Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը և ծրագրի սեղմագիրը

Սեպտեմբեր 10,2018 23:03

Երևանի ավագանու 2018 թվականի արտահերթ ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական Ծրագիրը և Ծրագրի սեղմագիրը

 

  1. ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի կառավարումը տեղի է ունենալու բաց կառավարման գործընկերության շրջանակներում: Հանրային շահ ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղի են ունենալու բաց հանրային լսումներ, քննարկումներ եւ տեղական հանրաքվեների անցկացում: Թվայնացվելու եւ հրապարակվելու են Երեւանի սեփականություն հանդիսացող գույքի եւ բյուջեի տնօրինման, տիրապետման եւ օգտագործման վերաբերյալ տվյալները: Բարձրացվելու է Երեւան քաղաքի համայնքային դերը եւ անցում է կատարվելու որոշում կայացնող ազատ մարմնի:

 

  1. ՀՈՂԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի հողային քաղաքականությունը հիմնվելու է տնտեսական զարգացման խթանման, սոցիալական արդարության,  հավասարության եւ կայունության վրա: Հողային քաղաքականությունն ապահովելու է՝ հողի կայուն կառավարում եւ վերահսկողություն, բնական ռեսուրսների եւ շրջակա միջավայրի պահպանություն, հայրենադարձներին եւ սոցիալապես անապահովներին հողամասերի տրամադրում:

  1. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Քաղաքաշինության քաղաքականությունն ուղղված է լինելու ազատ մրցակցային դաշտի ձեւավորմանը, կամայականությունների վերացմանը, կառուցապատման օրենսդրական դաշտի բարելավմանը՝ Երեւան քաղաքի հողօգտագործման եւ կառուցապատման նորմատիվ կանոնակարգ-օրենքի ընդունմամբ: Երեւանի զարգացումն ընթանալու է համաձայն քաղաքի անցած ուղու՝ հիմնվելով մշակութային ժառանգության վրա եւ պահպանելով մշակութային բոլոր շերտերն ու դրանք հնարավորինս վերականգնելով:

 

  1. Բնակելի ֆոնդի սոցիալական քաղաքականություն

Բնակարանային ոլորտի ազգային համապարփակ ռազմավարության ընդունում: Տեխնիկական անբավարար վիճակում գտնվող շենքերի ամրացում, վթարային շենքերի քանդում եւ նորերի կառուցում, տանիքների վերանորոգում` արդիականացում, քաղցկեղածին (օրինակ՝ ասբեստային) տանիքների վերացում, ջրամատակարարող եւ ջրահեռացման ցանցերի արդիականացում, վերելակների փոխարինում, շքամուտքերի եւ շենքերի արտաքին պատերի վերանորոգում:

  1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեւանի հաշմանդամություն ունեցող բնակչության համար նորմատիվ պահանջներին համապատասխան  ենթակառուցվածքների ստեղծում: Փողոցների եւ բակերի որակյալ  բարեկարգում եւ հիմնանորոգում, զավթված մայթերի վերադարձ եւ նոր մայթերի կառուցում, լուսավորման ժամանակակից եւ խնայողական միջոցների կիրառում, հեծանիվային ուղիների կառուցում:

 

  1. ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեւանի հանրային տրանսպորտի ցանցի արդյունավետ շահագործում` ավտոբուսների, տրոլեյբուսների եւ մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի միջոցով:  Կենտրոնացված եւ միասնական վճարման համակարգի ներդնում, որը ներառում է սոցիալական փաթեթներ ուսանողների, թոշակառուների եւ սոցիալապես անապահով խավի համար, Աջափնյակ կայարանի ավարտական կառուցման աշխատանքներ եւ այդ ուղղությամբ երկու կայարանի բացում: Օպերայի (Կարապի լճի) հարակից տարածքից դեպի Երիտասարդական մետրոյի կայարան գնացող մուտքի բացում եւ Արշակունյաց պողոտայի հարեւանությամբ նոր կայարանի բացում: Տրամվայի շահագործում, ճոպանուղի-ֆունիկլորի զարգացում (Նոր Նորք-Կենտրոն, Սարի Թաղ-Կենտրոն եւ այլն):

 

  1. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ եՎ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Կոշտ թափոնների ժամանակակից կառավարման քաղաքականություն` թափոնների գոյացման կանխում, աղբի տեսակավորում եւ վերամշակում, այլընտրանքային էներգիայի արտադրություն: Երեւանի շենքերի եւ տարածքների շահագործում՝ օգտագործելով այլընտրանքային էներգիայի աղբյուրների միջոցներ: Ջրհեղեղների եւ երկրաշարժերի աղետալի գործոնը նվազեցնելու նպատակով համալիր գործողությունների ծրագրի իրականացում:

 

 

  1. ՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ Եվ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Քաղաքի բարեկարգման եւ այգիների շինարարության իրականացում թամանյանական սկզբունքների, արդի համաշխարհային եւ երեւանցիների պահանջներին համահունչ: Երեւանի «շնչուղիներն ու թոքերը» հանդիսացող կանաչ զանգվածների վերականգնում: Երեւանի Բուսաբանական այգու վերականգնման եւ արդյունավետ շահագործման ծրագրի իրականացում, Երեւանյան լճի մաքրում եւ հարակից այգու վերականգնում: Հին ջրավազանների վերականգնում եւ նորերի կառուցում: Բնակելի տների եւ ուսումնական հաստատությունների հարեւանությամբ գործող օբյեկտներից արձակված աղմուկի, հոտի եւ համակեցության կանոնները խախտող այլ դեպքերի վերաբերյալ կանխարգելիչ եւ պատժիչ վերահսկողական գործառույթների իրականացում: Կենդանիների համար առանձնացված զբոսանքի վայրերի հիմնում:

