Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նախարար Ամիրյանին այսօր տեղում ներկայացրեց թանգարանի վերանորոգման խնդիրները: Թանգարանի ներսում և բակում իրավիճակին ծանոթանալուց հետո Արմեն Ամիրյանն առաջարկեց գրավոր մանրամասնել դրանք, կազմել նախահաշիվ՝ յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ ծախսային առանձին հատվածով:

Մշակույթի նախարարի այցին մանկավարժների ուղեկցությամբ թանգարանում էին նաև Երևանի թիվ 133 միջնակարգ դպրոցի աշակերտները: Արմեն Ամիրյանը զրուցեց երեխաների հետ, փորձեց հասկանալ՝ ի՞նչն է ամենից շատ նրանց դուր եկել: Մեկին Թումանյանի դստեր սենյակն էր գերել իր գեղեցկությամբ, մյուսին՝ գրողի աշխատասենյակը: Երեխաներից մեկն էլ նկատեց, թե՝ Թումանյանի հոգին: Թումանյանի հոգին նաև հենց նրա ծննդավայրում բացահայտելու համար նախարարը երեխաներին ու նրանց ուղեկցող ուսուցիչներին հորդորեց անպայման այցելել Դսեղ, ծանոթանալ Թումանյանի ծննդավայրում գտնվող նրա տուն-թանգարանին:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

















































