Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. «Մեր նպատակն է բարգավաճ եւ ժողովրդավար Հայաստանը»

Հունիս 28,2017 22:03

Հունիսի 28-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացած ընդունելության ժամանակ դեսպան Ռիչարդ Միլսն ազդարարեց Ամերիկյան մշակութային շրջագայության մեկնարկի մասին: Դեսպանն ասաց, որ շրջագայության ժամանակ կլինի կինո, ջազ, գրքերի ընթերցանություն:

Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ամերիկացի ջազ վոկալիստ Մայքլ Մեյոն, որ Արմեն Հյուսնունցի ու նրա ջազ-բենդի հետ միասին ելույթ կունենա Երեւանում եւ Գյումրիում: Իսկ Հյուսնունցի նվագախումբը կլինի Հայաստանի տարբեր քաղաքներում:

Ամերիկյան մշակութային շրջագայության մեկնարկը հուլիսի 1-ից է Երեւանում, իսկ հուլիսի 2-4-ը մշակութային կանգառ կլինի Գյումրիում, Վանաձորում և Իջևանում՝ ներկայացնելով մի շարք մշակութային ծրագրեր, որոնցից մեկն է «Իստ Սայդ Սուշի» կինոնկարի ցուցադրությունը, որը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 16-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, հուլիսի 3-ին ժամը 16-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում և հուլիսի 4-ին, կրկին ժամը 16-ին Իջևանի Մշակույթի տանը:

Ֆիլմն այս տարվա սկզբին կազմակերպված ամերիկյան «Մարդկային պատմությունների խճանկար» կինոփառատոնին ցուցադրված ֆիլմերից մեկն է, որը պատմում է լատինաամերիկացի Ջուանայի՝ օրուգիշեր աշխատող միայնակ մոր մասին, ով շատ է ցանկանում դառնալ սուշի պատրաստող խոհարար: Ամերիկյան մշակութային շրջագայություն կլինի նաեւ Սիսիանում, Գորիսում եւ Մեղրիում:

Դեսպանն անդրադարձավ նաեւ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: «ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանը և Խաղաղության կորպուսն այս տարի նշանավորում են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Տոնակատարությունների կենտրոնում 2017թ. հուլիսի առաջին երկու շաբաթվա ընթացքում կազմակերպվող Ամերիկյան մշակութային և գործընկերային շրջագայությունն է Երևանում և Հայաստանի յոթ այլ քաղաքներում: Մշակութային բազմաթիվ միջոցառումներին զուգահեռ մենք այցելելու ենք ԱՄՆ ՄԶԳ, Խաղաղության կորպուսի և ԱՄՆ դեսպանատան հետ այս տարիների ընթացքում համագործակցող մարդկանց, բնակավայրերն ու համայնքները՝ ներկայացնելով ընթացիկ և ավարտված ծրագրերը և արժևորելով հայաստանցիների առօրյայում այս ծրագրերի շնորհիվ արձանագրված իրական ձեռքբերումները»,-ասաց պարոն Միլսը:

«Մենք տոնում ենք 25 տարիների ձեռքբերումներն ու փոփոխությունները, եւ մեր ընդհանուր նպատակն է բարգավաճ եւ ժողովրդավար Հայաստանը»,-եզրափակեց նա:

Մայքլ Մեյոն ասաց, որ ուրախ է լինել Հայաստանում, շատ է լսել մեր երկրի մասին, քանի որ բազմաթիվ հայ ընկերներ ունի: Նա նաեւ մի կատարում նվիրեց ներկաներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930