Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազանի հետ խոսում էինք, մեկ էլ Գրիգորի դասղեկը զանգեց, թե մկրտվածների ցանկում անունը չկա»․ ԵԿՄ-ական

Փետրվար 26,2018 21:50

Ախուրյանի ԵԿՄ կառույցի նախկին ղեկավար Բարսեղ Բարսեղյանը, որն Արցախում զոհված 19-ամյա Գրիգոր Եղոյանի մարմինը հայրենի գյուղ տեղափոխելուց հետո հանդիպել ու խոսել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ զինվորին եկեղեցի տեղափոխելու ու եկեղեցական կարգով հուղարկավորելու շուրջ, մանրամասնեց, թե ինչ զրույց է տեղի ունեցել իր և Սրբազանի միջև։

«Ես Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ հանդիպել եմ Գյումրիում «Յոթվերք» եկեղեցու դիմաց, եղել ենք 5 հոգով, նախապես ասեմ, որ մեր մեջ հանգիստ, նորմալ զրույց է ընթացել՝ հարց ու պատասխանով։ Մենք Ախուրյանում լսել էինք, որ երեխան կնքված է եղել դպրոցում, խմբակային կնունք է եղել մեր բոլորի կողմից շատ հարգված Սամվել Բալասանյանի կողմից, նա էլ կնքահայրն է եղել, նա է մեր եկեղեցու շինարարությունն ավարտին հասցրել։ Երբ զրուցում էինք Սրբազանի հետ, այդ պահին մեր քահանային զանգեց Գրիգորի դասղեկն ու ասեց՝ կնքվածների ցուցակը նայեցինք, Գրիգորը չկա այդ ցուցակում, մկրտված չէ։

Այս ամբողջ պատմությունը սկսվեց այստեղից, Սրբազանն այդ ժամանակ ասեց՝ ուրեմն չի կարելի եկեղեցական ծիսակարգով, այլապես մեր Սրբազանը ինչի՞ պիտի դեմ կանգներ, հնարավոր չէր, ես վաղուց եմ իրեն ճանաչում, նա իմ երեխաներին է կնքել։ Զինվորի ծնողները Ռուսաստանից ավտոմեքենայով են եկել, ծանր վիշտը սրտերում, այնքան վատ վիճակում են, մարդկանց գլուխները չի աշխատում, որ մեզ ասեին՝ Գրիգորը մկրտված է, թե չէ ։ Բայց Գրիգորի հուղարկավորությունից հետո, երբ գնացինք մխիթարելու, մայրն ասաց, որ Գրիգորին բանակ ճանապարհելուց առաջ գնել է խաչ, բերել է «Յոթվերք» եկեղեցի, աղոթել է տվել ու կախել որդու վզին։ Մայրը ի վիճակի չէր խոսելու, երեկ երբ նստեցինք, մի քիչ ուշքի եկավ, հիշեց խաչի մասին։

Ասում եմ՝ Նազիկ ջան, բա շուտ ասեիր, Սրբազանին հաղորդեինք, այդ ժամանակ բոլոր կարգուկանոնով կկատարվեր՝ առանց այսքան աղմուկի։ Մենք մեր երկրի թշնամին չենք, որ հակառակորդին մեր վրա ծիծաղել տանք, մենք էդ մարդիկ չենք, մենք Առաքելական եկեղեցու հպատակներն ենք։ Մենք պայքարում ենք մեր կրոնի համար, դարավոր էդքան կորուստներ ենք ունեցել, բայց մեր պաշտամունքը պահել, պահպանել ենք։ Ուղղակի այստեղ այդ թյուրիմացությունը եղավ, որ այսքան մեծ աղմուկ բարձրացավ ամբողջ հանրապետությունով մեկ։

Թեև ես ինչո՞վ եմ մեղավոր, նորից եմ ասում, եթե էդ հեռախոսազանգը չլիներ, այդ հարցը նորմալ կլուծվեր, ուղղակի սովորական մահկանացու չէր, հայրենիքի համար կյանք տված էր։ Սրբազանն ինձ ասաց՝ մենք չենք կարող պարտադրել, գուցե ինքը ուրիշ դավանանք ունե՞ր, ես իր հետ համամիտ եմ , ինքը ճիշտ է ասում, բայց դրա համար ճիշտ կանեն զինկոմիսարատներում կետ իջեցնեն․ քանի կրոն ունեք Հայաստանում, ըստ կրոնների՝ դասակարգեն, որ ծառայության ժամանակ պարզ լինի՝ այս մարդիկ ասենք կնքված են, մյուսներն էլ չեն պատկանում այդ դավանանքին։ Ես խնդրել եմ գեներալ Մանվել Գրիգորյանին նման մի կետ առաջարկել։ Մենք պատերազմող երկիր ենք, եկեք չբացառենք նման դեպքերը։

