Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճից լրացուցիչ ջրառից շահույթներ են ստանալու, իսկ այդ շահույթները գնալու են ինչ-որ մեկի գրպանը

Հուլիս 04,2017 11:54

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի դիմաց այս պահին շարունակում է առավոտից սկսած բողոքի ակցիան՝ Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցնելու կառավարության առաջարկի դեմ: Կառավարության այդ նախագիծն այսօր քննարկվում է ԱԺ-ում:

«Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանի խոսքով, եթե Ազգային ժողովը հավանություն տա նախագծին, իրենք ստիպված կլինեն բացահայտել, թե ում շահերին է ծառայում այդ որոշումը: Նա նաեւ ասաց, որ 72 կազմակերպություն արդեն ստորագրել է այդ վտանգավոր որոշման դեմ, իսկ բնապահպաններն էլ հետաքննություն են սկսել:

«Հայաստանի անտառներ» կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանն (լուսանկարում) էլ պատմեց, որ երեկ ինքը ԱԺ բնապահպանական հանձնաժողովում այդ նախագծի քննարկմանն է մասնակցել:

Ըստ նրա՝ Սեւանից լրացուցիչ ջրի բացթողման հարցը քննարկելիս բոլորը հաստատեցին, որ ներկայացվել է թերի նախագիծ. «Ոչ մի թիվ իրար չի համապատասխանում, հանձնաժողովի անդամները պահանջեցին, որ այսօր ներկայացվի տեղեկանք, բայց աբսուրդ է, տեղեկանքը նախօրոք են ներկայացնում, որ պատգամավորները ծանոթանան ու քննարկեն, քննարկման օրը նոր տեղեկանք ներկայացնելն օրենքով արգելված է»:

Տիկին Վարդանյանի խոսքով, երեկ հանձնաժողովի ութ անդամներից երկուսը դեմ քվեարկեցին նախագծին. «Ես վերլուծել եմ օրենսդրությունը, համեմատել եմ նախագիծը բնապահպանական օրենսդրության հետ, մեծ հակասություններ կան, առաջինը հակասում է Սեւանա լճի մասին օրենքով ամրագրված սկզբունքներին, որտեղ նշված է, որ Սեւանի հաշվեկշիռը չպետք է բացասական լինի: Եթե թվերը այսօր կեղծ չներկայացնեն, արդեն բացասական հաշվեկշիռ է, որովհետեւ արդեն սխալ հաշվարկ են ներկայացրել: Բացի այդ՝ ՎՊ 2015 թվականի որոշումը հաշվի չեն առել, որ 45 տոկոս ջրի կորուստ կա, այսինքն, եթե այս օրենքի համաձայն պետք է բաց թողնեն 270 միլիոն խ/մ ջուր, դա նշանակում է, որ ըստ այդ կորուստների թվի՝ 130 միլիոն խ/մ ջուր կորում է: Այսինքն, այն, ինչ բաց են թողում, կեսը կորում է, բայց բնության մեջ ջուրը չի կարող կորել, դա էլ կոռուպցիոն ռիսկ է պարունակում, դրա հաշվին շահույթ են ստանալու, էլեկտրաէներգիա են արտադրելու, ու շահույթները գնալու են ինչ-որ մեկի գրպանը»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31