Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիոն երեւույթները գալիս են վերեւից». ԿԳ փորձագետ

Դեկտեմբեր 04,2017 21:00

«Եթե դեսպանը անուններ տա, ինքը պետք է կարողանա ապացուցել, հիմնավորել: Պարտադիր չէ անուններ տալը, անվանական հարցերը իրավապահ մարմինները կարող են կոնկրետ ասել, բայց հասարակությունում կարեւոր է, որ այդ խոսակցությունները լինեն»,- անդրադառնալով ՀՀ բուհական համակարգում կոռուպցիայի վերաբերյալ դեսպան Սվիտալսկու հայտնած մտահոգություններին՝ ասաց ԿԳ փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ դեսպան Պյոտր Սվիտալսկին օրեր առաջ հայտարարել էր՝ Հայաստանի բուհական համակարգում կոռուպցիայի հետ կապված բոլոր դեպքերի հետաքննումը, ուսումնասիրումը չափազանց կարևոր է: Ըստ նրա՝ Եթե Հայաստանում կան ուսումնական հաստատություններ, որոնցում կոռուպցիա չկա, ապա մեր խնդիրը պետք է լինի հասնել նրան, որ մյուս ուսումնական հաստատությունները ևս կոռուպցիայից զերծ լինեն»:

Դեսպանի այս հայտարարությունը վրդովեցրել էր Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին: «Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է. Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա: Համալսարաններում աշխատող ուսուցիչները, դասախոսները և գիտնականները մեր երկրի ամենապատվարժան մարդիկ են, իրենց անձնուրաց աշխատանքով Նոր Երկիր կառուցելու սաղմն են ստեղծում այժմ: Պարոնայք պաշտոնյաներ, եթե կան բուհական կոռուպցիայի փաստարկված ապացույցներ, հրապարակեք դրանք՝ անուն առ անուն, և թույլ մի՛ տվեք, որ եզակի խեղճ ու կրակ մոլորյալները ստվերեն մեր բազմահազար և արժանապատիվ հանրությունը: Իմ կողմից պաշտոնապես հայտարարում եմ՝Հայ-Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել, դրա երաշխավորը ես եմ՝ որպես համալսարանի ռեկտոր: Նաև հրավիրում եմ պարոն դեսպան Սվիտալսկուն մեր համալսարան՝ սիրով կկիսվեմ նրա հետ մեր ձեռքբերումներով և փորձով»,- ի պատասխան դեսպանի՝ հայտարարել էր Արմեն Դարբինյանը:

«Չգիտեմ՝ ինչու է ռեկտորն այդ ձեւով արձագանքել, բայց կրթական համակարգում կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարել, որովհետեւ կրթությունը առաջին սոցիալական ինստիտուտն է, որի հետ մարդիկ առնչվում են…եթե կարողանանք այդ համակարգում կոռուպցիայի մակարդակն իջեցնենք կամ վերացնենք, կարող է այն ազդել նաեւ մնացած ոլորտների վրա: Այդ իմաստով, կարծում եմ՝ նորմալ է, որ մարդիկ խոսում են, փորձում են վերացնել կոռուպցիան: Ես ռեկտորի հայտարարության մեջ դրական բան էլ տեսա, նա հրավիրում էր դեսպանին այցելել համալսարան ու տեղում համոզվել, կարծում եմ՝ այստեղ խնդիր չկա »:

Ըստ փորձագետի՝ Հայաստանում շատ դժվար է կոռուպցիայի դեմ պայքարելը ու չպետք է կոռուպցիան միայն նույնացնենք կաշառքով քննություն ստանալու հետ. «Այն տարբեր ձեւերով է դրսեւորվում՝ սկսած մարդկանց ինչ-որ աշխատանքի տեղավորելու հարցերից, թվանշան առանց կաշառքի նշանակելուց եւ այլն… մի բան ակնհայտ է, որ կրթության համակարգը չի կարող այդ կոռուպցիան արմատախիլ անել, որովհետեւ կոռուպցիոն երեւույթները գալիս են վերեւից, երբ վերեւից զանգում, ասում են՝ այս ինչ մարդուն գնահատեք, այս ինչ մարդուն աշխատանքի տեղավորեք, բուհում աշխատողներն էլ մտածում են, դե եթե վերեւինների ասածը պետք է անեմ, մի բան էլ ինձ համար կանեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031