Էլի եմ ասում Սրբազանը երբեք դեմ չէր լինի․ երբ հեռախոսազանգը հնչեց, ու Սրբազանը լսեց, որ մկրտված չէ, ասաց, որ եկեղեցում դնելու դեպքում էլ եկեղեցական ծիսակատարություն տեղի չի ունենա, այսինքն` պիտի տանեինք, դնեինք սովորականի նման։ Նույնիսկ սգո սրահից մարդկանց կանչեցինք, սկսեցին մեր ակումբը կահավորել, բայց ժողովուրդը եկավ, այնտեղ հավաքվեց, հարցրեցին՝ Բարսեղ ջան, ի՞նչ եք անում, ասացի՝ եկեղեցական կարգով հնարավոր չէ կատարել արարողությունը, կնքված չէ երեխեն, բայց մարդիկ չհամաձայնեցին, ասացին՝ մենք մեր զինվորին տեղափոխում ենք եկեղեցի։

Ասացին՝ հայրենիքի համար նահատակված զինվորը մեռոնվում է հրեշտակների կողմից, ամենքը մեկը մի բան ասում էր, ու այսպես զինվորին տեղափոխել ենք եկեղեցի։ Եվ Պաշտպանության նախարարությունից եկան, և ամբողջ մարզն էր այստեղ՝ տարբեր քաղաքների ու գյուղերի բնակիչներով, հազարավոր մարդիկ էին եկել, ասեղ գցելու տեղ չկա Ախուրյանում։ Մոտավորապես 14․00-ին եկեղեցականները եկան ու կատարեցին ծիսակատարությունն, այսօր էլ կատարեցին ծիսակատարություն, շատ շնորհակալ եղանք։ Մասսայի դեմն առնել հնարավոր չէ, 4000-5000 հոգի մարդ էր հավաքված՝ Ախուրյանի ծննդատանից մինչև եկեղեցի, նորից եմ ասում՝ ասեղ գցեիր, տեղ չկար, իրանք այդպես որոշեցին, իրենց դեմ կանգնել հնարավոր չէր։ Այսպես է եղել ամբողջ պատմությունը»,- ներկայացրեց Բարսեղ Բարսեղյանը։

Ի դեպ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իր պարզաբանման մեջ նշել էր, որ առաջացած հուզումների ժամանակ մի հոգի մոտեցել է իրեն ու բացատրություն հարցրել։ Լսելով Սրբազանին՝ նա բավարարված հեռացել է՝ ասելով հասկացա ձեր բացատրությունը, սակայն տեսանյութում հանդես է եկել որպես բողոքավոր։ Մենք ճշտեցինք, որ Սրբազանին մոտեցած անձը Բարսեղ Բարսեղյանն էր ՝ ԵԿՄ Ախուրյանի կառույցի նախկին ղեկավարը։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանն, անդրադառնալով այս պատմությանը, նշել էր, որ զինվորի մահվան գույժը լսելուն պես՝ ի սկզբանե ինքն է հանձնարարել քահանային պարտադիր ապահովել մարմինը եկեղեցում դնելն ու եկեղեցական արարողությունը․ ի սկզբանե հայտնել են, որ նա մկրտված է։ Սակայն, ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, հաջորդ օրը ծնողները, վերադառնալով Հայաստան, ասել են՝ մկրտված չէ, ինքն էլ առաջարկել է բավարարվել քաղաքացիական ծեսով։ Իսկ հուզումների մասին Շիրակի թեմի առաջնորդն իմացել է, երբ մոտեցել են եկեղեցուն։ Այդ ժամանակ քահանան զանգել է Միքայել Սրբազանին, վերջինս խնդրել է հեռախոսը փոխանցել գյուղապետին, որն իր հերթին ասել է, թե՝ ես չեմ կարող պահել ժողովրդին, Սրբազանն էլ պատասխանել է՝ «արեք, ինչ որ ուզում եք» ու քահանային էլ հանձնարարել է ոչ մի կերպ չխոչընդոտել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ galatv.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728