Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ես պատրաստ եմ երկխոսության, պարոն Վարդանյան և պատրաստ եմ լսելու ոչ այնքան հաճելի խոսքեր…». վարչապետ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 09,2018 19:57

Մոսկվայի Արարատ Պարկ Հայաթ հյուրանոցի սրահի կլոր սեղանի շուրջ, որտեղ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոսկվայի հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ, միայն տղամարդիկ էին: Հավաքվածների հարցերը վարչապետին փաստարկված էին թվային հաշվարկներով, ներդրումային քաղաքականության վերաբերյալ լուրջ մտահոգություններով և հնչեցվեցին դրանք հաստատակամ պատրաստակամությամբ, որ հայազգի գործարարները դեմ չեն ամեն կերպ օգտակար լինելու Հայաստանի զարգացմանը, եթե…ահա այդ Եթեները բազմազան էին, սակայն, նրանք միավորված էին մեկ ընդհանուր մտահոգության տակ՝ մենք լավ չենք ճանաչում Հայաստանի նոր իշխանություններին և մենք դեռ վստահ չենք, որ մեր ներդրումները հետհեղափոխական Հայաստանում կարճ ժամանակ անց չեն փոշիանա, ավելին, հայտնի ռուսահայ գործարար Ռուբեն Վարդանյանը, նույնիսկ, ակնարկեց հարյուր տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը ցարական Ռուսաստանում, որը ի վերջո քաղաքացիական պատերազմի հանգեցրեց երկիրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր պատասխանում կար համբերատար կերպով բոլորին միասին և յուրաքանչյուրին առանձին-առանձին համոզելու կամք, առ այն, որ ՀՀ-ում ամեն ինչ ընթանում է բնականոն հունով և ուղղակի անհրաժեշտ է վստահել ու օգնել Հայաստանի կառավարությանը այդ բնականոն ընթացքին զարգացման մեծ թափ հաղորդելու համար, իսկ կառավարությունը իր կողմից կերաշխավորի, որ երկրում ցանկացած ներդրում պաշտպանված է լինելու օրենքի ուժով:

Ի պատասխան Ռուբեն Վարդանյանի մտահոգության, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե ինքը, անկեղծ ասած, չի հասկանում, որ ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս Հայաստանում կայունության թեման: ՀՀ- ում տեղի է ունեցել հեղափոխություն ու այդ ժամանակ ՀՀ- ում կայունությունը ոչ մի րոպեով չի խաթարվել: «Խոսում են անկայունության մասին, քաղաքացիական պատերազմների մասին: Ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչն է անկանխատեսելի: Ուզում եք ես ինձ միապե՞տ հայտարարեմ, որ դա լինի կայունություն: Չէ, էս առումով Հայաստանում կայունություն չի լինելու, լինելու են ազատ, արդար ընտրություններ, որտեղ ժողովուրդը ում որոշի, նա էլ կլինի իշխանություն և Հայաստանի կայուն գործոնը լինելու է սա»,- փաստեց վարչապետը:

Ռ.Վարդանյանի այն դիտարկմանը, որ բիզնեսը թվեր է սիրում և նրան գեղեցիկ բառերով չես կարող համոզել, սակայն, օրինակ, Հայաստանի ոչ մի կառավարության դեռ չի հաջողվել պատասխանել անձամբ իր կողմից հնչեցրած հարցին, թե որն է Հայաստանում ամենաշահութաբեր բիզնեսը, կա՞ հաշվարկ, որ ոլորտում ներդրում կատարելիս, բիզնեսմենը կարող է հույս ունենալ, որ իր կապիտալի 30-40 տոկոսը կվերադառնա շահույթի տեսքով, վարչապետը նկատեց. «Ես զարմանում եմ, որ Դուք, պարոն Վարդանյան, այսքան ներվ եք ունեցել ու երեք, չորս վարչապետի նույն հարցը տվել եք՝ արձանագրելով, որ նրանցից ոչ մեկ պատասխանը չգիտի: Դուք շատ լավ թիմ ունեք: Ձեր թիմին ասեք, թող հաշվարկեն, տան կառավարությանը և անձամբ ինձ և ես էդ թուղթը ջեբս կպահեմ, որ հենց նույն հարցը տան, հպարտությամբ հանեմ ու ասեմ,թե շահութաբերությունը այսքան է, շնորհակալություն պարոն Վարդանյանին, որն ինձ աջակցեց հարցի պատասխանը գտնելու մեջ: Մենք չենք ասում,թե մենք ամենախելոքն ենք ու ոչ մեկի աջակցության կարիքը չունենք: Եթե Հայաստանի կառավարությունը չի կարողանում ասել, թե որն է ամենաշահութաբեր բիզնեսը, այդ հարցում էլ դուք օգնեք, հաշվարկեք ու ասեք մեզ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի վերաբերմունքին հայ համայնքի նկատմամբ, որի մասին պարոն Վարդանյանը փաստեց, թե այն ոչ հարգալից է և Հայաստանը միշտ ասում է՝ ներդրումներ կատարեք, օգնեք մեզ, բայց մի խառնվեք մեր գործերին, վարչապետը հավաստիացրեց, որ ամենակարևոր օգնությունն այն է, որ իրենք համայնքին մերոնց ու ձերոնց չեն բաժանում: Մենք չենք ասում համայնքի մի խումբը մեր ընկերն է, մյուսը՝ չէ, եկեք լծակներ օգտագործենք, որ մի խումբը ուժեղանա, մյուսը՝ թուլանա: Համայնքի խնդիրը այն է եղել, որ նա ներքաշվել է Հայաստանի կլանային պատերազմների մեջ: Հիմա նման բան չկա ու չի կարող լինել, հավաստիացրեց վարչապետը, եզրափակիչ խոսքում ասելով. «Ես պատրաստ եմ երկխոսության, պարոն Վարդանյան և պատրաստ եմ լսել ոչ այնքան հաճելի խոսքեր և եթե պարզվի, որ ես սխալվել եմ, պատրաստ եմ ներողություն խնդրել ու ուղղել իմ սխալները գործողություններով»:

