Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի է նախագծի այսքան շտապողական քննարկումը

Մարտ 03,2017 20:02

«Այս տարի մարտի վերջին շաբաթվա ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի  կոմիտեն վերանայելու է Հայաստանի Հանրապետության առաջին հաշվետվությունը և ներկայացվելու է 2010 թվականին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան վավերացնելուց  հետ Հայաստանի կառավարության առաջին հաշվետվությունը: Եվ ես գրեթե համոզված եմ, որ  սրանով է պայմանավորված օրինագծի ընդունման  այս շտապողականությունը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով փորձագետ Զառա Բաթոյանը:

Նրա խոսքով՝ շատ տարբեր օրինագծեր են եղել, շատ երկար է այս աշխատանքը ներկայացվել.  օրինակ 2013 թ-ին ներկայացվել է առաջին նախագիծը, բայց 2015 թ-ին  այն դուրս է եկել օրակարգից, որովհետև կամ  պարզապես ճիշտ ժամանակին նախագծի հեղինակը  այն  չի ներկայացրել, կամ  ուղղակի չի կարևորվել. «Սա ես այդքան էլ չեմ ողջունում, որովհետև ճիշտ է շատ հասարակական կազմակերպություններ ներգրավված են եղել տարբեր գործընթացներում, բայց թե որքանով է սա արդյունավետ եղել, որքանով են ընդունվել բոլոր կազմակերպությունների առաջարկությունները, որքանով են տարբեր խմբեր ներգրավված եղել այս ընթացքում, դեռևս հարց է, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ լսողության և տեսողության,  հոգեկան առողջության և մտավոր խնդիր ունեցող մարդիկ ակտիվորեն ընդգրկված են եղել այս նախագծի քննարկման ժամանակ»:

Զառա Բաթոյանն ասաց, որ անթույլատրելի է այս նախագծի այսքան շտապողական քննարկումն ու այսպես վերջանական օրենք ունենալը:  Ինչպես նշեց փորձագետը՝ 2-րդ ընթերցման ժամանակ եղել են որոշ փոփոխություններ, որոնք շատ խնդրահարույց էին, և նույնիսկ ՄԱԿ-ի կոմիտեն էր ներկայացրել իր առաջարկների մեջ. «Օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց կանխարգելումը, որը չպետք է ներառվեր այս օրենքում կամ սահմանումների հետ կապված խնդիրները»:

Հարցին՝ եթե նա լրացումներ աներ, որոնք կլինեին դրանք փորձագետը պատասխանեց, որ առաջինը կլիներ հաշմանդամության սահմանման փոփոխությունը:  «Հաշմանդամության սահմանումը այս նախագծում դեռևս բժշկական մոդելի վրա է հիմնված: Այն  խնդիրը տեսնում է անձի մեջ, անձի առողջական խնդիրների կամ ֆունկցիայի  խանգարման մեջ: Իսկ կոնվենցիան մեզ խրախուսում է  հաշմանդամության սահմանումները ձևակերպել մարդու իրավունքի վրա՝ նկատի ունենալով շրջակա միջավայրի փոխազդեցությունը: Նախորդ օրենքի սահմանումը ավելի նախընտրելի էր, այսինքն` նոր օրենքում գրեթե բացառում ենք միջավայրային գործոնը, իսկ դրա բացառման դեպքում նշանակում է, որ մենք քիչ անելիք ունենք կամ էլ անելիք չունենք»:

Փորձագետը կարևորեց նաև մատչելիության հոդվածում  ծառայությունների մատչելիության ներառումը և խտրական մոտեցումների բացառումը օրենքում. «Օրինակ` երբ մենք խոսում ենք տրանսպորտային միջոցների մատչելիության մասին,  էստեղ խոսվում է նվազագույն  պայմանների կամ քանակի մասին: Երբ մենք խոսում ենք ժեստերի լեզվով հաղորդումների մասին, նորից նշվում է առնվազն մեկ մանկական և մեկ լրատվական հաղորդման ապահովումը պետության կողմից, իսկ օրենքը պիտի առավելագույնը ամրագրի»:

Զառա Բաթոյանի խոսքով՝ մեկ այլ ծիծաղելի խնդիր է կանգառների մատչելիության մասը. հաշմանդամություն ունեցող անձանց համար նախընտրելի և անհրաժեշտ վայրերում  տրանսպորտային միջոցների կանգառների սահմանումը. «Իսկ ո՞վ կասի՝ որո՞նք են նախընտրելի և անհրաժեշտ վայրերը, արդյոք դրանք տարբերվո՞ւմ են մյուս անձանց համար նախընտրելի և անհրաժեշտ վայրերից: Սրանք անընդունելի ձևակերպումներ են օրենքում»,- ասաց փորձագետը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031