Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դատական դեպարտամենտի պարզաբանումը

Սեպտեմբեր 14,2017 14:00

«Առավոտ» օրաթերթի 31.08.2017թ. համարում հրապարակված՝ «Հավաքարարը
դիմել է արդարադատության խորհրդին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ:

Թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով Ռուզաննա Հակոբյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2015 թվականի որոշման դեմ առաջին անգամ փոստային առաքման եղանակով վճռաբեկ բողոք է ներկայացրել 22.08.2015 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի խախտմամբ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2211-րդ հոդված եւ 229-րդ հոդվածի 1-ին կետ), միաժամանակ չի ներկայացրել վճռաբեկ բողոք բերելու ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 16.09.2015 թվականի որոշմամբ վերոնշյալ որոշման դեմ բերված բողոքը թողնվել է առանց քննության` այն պատճառաբանությամբ, որ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ չի ներկայացվել վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: Դրանից հետո Ռ.Հակոբյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 28.10.2015 թվականի որոշմամբ թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2015 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքը ներկայացվել է 06.10.2015 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ չի ներկայացրել վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

Այնուհետեւ Ռ.Հակոբյանի անունից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2015 թվականի որոշման դեմ կրկին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 11.05.2016 թվականի որոշմամբ վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքն ստորագրված չէ եւ կցված չէ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը: Նշված ձեւական սխալները շտկելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանվել է եռօրյա ժամկետ՝ որոշումն ստանալու պահից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի եւ նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի 4-րդ կետի համադրված վերլուծությունից բխում է, որ վճռաբեկ բողոքը գործին մասնակցող անձի կողմից անմիջականորեն ներկայացնելիս պետք է ստորագրվի վերջինիս կողմից, իսկ եթե բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ստորագրվի վերջինիս կողմից` բողոքին կցելով նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեւակերպված լիազորագիրը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքին կցվում են նաեւ օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը եւ բողոքի պատճենը` գործը քննող դատարան եւ գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի պահանջներին: Ռ.Հակոբյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 11.05.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ստանալով 27.05.2016 թվականին (հիմք` հետստացման անդորրագիր) եւ վերացնելով որոշմամբ սահմանված ձեւական սխալները (այն է` ստորագրելով վճռաբեկ բողոքը եւ կցելով էլեկտրոնային կրիչը), որոշմամբ սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2015 թվականի որոշման դեմ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 15.06.2016 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության` այն պատճառաբանությամբ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2015 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքը փոստային առաքման եղանակով ներկայացրել է 30.05.2016 թվականին, այսինքն՝ վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ չի ներկայացրել միջնորդություն վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

31.08.2017 թվականի «Առավոտ» օրաթերթում առկա` «Հավաքարարը դիմել է արդարադատության խորհրդին» վերնագրով հոդվածի ուսումնասիրությունից պարզվեց, որ Ռուզաննա Հակոբյանը ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների կողմից խախտում թույլ տալը, ըստ էության, պատճառաբանել է նրանով, որ չնայած այն հանգամանքին, որ ինքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 11.05.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ սահմանված եռօրյա ժամկետում վերացրել է դրանում նշված բոլոր խախտումները եւ կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, մինչդեռ դատարանը գտել է, թե իբր այդ ժամկետը խախտվել է: Մինչդեռ Ռ.Հակոբյանի պատճառաբանությունն անհիմն է, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Ռ.Հակոբյանի կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 15.06.2016 թվականի որոշմամբ թողնվել է առանց քննության ոչ թե այն պատճառաբանությամբ, որ վերջինս խախտել է նույն դատարանի 11.05.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ ձեւական սխալները շտկելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանված եռօրյա ժամկետը, այլ որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2015 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքը փոստային առաքման եղանակով ներկայացրել է 30.05.2016 թվականին, այսինքն՝ վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ չի ներկայացրել միջնորդություն վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Ավելին, ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած իրավազուրկ մեկնաբանությանն առ այն, թե ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 11.05.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը Ռ.Հակոբյանը ստացել է 27.05.2016 թվականին, իսկ վերջինս վճռաբեկ բողոքը ներկայացրել է 30.05.2016 թվականին, քանի որ մայիսի 28-ը ՀՀ անկախության օրն է (տոնական օր), իսկ մայիսի 29-ը` կիրակի (հանգստյան օր), ուստի բողոքը ներկայացվել է ժամկետի պահպանմամբ, ապա վերոգրյալի կապակցությամբ եւս մեկ անգամ անհրաժեշտ ենք գտնում նշել, որ 30.05.2016 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքն առանց քննության է թողնվել ոչ թե ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 11.05.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ սահմանված եռօրյա ժամկետի խախտման հիմքով (ի դեպ` որպիսի խախտում առկա էլ չի եղել, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը, իսկ Ռուզաննա Հակոբյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 11.05.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ստանալով 27.05.2016 թվականին, բողոքը ներկայացրել է 30.05.2016 թվականին), այլ քանի որ վճռաբեկ բողոքը ներկայացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2015 թվականի որոշման հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետի խախտմամբ: Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հանրությանը, այդ թվում նաեւ՝ զանգվածային լրատվության միջոցներին հասանելի է www.datalex.am դատական տեղեկատվական համակարգը, որում հրապարակվում են նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ՝ միջանկյալ դատական ակտերը: Հետեւաբար, մինչ նմանատիպ հոդվածներ տպագրելը, հոդվածագիրներին հորդորում ենք համապատասխան ճշգրտումներ կատարել նշված կայքէջի տվյալներից կամ ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ անհիմն մեկնաբանություններից եւ ապատեղեկատվություն տարածելուց զերծ մնալու համար:

Անհրաժեշտ ենք համարում ներկայացնել նաեւ գործին վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների մեկնաբանությունները՝ ընթերցողի մոտ լիարժեք պատկերացում ձեւավորելու նպատակով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2212-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանի դատական ակտերը հրապարակվում եւ գործին մասնակցող անձանց ուղարկվում են առաջին ատյանի դատարանի համար սահմանված կարգով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն` hրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որեւէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2211-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով կամ նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է, կամ այն մերժվել է: Սույն հոդվածների համադրված վերլուծությունից հետեւում է, որ վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Տվյալ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված է հրապարակման պահից մեկամսյա ժամկետ, իսկ այն դեպքերում, երբ չի պահպանվել տվյալ բողոքարկման ժամկետը, ապա անհրաժեշտ է ներկայացնել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որպիսի կարգը չպահպանելու իրավական հետեւանքն էլ հանգում է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու որոշման կայացման:

 

ՀՀ դատական դեպարտամենտ

«Առավոտ»

13.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930