Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-հարավ. Մերոնք փողերը մսխել են, Վրաստանն ընտիր ճանապարհ է կառուցել. «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2017 12:00

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի պատշաճ եւ ողջամիտ ժամկետում իրականացումը, կարծեք, կառավարության կոկորդում կանգնած ոսկոր լինի՝ կուլ տալ չի կարող, քանի որ «մարսողության» հետ կապված խնդիրներն անխուսափելի կլինեն, կոկորդից դուրս բերելն էլ տրավմատիկ հետեւանքներ կունենա: Փաստ է, որ 2009-ից մեկնարկել է կառուցումը, նախատեսված 556 կմ-ից առայժմ կառուցվել է 31 կմ-ն:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը երեկ պարզաբանումներ է ներկայացրել հիշյալ ճանապարհային միջանցքի վրա ծախսված միջոցների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ ՏԿՏՆ-ի, շահագործման հանձնված 31 կմ Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարական կապալի պայմանագրի գինը կազմում է 70.4 մլն․ ԱՄՆ դոլար: Ծրագրի Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածների 1կմ-ի միջինացված գինը կազմում է մոտ 2.35 մլն․ ԱՄՆ դոլար:

Ըստ նախարարության՝ հիշյալ ճանապարհային միջանցքի կառուցման սկզբից մինչեւ 2017թ. օգոստոսի 1-ը վճարվել է շուրջ 150.3 մլն․ ԱՄՆ դոլար եւ 23,14 մլն․ եվրո: Մինչդեռ մամուլում ընդհանուր վճարված գումարի չափը ներկայացվել էր որպես 31 կմ շահագործման հանձնված բետոնե պատվածքով ճանապարհահատվածների համար կատարված վճարում: Այդ գումարը (150.3 մլն․ ԱՄՆ դոլար եւ 23,14 մլն․ եվրո) ներառում է ոչ միայն արդեն իսկ հիշատակված 70.4 մլն․ ԱՄՆ դոլարը, այլեւ Աշտարակ-Թալին եւ Թալին-Գյումրի ճանապարհահատվածներում իրականացված բետոնացման (2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ մոտ 11 կմ հատվածում իրականացվել են ճանապարհի բետոնե պատվածքի աշխատանքներ), հողային աշխատանքների, արհեստական կառուցվածքների հնագիտական պեղումների համար վճարված գումարը, ինչպես նաեւ դեռեւս չմարված կանխավճարը:

Նույն գումարի մեջ է ներառված նաեւ Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների համար տրված կանխավճարը, «Տրանշ 3» ծրագրի վարկային համաձայնագրի խնայողությունների հաշվին Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածներում նոր կառուցվող եւ վերակառուցվող 9 ուղեանցների եւ մեկ կամրջի աշխատանքների համար վճարված գումարները:

Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մոնիտորինգի կազմակերպությունների աշխատանքային խմբի ղեկավար Սիլվա Ադամյանն օրերս հայտարարել էր, որ 2009-ից հետեւում են ծրագրի ընթացքին եւ եկել են այն եզրակացության, որ «Հյուսիս-հարավ» ծրագիրն իրագործվելու շանսեր չունի։ Մենք այս հայտարարության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար գրություն էինք ուղարկել ՏԿՏՆ՝ խնդրելով հայտնել, թե իրո՞ք ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ ծրագիրն իրագործել:

Նախարարությունը մեզ ուղարկված պատասխանում ընդհանրապես չի մեկնաբանել Ադամյանի խոսքերը: Ընդամենը նշել է, թե «ծրագիրը շարունակվում է բնականոն տեմպով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930