Խոսելով բարեգործության մասին, վարչապետը շնորհակալություն հայտնեց, ընդգծելով, որ նաև հավաքվածների օգնության շնորհիվ է Հայաստանը այս ընթացքում բազմաթիվ խնդիրներ հաղթահարել, սակայն, ժամանակն է բարեգործության տրամաբանությունը աշխատանքային մոտեցմամբ փոխարինելու համար, քանզի,-« …մենք մերժում ենք այն Հայաստանը, որը ձեռք պարզածի կարգավիճակում է: Մենք ասում ենք, որ ՀՀ-ն տեղ է, որտեղ կարելի է գործել, հարստանալ և հարստացնել…»,- ընդգծեց վարչապետը և բացատրեց ներկաներին, որ երբ իրենք ասում են պայքար կոռուպցիայի դեմ, ի նկատի չունեն պայքար բիզնեսի դեմ և սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք չկա Հայաստանում, անհնար է գտնել որևէ դեպք, երբ կոռուպցիան պայքարի արդյունքում, որևէ սեփականություն մեկի ձեռքից վերցվել ու տրվել է մյուսին:

Վարչապետը նշեց նաև, որ այո, Հայաստանի կառավարման համակարգը բազմաթիվ թերություններ ունի և այսօր, չնայած, որ երկրում նոր իշխանություն է, սակայն, պետական կառավարման համակարգի 90 տոկոսը նույն մարդիկ են, կադրային ջարդ չի կատարվել և պարզ է, որ ներդրողին կարող է վախեցնել նաև դա, որ հին մեթոդներով աշխատող մարդիկ կարող են գտնվել, ինչի դեմ կառավարությունը մշակում է պայքարի մեխանիզմներ, օրինակ, մեկ պատուհանի ինստիտուտ, որի միջոցով դիմողը վստահ կլինի, որ իր խնդիրը լսելի դարձավ ամենավերին օղակներում:

Վարչապետը մանրակրկիտ բացատրեց նաև, որ Հայաստանում գոյություն ունի զուգահեռ պետական կառավարման համակարգ: Գոյություն ունեն հիմնադրամներ, ՊՈԱԿ- ներ, ԾԻԳ-եր, որոնք լրիվ կամ մասամբ ֆինանսավորվում են պետության կողմից և իրականացնում են այն գործողությունները, որոնք պետք է իրականացնեն նախարարությունները, մի տարբերությամբ, որ այդ հիմնարկներում աշխատող մարդիկ կրկնակի-եռակի ավել աշխատավարձ են ստանում, ի համեմատ, նախարարությունների աշխատակիցների, այն պարագայում, երբ կատարված աշխատանքի արդյունքը զրո է: Իրավիճակը շտկելու համար, պետք է օպտիմալացնել նաև կառավարման ապարատը, ասում է վարչապետը:

Համայնքի ներկայացուցիչներին հուզում էր նաև երկրից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումը: Դեսպանատանը կա ընդամենը երկու տեղամաս, որտեղ երեք – չորս հազար մարդուց ավել չի կարող քվեարկել, իսկ Ռուսաստանում, առկա է միլիոնից ավել ՀՀ քաղաքացի,- պատմեցին ներկաները, ինչին ի պատասխան վարչապետը ասաց. «Հիմա, եթե մենք ապահովենք Մոսկվայում ապրողների ընտրական իրավունքը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ պետք է ապահովենք, նաև, Ռուսաստանի մյուս քաղաքներում ապրողների իրավունքը : Եթե դա ձևի համար չի արվում, ուրեմն պետք է գործենք ՀՀ օրենսդրությունից ելնելով, որտեղ ասվում է, որ ամեն երկու հազար ընտրողի համար դու պետք է ունենաս մեկ ընտրական տեղամաս և այդ տրամաբանությունից ելնելով աշխարհի հայաշատ կենտրոններում մենք պետք է ունենանք թվով, մոտ, վեց հազար ընտրական տեղամաս: Եթե մենք միայն Մոսկվայում բացում ենք տեղամաս ու Խաբարովսկի մեր հայրենակցին ասում ենք քո իրավունքը ապահովված է, թռի արի Մոսկվա քվեարկելու, կներեք, ուրեմն թող թռնի գա Երևանում քվեարկի: Եկեք քննարկենք ու որոշենք, որ մենք իրոք ուզում ենք այդ վեց հազար տեղամասը, հաշվարկենք ինչ ծախս է դա բյուջեի վրա և անենք այդ ծախսը, ես խնդիր չեն տեսնում»,-եզրափակեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Gepostet von SHANTNEWS.am am Samstag, 8. September 2018

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930