրների կայացած ուժերը, խորթ է: Ցավով պիտի ասեմ, որ գոնե «Ժառանգությունից» հետո քիչ դեպքեր եմ հիշում, որ քաղաքական ուժերն առաջնորդեն որևէ հասարակական քաղաքական շարժում: «Էլեկտրիկ Երևանը» լավագույն ապացույցն էր այն բանի, որ քաղաքական ուժերը տարալուծված են»:

Դառնալով քաղաքական դաշտի հիմնական դերակատարներին՝ Ստեփան Սաֆարյանը նկատեց, թե նրանք ազատ չեն խոստովանելու 25 տարվա ընթացքում կատարված սխալները, քանի որ այդ համակարգի մաս են կազմում և առանձնապես ներուժ էլ չունեն խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար. «Չեմ պատկերացնում, որ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը որևէ այլընտրանքային մոտեցում բերի: Օրինակ՝ Վարդան Օսկանյանը չի կարող հակադրվել մադրիդյան սկզբունքներին: ԲՀԿ-ն էլ նույնը, ԵՏՄ-ի հարցում կողմ արտահայտվող ուժերը չեն կարող փոխել իրենց դիրքորոշումը: Շատ քիչ միավորներ կան, որոնք ազատ են այլընտրանքային օրակարգ բերելու հարցում»:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի տպավորությամբ՝ ուժերի միջև գաղափարական առումով շատ տարբերություն չկա ու ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որևէ ուժ դեռ չի կարողացել կոնցեպտուալ լուծումներ առաջարկել: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ միայն թիմային մասնակցությունը կարող է արդյունավետ լինել:

Նա միևնույն ժամանակ նշեց. «Իշխանությունն էլ չի կարողանում հանրային աջակցություն ստանալ, ինչի պատճառով, օրինակ, հանրային աջակցության պակասի պատճառով «Սասնա ծռերի» իրադարձությունները երկու շաբաթ տևեցին, այն դեպքում, երբ նման հարցերը Ռուսաստանում, Ադրբեջանում կարող էին մեկ օրում լուծվել»:

Ըստ քաղաքագետի՝ թեև իշխող կուսակցությունը գտնվում է դոմինանտ դիրքերում, բայց նրանց ներսում էլ կան խնդիրներ. «Նույնիսկ Կարեն Կարապետյանի՝ ցուցակում լինել- չլինելու հարցը ներքին պայքարի նշաններ է ցույց տալիս: Եթե ընդդիմությունն ավելի խելացի ու կազմակերպված լինի, կարելի է բազում առավելություններ ձեռք բերել»:

Ստեփան Սաֆարյանի տպավորությամբ՝ իշխանությունները բավականին մանրակրկիտ են պատրաստվել ընտրություններին՝ ի տարբերություն ընդդիմության. «Կարեն Կարապետյանի՝ տեղեկանք ունենալ-չունենալու հարցը պատահական չէ: Կամ այն, որ ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումը թողել են ընտրություններից հետո, որ հանկարծ որևէ քննադատություն չհնչի ՀՀ իշխանությունների հասցեին: Ռուսաստանի հետ զորամիավորումներ են ստեղծել, ամեն ինչով կիսվել Ռուսաստանի հետ, և անցանկալիության խնդիր ունենալ ՀՀ իշխանությունը չի կարող: Արտաքին ու ներքին դաշտում լավ պատրաստվել է իշխանությունը, բայց թող հանգիստ իրենց տեղում չնստեն, քանի որ հիշում եք «Սասնա ծռերի» իրադարձությունները»:

Ստեփան Սաֆարյանի կանխատեսմամբ՝ հետաքրքիր է լինելու նաև հետընտրական ժամանակահատվածը. «Եթե անգամ ընդդիմադիր բևեռներին հաջողվի որոշակի քաշ ստանալ ԱԺ-ում, ապա ինչպե՞ս է լինելու կառավարության ձևավորման խնդիրը: Կա՞ արդյոք ուժ, որը տանելու է հետընտրական զարգացումները»:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն ընդդիմության միավորումը ֆանտաստիկայի ոլորտից հարց է համարում: Ըստ նրա՝ առանձին ընդդիմադիր ուժերի ստեղծումն էլ հենց վկայում է այն մասին, որ նրանք չեն ուզում միավորվել: Այն հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի կարողանում փողոց դուրս բերել, այսպես ասած, բողոքավոր հատվածին, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «80 տոկոս պայմանական բողոքավոր մարդիկ ոչ միայն ընդդիմության, այլև իշխանությունների սոցիալական բազան են: Դրանք խոցելի են, կաշառքը իշխանությունները հենց նրանց են բաժանում: Եվ դա ոչ թե ընդդիմության, այլ իշխանության պոտենցիալն է»:

Արմեն Բաղդասարյանը ցավով նշեց, որ ՀՀ բոլոր ոլորտներում գործում են հանցագործ աշխարհի օրենքները. «Տարածքները բաժանված են զոնաների, կան զոն նայողներ, նրանց կոչում են հեղինակություններ: Քաղաքական ուժերը զբաղված են այդ զոն նայողներին իրենց կուսակցություն քաշելու գործով. հեղինակությունների առևտուր է գնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031