Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական լրտե՞ս» է պարտադրել Սան Ֆրանցիսկո օպերայի տնօրենին

Հուլիս 22,2017 13:30

Բեմադրիչ Ժիրայր Փափազյանի պարզաբանումները «Արշակ Երկրորդ»-ի առիթով

«Առավոտի» 14.07.2017թ. եւ 18.07.2017թ. համարներում «Ժիրայր, չամաչեցի՞ր դու» եւ «Օպերան՝ Թերզյանի լիբրետոյով անթույլատրելի է» հոդվածները, որոնք անդրադառնում են 2001թ. Սան Ֆրանցիսկո օպերայում Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի՝ մեր զրուցակիցների խոսքերով՝ տապալմանը, քննարկման առարկա է դարձել հայաստանյան մշակութային գործիչների շրջանում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ բեմադրիչ, Փարիզի Տիգրան Չուխաջյան միջազգային ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ժիրայր Փափազյանը նպատակ ունի Երեւանում բեմադրել Չուխաջյանի հիշյալ օպերան իտալերեն բնագրով, որի լիբրետոն, ըստ մեր զրուցակիցների՝ Օսմանյան կայսրության կողմից թելադրված է եղել Թովմաս Թերզյանին:


Հիշեցնենք, որ առաջին հոդվածի մեր զրուցակիցն էր Սան Ֆրանցիսկո օպերայի 1978-2012թթ. նվագախմբի արտիստ, ջութակահար Ժիրայր Սվազլյանը, որի նախաձեռնությամբ է բեմադրվել «Արշակ Երկրորդը», երկրորդում՝ օպերային ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը: Մասնավորապես, Ժիրայր Սվազլյանը մեղադրում է Ժիրայր Փափազյանին, որը սողոսկել է Սան Ֆրանցիսկո օպերա, ինչի արդյունքում էլ այս օպերան բեմադրվել է Թերզյանի լիբրետոյով, որտեղ հայոց արքան նույնացվում էր Ստալինի կերպարի հետ: Մինչդեռ 1945թ. Երեւանի օպերային թատրոնում «Արշակ Երկրորդի» բեմադրության առիթով հրավիրվում է գեղարվեստական խորհրդի նիստ՝ մասնակցությամբ այնպիսի մեծանուն արվեստագետների, ինչպիսիք են դիրիժոր Միքայել Թավրիզյանը, երաժշտագետ Գեւորգ Տիգրանովը, բեմադրիչ, լիբրետոյի հեղինակ Արմեն Գուլակյանը, կոմպոզիտոր Լեւոն Խոջա-Էյնաթյանը եւ մյուսները, որոնք քաջածանոթ են եղել Չարենցի տուն-թանգարանում գտնվող օպերայի բնօրինակին:


«Առավոտի» փորձերը՝ կապվել արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, չուխաջյանագետ Աննա Ասատրյանի հետ, ապարդյուն էին: Տեղեկացված լինելով, որ Երեւանում է այս ամենի «մեղավորը»՝ Ժիրայր Փափազյանը, նրան հրավիրեցինք զրույցի:
«Եթե լիբրետոն Օսմանյան կայսրության պատվերն է Թերզյանին, հարց եմ հնչեցնում՝ ինչո՞ւ Չուխաջյանի կյանքի օրոք այդպես էլ չբեմադրվեց օպերան: Հարգելիներս, հակառակը, Չուխաջյանն ու Թերզյանը թաքուն են պահել լիբրետոն, որը հենց օսմանյան բնապետության դեմ էր եւ Օսմանյան կայսրությունը, ի վերջո, ծանոթանալով դրան եւ նկատելով, որ լիբրետոյում ակնարկ կա իրենց դեմ, արգելել են օպերայի բեմադրությունը: Չուխաջյանը ստիպված է եղել վերնագիրը փոխել «Օլիմպիա», դա էլ չի օգնել: Ավելին, հայաստանցի կոլեգաներիս, որոնց շատ հարգում եմ, կխնդրեի գնալ Չարենցի տուն-թանգարան, հետազոտել Չուխաջյանի ձեռագիրը:

Բանն այն է, որ պարտիտուրայում, բոլոր այն տեղերում, որտեղ երեւում է Արշակ Երկրորդ անունը, ջնջված է: Ի դեպ, լիբրետոն՝ հրատարակված 1871թ., Պոլսում, գտնվում է ոչ միայն Երեւանում, այլեւ աշխարհի տարբեր հաստատություններում, այդ թվում՝ Փարիզի Նուբարյան գրադարանում: Ի վերջո, սա հեշտությամբ կարելի է գտնել համացանցում»,- զրույցի սկզբում հավաստիացրեց պարոն Փափազյանը: Ինչ վերաբերում է իր «սողոսկելուն» Սան Ֆրանցիսկո օպերա, ասաց. «Դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդ օպերային թատրոնում «Արշակ Երկրորդի» նախաձեռնողը հենց Սվազլյանն է եւ ինքն է առաջինը կապվել ինձ հետ, խնդրել, որ երկու լիբրետոները՝ եւ Թերզյանինը, եւ Գուլակյանինը անգլերենով ներկայացնեմ իրեն, ինքն էլ իր հերթին՝ թատրոնի տնօրինությանը: Ավելին, նամակ ստացա Սան Ֆրանցիսկո օպերայի տնօրեն Լոթվի Մանսուրիից, որի խնդրանքով Չուխաջյան միջազգային ինստիտուտը նրան տրամադրեց ոչ միայն երկու լիբրետոներն, այլեւ բնօրինակի երաժշտական մասը: Սա տեւեց շուրջ երկու տարի: Եվ այստեղ ավարտվեց իմ կապը Սան Ֆրանցիսկո օպերայի հետ, ասել կուզեմ՝ «Արշակ Երկրորդի» բեմադրության հետ»:


