Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ծխախոտի խմբաքանակը կորել է Ուկրաինայում. Մաքսավորնե՞րն են մեջ-մեջ անում

Հուլիս 18,2017 20:31

Հայկական արտադրության ծխախոտի հետ կապված միջադեպն Ուկրաինայում դուրս է գալիս բիզնես հարաբերություններից. այս խնդիրը հնարավոր է լուծել միայն պետական միջամտությամբ: Այսպիսի կարծիք հայտնեց Aravot.am-ի հետ զրույցում «ՍՊՍ Սիգարոն» ընկերության կոմերցիոն տնօրեն Ահարոն Թադեւոսյանը (լուսանկարում՝ մեջտեղում):

Արդեն 2-րդ ամիսն է՝ Ուկրաինայի մաքսավորներն ապօրինի բռնագրավել են հայկական Սիգարոն ծխախոտի խմբաքանակը: Օրերս ուկրաինական կողմը պաշտոնական հայտարարություն էր տարածել, թե բռնագրավել է 840 հազար տուփ հայկական ծխախոտ, որոնք եղել են առանց ակցիզային դրոշմապիտակի: Մինչդեռ ընկերության ղեկավարությունը պնդում է՝ ուկրաինական կողմը կեղծիք է հրապարակել, եւ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

Ահարոն Թադեւոսյանը վստահեցրեց՝ «Լուսանկարները, որ հրապարակել է ուկրաինական տվյալ կազմակերպությունը, իբր թե ապացուցում են, որ առանց դրոշմապիտակի է եղել մեր ապրանքը, սուտ է: Լուսանկարներից մեկի վրա պարզ երեւում է դրոշմապիտակը: Իսկ մյուս լուսանկարներն արվել են ծխախոտի տուփի այն հատվածում, որտեղ ակիցիզները չեն երեւում»:

Թադեւոսյանը նաեւ վստահեցնում է՝ իրենց ապրանքը եղել է ընդամենը 126 հազար տուփ, ոչ թե 840 հազար: «ՍՊՍ Սիգարոնի» կոմերցիոն տնօրենն ասաց, որ ապրանքը 100% -ով փաստաթղթավորված է եղել եւ համապատասխանում է ԵՄ «պրոդուկտ դիրեկտիվի» պահանջներին:

Հայկական արտադրության ծխախոտի առաջին խմբաքանակն առաջին անգամ պետք է արտահանվեր Լեհաստան: Ընկերության լեհական գործընկերները խնդրել էին ապրանքը Ուկրաինայով արտահանել, որպեսզի առաջին անգամ ԵՄ ներմուծվեր հենց Լեհաստանով:

Ընկերությունը լեհական գործընկերոջ հետ երկար բանակցել էր, պայմանավորվել տուփերի ձեւավորման, ծխախոտի բաղադրիչների եւ այլ մանրամասների շուրջ եւ վերջապես պայմանագիր կնքել: Եվ որպեսզի ապրանքն առանց խոչընդոտի հասնի Եվրամիության տարածք՝ Լեհաստան, լեհական կողմը համապատասխան ակցիզային դրոշմապիտակներ էր ուղարկել «Սիգարոնին», որոնք փակցվել էին տուփերին:

Ապրանքը Լեհաստան հասցնելու համար «Սիգարոնը» երկար ժամանակ բեռնափոխադրող է փնտրել: Թադեւոսյանի պատմելով՝ հայկական բազմաթիվ բեռնափոխադրողներ, երբ իմանում էին, որ բեռը պետք է Ուկրաինայով տեղափոխել՝ հրաժարվում էին, ասում էին՝ «Ուկրաինա՞, ոչ, ոչ մի դեպքում»: Ընկերությանն այդպես էլ չի հաջողվել տեղական բեռնափոխադրող ընկերության հետ պայմանավորվել, եւ գտել էր ուկրաինական ընկերություն, որը կարծես թե վստահելի էր, Հայաստան ապրանք է ներկրում, արտահանում: Այս ընկերության միջոցով էլ «Սիգարոնն» իր ապրանքի առաջին խմբաքանակն ուղարկել էր Ուկրաինա: Հիմա հայկական ապրանքը «լռվել է» օդեսական նավահանգստում, ուկրաինացի մաքսավորներն արհեստական խոչընդոտներ են առաջացնում: «Սիգարոնը», երբ պարզել է, որ խոչընդոտներ կան, Լեհաստան չի կարող բեռը հասցնել, փորձել է ապրանքը հետ բերել Հայաստան, բայց կրկին չի հաջողվել:

