Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի տնտեսությունը «կուլ կտա» ԵԱՏՄ երկրներին

Օգոստոս 22,2017 17:49

«Եթե մի կողմ թողնենք մեր կողմնակալ մոտեցումները եւ խնդրին մոտենանք օբյեկտիվորեն, ապա պետք է անաչառորեն ընդունել, որ Թուրքիան տարածաշրջանում ամենադինամիկ զարգացող տնտեսություններից մեկն է: Վերջին 2-3 տասնամյակների ընթացքում Թուրքիայի տնտեսությունն ակնառու հաջողություններ է արձանագրել, ինչն էլ այդ երկրի ղեկավարությանը թույլ է տալիս թակելու ԵՄ-ի դռները»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը`հավելելով, որ Թուրքիան, ըստ էության, արդեն ստացել է այն բոլոր արտոնությունները, որոնք ունեն եվրոպական երկրները`առեւտրի, զարգացման եւ համագործակցությունների մասով: ԵՄ-Թուրքիա անհամաձայնությունները վերաբերվում են քաղաքական, մասնավորաբար, արտաքին քաղաքական հարցերին: Ըստ տնտեսագետի, թուրքական ապրանքների ու ծառայությունների մրցունակությունն է թույլ տալիս այդ երկրին`այդ դիրքերից հարաբերվել ԵՄ-ի հետ:

Այս իրողությունների համատեքստում անդրադառնալով Թուրքիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ խոսակցություններին, տնտեսագետը նկատում է, որ ոչ ՌԴ-ն, ոչ Ղազախստանը, ոչ Բելառուսը, ոչ Հայաստանը եւ ոչ էլ Ղրղըզստանը չունեն ՀՆԱ-ի ոչ կառուցվածքային, եւ ոչ էլ մրցունակության առումով այն հաջողությունները, որոնք արձանագրել է Թուրքիան: «Այսինքն, այստեղ բավական լուրջ մտահոգություններ կան: Նույնիսկ եթե Թուրքիան Հայաստանին չխանգարի քաղաքական առումով, փակ սահմանների խնդիրները չլինեն եւ այլն, Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ բաց եղանակով, ազատ ռեժիմով գործակցել Թուրքիայի հետ: Մրցունակության առումով մենք դեռ բավական զիջում ենք թուրքական ապրանքներին եւ սա մեծ վնաս կարող է հասցնել տեղական արտադրությանն այն ոլորտներում, որոնք կարծում ենք, թե կայացած ոլորտներ են»,- ասաց տնտեսագետը: Դրանք են`ոսկերչությունը, գյուղատնտեսությունը: «Առաջին դեպքում մենք ունենք կայացած ոլորտ. ոսկերչությունն իսկապես համարվում է Հայաստանի մրցակցային առավելություններից, իսկ գյուղատնտեսության մեջ պոտենցիալն է բարձր, բայց մենք դեռ չենք իրացրել դա ամբողջությամբ: Վտանգի տակ կարող են հայտնվել մնացած բոլոր ոլորտներն էլ: Չմոռանանք, որ Թուրքիան իր տեղական արտադրությունը հասցրել է այնպիսի մակարդակի, որ բազմաթիվ բազմազգ ընկերությունների համար համարվում է տարածաշրջանային կենտրոն: Արեւմուտքի առաջատար շատ կենտրոններ, իրենց մասնաճյուղերն ու գործարաններն ունեն Թուրքիայում եւ այդտեղից մատակարարում են հետխորհրդային տարածք, արաբական աշխարհ: Այսինքն, մինչեւ Թուրքիայի`ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մասին խոսելը, պետք է Թուրքիայի տնտեսությունը լավ ճանաչել»,- ասաց տնտեսագետը: Իր կարծիքով, ՌԴ-ն կարեւոր խնդիր է ունենալու. Թուրքիայի նման գործընկեր ունենալով պետք է ձգտի բարձրացնել իր երկրի տնտեսության մրցունակությունը, որը չի հաջողվում արդեն մի քանի տասնամյակ, հատկապես անկախության տարիներին եւ ածխաջրածինների վրա հիմնված տնտեսություն լինելով այդպես էլ չի հաջողում դիվերսիֆիկացնել ոչ ՀՆԱ-ն, ոչ էլ արտահանման կառուցվածքը:

Ըստ մեր զրուցակցի`լինելով փոքր երկիր, Հայաստանն, այնուհանդերձ, ունի հաջողություններ: Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրած նվաճումները, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որն ամբողջությամբ իրացված չէ, բայց կարող է համարվել մրցակցային առավելություն: Նաեւ`ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնց գծով, իր համոզմամբ, Հայաստանն անխոս առաջատար է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ նաեւ Թուրքիայի հետ համեմատությամբ. «Այս տեսանկյունից, Եվրոպայի համար գերադասելի է Հայաստանի նման գործընկեր ունենալը, քան Թուրքիայի: Այստեղ նաեւ կայունության եւ կանխատեսելիության հարցն է»:

Հիշեցնենք, Թուրքիան բազմաթիվ փորձեր արեց միանալու նաեւ Շանհայի տնտեսական համագործակցության կազմակերպությանը: Ապարդյուն: Այնտեղ Թուրքիային չէին սպասում:

Այնուհանդերձ, նկատի ունենալով ընդամենը մեկ-երկու տարի առաջ ռուս-թուրքական հարաբերություններում ՌԴ-ի բավական զգուշավորությունը, տնտեսագետը վերապահումներով է վերաբերվում պաշտոնական Մոսկվայի կողմից Թուրքիայի ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջարկին: Նա կարծում է, որ ավելի նպատակահարմար կլիներ, եթե ՌԴ-ն դիտարկեր Իրանի ինտեգրումը ԵԱՏՄ-ին, որը ոչ միայն օգտակար, ձեռնտու եւ հսկայական պոտենցիալ ունեցող է, այլ նաեւ կանխատեսելի է ու ռազմավարական շահերի տեսանկյունից ավելի քիչ զգայուն, անվտանգ:

Ամեն դեպքում, Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ ՀՀ-ն իր տնտեսական դիվանագիտությանը պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի գոնե եղած հնարավորությունները կարողանանք ներկայացնել թեկուզ ԵԱՏՄ-ում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031