Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի միջև արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով էական քաղաքական դիսկուրս չկա: Նման կարծիք հայտնեցին մի շարք փորձագետներ մարտի 29-ին կայացած «ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ:
Քննարկման կազմակերպիչը «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունն էր, հրավիրված էին արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով զբաղվող փորձագետներ, փորձագիտական կենտրոնների ղեկավարներ, վերլուծաբաններ և այլն: Քննարկվում էին քաղաքական ուժերի արտաքին քաղաքական առաջարկը քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև որոշում ընդունող մարմինների և փորձագիտական հանրույթի հետ համագործակցության խորացման հեռանկարները՝ արդեն նոր ձևավորվող խորհրդարանի պարագայում:

«Եթե նույնիսկ X անվանումով Y ղերակատարով որևէ այլ քաղաքական ուժ գա իշխանության, այն մոտավորապես նույն քաղաքականությունն է իրականացնելու, ինչ այսօր իրականացվում է, քանի որ որոշ ժամանակ առաջ արդեն իսկ այդ նույն քաղաքականությունն իրականացրել է»,- ասել է Իսկանդարյանը:
Կարդացեք նաև

Նա ընդգծել է, որ միայն մեկ ուժ է հանգամանորեն և հստակ ներկայացրել արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ իր տեսլականը և անվտանգության հարցն ընտրել որպես իր գլխավոր առաջնահերթություն՝ այն դնելով նույնիսկ իր կարգախոսի հիմքում, դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: «Այս կուսակցությունը միակն է, որ ամրագրում է անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի մեծացմանն այլընտրանք չլինելը: Սա թեզ է, որի կյանքի կոչումը կենսական նշանակություն ունի հասարակության համար»,- ասել է նա:
Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին՝ Բարսեղյանն ընդգծել է, որ միայն Ազատ Դեմոկրատներ կուսակցության մոտեցումն է տարբերվում մյուսներից, այն առաջարկում է դուրս գալ ԵԱՏՄ-ից:

«Խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում ունենալու ենք անվտանգության հարցերում նոր խորհրդարանական մեխանիզմների մշակման, փորձարկման, դրանց անխափան կիրառման անհրաժեշտություն: Եվ այդ ուղղությամբ բոլորս մտածելու բան ունենք»,- ասել է Զաքարյանը: Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն կարևորում է փորձագիտական շրջանակների հետ համագործակցության խորացման, քաղաքական գործիչների և փորձագետների միջև նման ձևաչափերով հանդիպումների շարունակական և պարբերական աշխատանքի անհրաժեշտությունը:

Քննարկման մասնակիցներն իրենց ելույթներում առաջարկներ են ներկայացրել փորձագիտական հանրույթի և քաղաքական ինստիտուտների միջև համագործակցության խորացման վերաբերյալ: Ընդգծվել է, որ փորձագետները կարող են իրենց դրական դերակատարումն ունենալ քաղաքական հնարավոր անկայունությունը կանխելու հարցում։ Առաջարկ է հնչել նաև արտաքին քաղաքական տարբեր զարգացումների սցենարների և դրանց պարագայում ՀՀ հնարավոր քայլերի մշակման վերաբերյալ:

Բեքարյանը կարևորել է փորձագետների նախաձեռնողականության անհրաժեշտությունը, ինչպես նաև փորձագիտական կենտրոնների միջև մասնագիտական տարանջատման պահպանումն ու զարգացումը:
Ընդհանուր առմամբ, քննարկումը ձևավորվող խորհրդարանի և փորձագիտական շրջանակների միջև սերտ համագործակցության սաղմեր է ստեղծում, սակայն այլ հարց է, թե խորհրդարան մտած քաղաքական ուժերը որքանով կօգտվեն այդ հնարավորությունից:
Աննա Կարապետյան


















