Թադեւոսյանի վստահեցմամբ՝ ուկրաինական կողմն անգամ որեւէ հարցի չի պատասխանում՝ ոչ գրավոր, ոչ բանավոր: «Արդեն ձեւակերպվում էր, որ հետ գա ապրանքը, ուկրաինացի չինովնիկները չեն ուզում հետ տան: Մեր իրավաբանը գնաց Օդեսա, նրանք հասկացան, որ հարցը լրջանում է՝ մեզ նամակ ուղարկեցին, թե՝  840 հազար տուփ անօրինական ապրանք են բռնագրավել՝ Արաբական էմիրություններից ու Հայաստանից: Ես չգիտեմ էմիրական ապրանքն ինչպիսին է, բայց մեր ապրանքն անօրինական չէ, բոլոր պահանջվող փաստաթղթերը կան: Բայց իրենք անամոթաբար ներկայացնում են, թե «կոնտրաբանդ են» հայտնաբերել»,-ասաց Թադեւոսյանը:

Ուկրաինայում ծխախոտ արտադրող խոշոր ընկերություններ կան, արդյոք հնարավո՞ր է, որ սա ուղղակի բիզնես շահերից ելնելով ինչ-որ միջամտություն է. մեր այս հարցին ի պատասխան Թադեւոսյանն ասաց. «Ուկրաինայից ոչ բոլոր բեռներն են հաջողվում անցկացնել: Ասեկոսներ կան, որ այդ երկրում դեռ 90- ականներին բնորոշ երեւույթներ կան: Մաքսավորները պարբերաբար բռնագրավում են բեռները: Հիմա մեր բեռը տարել են, չենք հասկանում որտեղ է: Մեր ապրանքը Ուկրաինայի համար բարձարաժեք ապրանք է: Հիմա չգիտենք մեր բեռի տեղը, կարծես թե մեջ-մեջ են ուզում անել, հիմա ժամանակ են ուզում շահել, մինչեւ դատարան եւ այլ գործընթացներ: Մեր իրավաբանն Ուկրաինայում փորձում է դատական կարգով բեկանել առգրավման որոշումը»:

Այս միջադեպի պատճառով «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը մոտ 100 հազար դոլարի վնասներ է կրել: Ընկերությունը դիմել էր Ուկրաինայում Լեհաստանի դեսպանին, Ուկրաինայում Հայաստանի հյուպատոսին, դեսպանին չի հաջողվել գտնել, օրերս նաեւ դիմում է գրել ՀՀ վարչապետին: Թադեւոսյանն ասաց, որ խնդիրը հնարավոր է լուծել միայն միջպետական մակարդակով:

«Լեհական մեր գործընկերներին, երբ բացատրում էինք, որ բեռը Ուկրաինայի մաքսավորները թույլ չեն տալիս անցկացնել, զարմացել էին, անգամ չէին հավատում: Մենք հնարավոր է եվրոպական մեր գործընկերոջ վստահությունն ու շուկան կորցնենք, մտածեն՝ մի բեռ չեն կարողանում անցկացնել: Բայց խնդիրը պետական մակարդակով է, այսինքն՝ չինովնիկներն են խոչընդոտը»,-ասաց Ահարոն Թադեւոսյանը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31