Մեր զրուցակիցը հավելեց, որ աշխարհում իրեն հարգող եւ ոչ մի թատրոն, իր խոսքերով՝ բնօրինակը թողած՝ չի բեմադրի «ադապտացիաներ», եթե նույնիսկ դրանք կատարված են մեծանուն արվեստագետների կողմից:

«1945թ. Գուլակյանի լիբրետոյով օպերայի բեմադրությունը շատ հասկանալի որոշում է. հնարավոր բան չէր ներկայացնել մի բռնապետ, որը այնքան նման է Ստալինի կերպարին: Անհրաժեշտ էր այդ ժամանակ ազգայնական մի հերոսի ներկայացնել, մանավանդ՝ օպերայի ֆինալում, ինչը կընդուներ խորհրդային ցենզուրան»,- նշեց Փափազյանը:
Բայց Փափազյանը չի կարողանում մինչ օրս հասկանալ, թե ինչու է փոփոխության ենթարկվել չուխաջյանական հրաշալի երաժշտությունը եւ տեղ գտել կոմպոզիտոր Խոջա-Էյնաթյանինը, այն էլ մեծ ծավալով (ըստ Փափազյանի՝ շուրջ 80%): «Չուխաջյանից մնացել են ցիրուցան սփռված կտորներ՝ անհասկանալի կրճատումներով ու փոփոխություններով»,- վստահեցնում է մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում Ժիրայր Փափազյանը հայտնեց, որ նախքան «Արշակ Երկրորդի» Սան Ֆրանցիսկոյի պրեմիերան, իր մասին ստահոդ լուրեր են տարածել հայկական պարբերականները. «Գրում էին իբր ես պարտադրել եմ թատրոնի տնօրենին օպերայի բեմադրությունն իրականացնել Թերզյանի լիբրետոյով, քանի որ թուրքական լրտես եմ եւ այլն, եւ այլն: Այս ամենից հետո տնօրենը՝ պարոն Մանսուրին ինձ բացահայտորեն ասաց, որ քանի որ անունս խռովություն է առաջացնում հայկական շրջանակներում, հետեւաբար իրենք չեն ուզում, որ ես որեւէ կերպ մասնակից լինեմ այս ներկայացմանը: Նշեմ, որ այո, Արշակ Երկրորդի կերպարը ներկայացվեց որպես մի լկտի մարդասպան»: (Օպերայի բեմադրիչն է ծագումով իտալացի, ամերիկաբնակ Ֆրանչեսկա Զամբելլոն, բեմադրիչ դիրիժորը՝ Լորիս Ճգնավորյանը- Ս. Դ.):

Պարոն Փափազյանը հայտնեց նաեւ, որ օտարազգի բեմադրիչը անտեղյակ լինելով եւ խորությամբ չուսումնասիրելով մեր ազգի նրբությունները, իրեն թույլ էր տվել այնպիսի տեսարաններ, որտեղ, մեր զրուցակցի հավաստմամբ՝ «մուսուլմանական միջավայրի տպավորություն էր ստեղծվել, հենց թեկուզ հայ զինվորների գլխի փաթթոցները, որոնք նույնացվում էին աֆղան ազգայնամոլների հետ կամ երեսները քողով փակած հայ կանայք, ինչը հարեմի տպավորություն էր թողնում…»:

Ինչ վերաբերում է Սան Ֆրանցիսկոյում «Արշակ Երկրորդի» տապալմանը, մեր զրուցակիցը չհամաձայնեց նման որակմանը եւ ասաց, որ բեմադրությունը 6 անգամ ներկայացվել է: Այսինքն՝ դա արեւմտյան թատրոնների համար ընդունված թիվ է, տապալվելու մասին խոսք լինել չի կարող:

Փափազյանը ասաց նաեւ, որ բեմադրության առիթով 12-ից ավելի հոդվածներ են հրապարակվել ճապոնական, իտալական, ամերիկյան եւ այլ պարբերականներում եւ միայն երեք հայալեզու թերթերն են, որ միայն քննադատություն են հնչեցրել բեմադրության առիթով. «Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ նույնիսկ քննադատական հոդվածներում գովաբանվել է բեմադրությանը մասնակից միակ հայ արտիստը՝ Օլիմպիայի դերերգով հանդես եկող հայտնի սոպրանո Հասմիկ Պապյանը»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ տեսարաններ
Սան Ֆրանցիսկո օպերայում
«Արշակ Երկրորդ» բեմադրությունից

 

«Առավոտ»

21.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31