Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին ՀՀ օրենքի նոր նախագիծը մի քայլ առաջ է

Մարտ 03,2017 19:55

«Տվյալ նախագիծը  քաղաքացիական հասարակության և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի կողմից երկար սպասված էր»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին ՀՀ օրենքի նոր նախագծի վերաբերյալ  հանդիպման ժամանակ ասաց Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան քաղհասարակության ծրագրերի համակարգող, իրավաբան Տաթև Խաչատրյանը:

Նրա խոսքով, 2011 թ-ից սկսած ընդանում էին նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքները և մի քանի անգամ նախագիծը երկար ճանապարհ է անցել՝ Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարությունից մինչև ազգային ժողովի մշտական հանձնաժողով, բայց այն պարբերաբար վերադարձվել է տարբեր պատճառներով. «Եվ այն, որ այսօր մենք 2-րդ ընթերցումն ունենք՝ արդեն մեծ առաջընթաց է, հույս կա, որ այն կընդունվի» :

Իրավաբանի խոսքով՝ ինչքան  էլ այս նախագիծը մի քայլ առաջ է գործող օրենսդրությունից և դրույթներն ավելի համահունչ են ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային, այնուամենայնիվ մի քանի խնդիրներ կան, որոնց մասին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բարձրաձայնել են նախագծի մշակման և քննարկման փուլերում. դրանցից է օրինակ տարբեր ոլորտներին համապարփակորեն անդրադառնալը, ինչը նախագծում չի կատարվել: Ավելի շատ շեշտադրումը կատարվել է առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության վրա: Մինչդեռ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող երեխաների և կանանց մասին խնդիրների ավելի մանրամասն անդրադառնալը կամ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական-քաղաքական կյանքում մասնակցելը՝ դուրս է թողնված նախագծից:

«Մենք նաև մտավախություն ենք հայտնել Հելսինկյան քաղաքացիական  ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ, որ մեխանիզմները, որոնք դրված են այս նախագծի գործարկման հիմքում՝ մեր ուզած չափով արդյունավետ չեն. մասնավորապես՝ ազգային հանձնաժողովը, որը կարևոր դերակատարում ունի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի կարգավորման մեջ, չունի այն անհրաժեշտ լծակները, որոնք այս կառույցը և նրա գործունեությունը կդարձնեն ավելի արդյունավետ»,- ասաց Տաթև Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ այս մարմնի աշխատանքը արդյունավետ կլինի, եթե այն աշխատի հետևյալ մեխանիզմով. հաշվետվողականություն պարտադրի պետական մարմիններին՝  նշելով թե ինչ է արվել, որևէ խնդիր բարձրացնելուց հետո:

Մյուս կարևոր կետը, որն ամրագրվել է նախագծում՝  այն է, որ  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության  մոնիթորինգային մարմինը դարձել է  մարդու իրավունքների պաշտպանը: «Հաշվի առնելով, որ օմբուդսմանը բացառիկ սահմանադրական մարմին է և կարևոր ֆունկցիա ունի այդ ոլորտում, մենք շատ կարևորում ենք  , որ հասարակական սեկտորի ներկայացուցիչները անմասն չմնան այդ գործընթացից:

Մոնիթորինգը պետք է կատարվի համատեղ ուժերով: Հետագայում ակնկալում ենք, որ օմբուդսմանը կստեղծի արդեն իսկ պրակտիկայում գոյություն ունեցող հասարակական կազմակերպություններից բաղկացած խմբեր, որոնք նրան հավասար կիրականացնեն այդ մոնիթորինգը և իրենց առաջարկությունները հավասարապես կարտացոլվեն այն եզրափակիչ զեկույցներում, որոնք կներկայացվի դիտողություններով որևէ մարմնի»,- ասաց բանախոսը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031