«Մարդիկ չունեն տարրական դեղորայք: Եվ Հրազդան ՔԿՀ-ում, եւ մի քանի ՔԿՀ-ներում մենք հանդիպել ենք կազուս դեպքերի. բժիշկն ինքը լաբորատոր պայմաններում պատրաստում է դեղորայք՝ իրար հետ խառնում դեղաբույսեր, նաեւ ձեր զեկույցում արձանագրված է, բժիշկը տնայնագործական պայմաններում դեղորայք է պատրաստում`ցավազրկող եւ այլն: Հարազատն իրավունք ունի դեղորայք հանձնելու, բայց դա շատ բարդ ընթացակարգ է»,- այս մասին այսօր ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:


Պետպատվեր հասկացողության մասին Նաիրա Զոհրաբյանը խոսել անգամ չցանկացավ, մինչդեռ նախատեսված է, որ այդ սկզբունքը ՔԿՀ-ներում էլ պետք է աշխատի, բայց անգամ ազատության մեջ գտնվող սոցիալապես անապահովները չեն կարողանում պետպատվերից օգտվել: ՔԿՀ-ներում կա նաեւ մասնագետ բժիշկների, սանիտարների պակաս: Աշխատավարձը ցածր է: Բացի այդ, այսպես ասած, ծառայողական խոչընդոտներ կան: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությունում եւս դեմ չեն, որ ՔԿՀ-ի ենթակայությունից բժիշկները հանվեն:

«Հոգեբանի ծառայություն մատուցում է սանիտարը, օրինակներ չբերեմ, եղել են դեպքեր, երբ հոգեբանը չի եղել: Ասում են՝ դե ով կգա ստեղ հոգեբան աշխատի, աշխատավարձը ցածր է: Դուք տեսե՞լ եք բժշկական սարքավորումները, 50-ական թվականների ֆիլմերում եմ ես տեսել ինչ-որ ինկուբատորներ: Մտածել եմ, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի արխիվից բերված սարքավորումներ են ֆիլմ նկարելու համար»,- թեման զարգացրեց Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ դատապարտյալների հիվանդանոցում չկա վերակենդանացման բաժանմունք:
«Լուծում համար մեկ՝ բուժանձնակազմը պետք է լինի առողջապահության նախարարության կազմում, առանձին եւ արդարադատության նախարարության կազմում, բայց ոչ քրեակատարողական համակարգի ներսում: Անձամբ իմ կարծիքով՝ դրանք պետք է լինեն արդարադատության նախարարությունից դուրս»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