  1. ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար խթանող պայմանների ստեղծում, փողոցային առեւտրի թույլատրում, շարժական (մոնտաժվող) գյուղատնտեսական շուկաների ստեղծում (առանց վարձավճարի) բնակելի թաղամասերում սահմանված վայրերում, ուր շաբաթը երկու անգամ գյուղացիները կկարողանան վաճառել իրենց ապրանքները:

 

  1.   ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեւան քաղաքի մշակութային արժեքների գովազդում: Երեւան-Լոս Անջելես ուղիղ չվերթի բացում: Երեւանի հնավայրերի ներկայացում զբոսաշրջության եւ գիտական ուսումնասիրության տեսանկյունից: Երեւանի մշակութային հաստատությունների ներկայացում:  Բնական լանդշաֆտի` Արարատի եւ Արագածի  տեսարանների պատկերների՝ որպես ազգային զբոսաշրջության խորհրդանիշի ներկայացում: Երեւան քաղաքի ենթակառուցվածքների արդիականացում: Զբոսաշրջիկներին սպասարկող ծառայությունների բարելավում: Առեւտրի կենտրոնների, հյուրանոցային ու ռեստորանային ծառայությունների, մշակութային հաստատությունների լիարժեք հագեցվածությամբ ունենալու ենք ժամանակակից քաղաքակիրթ սպասարկման ենթակառուցվածքներ: Հանրային զուգարանների տեղադրում:

 

  1. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեւանը դարձնելու ենք մշակութային կամուրջ աշխարհի մշակութային գործիչների համար: Նյութական աջակցություն ենք ցուցաբերելու երիտասարդ արվեստագետներին` իրենց ստեղծագործությունները տպագրելու եւ տարածելու համար:

Վերնիսաժը գործելու է որպես երեւանյան մշակույթի անբաժան մաս:

Վերահաստատելու ենք 1980-ականների «Հուշարձան-շենքերի պահպանության» ցուցակը, որում ընդգրկված բոլոր շենք-հուշարձանները գտնվելու են հատուկ ուշադրության կենտրոնում:

Բացելու ենք (վերաբացելու ենք) Ալեքսանդր Թամանյանի անձնական թանգարանը: Հիմնելու ենք Երեւան TV (մշակութային եւ կրթական հաղորդումներ):

 

  1.    ԿՐԹՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Կրթության համար գումարներ չեն տնտեսվելու, իսկ ցանկացած լրացուցիչ եկամուտ առաջին հերթին ուղղվելու է դեպի կրթություն:

Ուսուցչի սոցիալական ապահովվածությունն առաջնահերթություն է: Երեւան քաղաքի լրացուցիչ եկամուտներն առաջին հերթին տրամադրվելու են ուսուցիչների սոցիալական ապահովությանը: Բոլոր վարչական շրջաններում առնվազն թվով 3 դպրոցներ ապահովվելու են ներառական կրթություն ստացող աշակերտների համար անհրաժեշտ պայմաններով:

Աշակերտների համար կազմակերպվելու են` ամսական երկու անգամ թատրոն կամ թանգարան (պատկերասրահ) այցելություններ, քաղաքային գրադարաններում ամիսը մի քանի անգամ աշակերտների համար ընթերցումներ եւ քննարկումներ՝ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների, հայագիտության եւ հայրենաճանաչողության վերաբերյալ: Նախադպրոցական հաստատությունները հասանելի են լինելու  բոլոր նախադպրոցական տարիքի երեխաների համար:

 

  1.   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Քաղաքային միջոցների հաշվին սոցիալապես անապահով շերտերին, անօթեւան խավերին ժամանակավոր բնակելի կացարանների տրամադրում եւ սոցիալական բնակարանաշինության իրականացում:

2000-ականներից սկսված, այսպես կոչված՝ հանրային կարիքների համար ծրագրով երեւանցիներից ապօրինի օտարված  բնակարանների եւ հողերի վերաբերյալ՝ տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնմանն ուղղված ծրագրի իրականացում: Երեւանի անտառների, կանաչ եւ կառուցապատման ոչ ենթակա հողերի վրա կառուցված շենքերի եւ շինությունների նկատմամբ գույքահարկի եւ հողի հարկի հատուկ սահմանում:

 

 

  1.  ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող առողջապահական բոլոր հիմնարկները հիմնանորոգվելու են, գույքի եւ բժշկական պարագաներն արդիականացվելու են: Առաջնային բժշկական ծառայությունները լինելու են հասանելի:

 

  1.   ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

Երեւանում առկա հանրային խնդիրների վերաբերյալ մշտադիտարկման իրականացման, հանրային իրազեկման մակարդակի բարձրացման, բնապահպանական, հանրային շահի եւ այլ հարցերի պաշտպանության իրականացման համար հանրային քննարկումների անցկացումը տեղի է ունենալու պարբերաբար հստակ սահմանված ընթացակարգով եւ ժամանակացույցով: Ամիսը մեկ անգամ կազմակերպվելու է բնակիչների ընդունելություն Քաղաքապետի հետ:

 

  1. ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանում բնակելի շենքերի վերջնական սպառողների (բնակչության) եւ էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի մատակարարման հանրային ծառայությունների եւ ցանցային ընկերությունների միջեւ գործող ուղղակի պայմանագրային հարաբերությունների համակարգը բարելավելու ենք` վերանայման եւ խիստ վերահսկողության միջոցով ապահովելու ենք որակյալ եւ անխափան աշխատանքներ (աղբահանություն, փողոցների եւ բակերի մաքրում, ջրամատակարարում եւ ջրահեռացում, գազամատակարարում, էլեկտրաէներգիայի ապահովում):

  1.  ԿՈՌՈՒՊՑԻԱ, ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲՅՈՒՋԵ

Երեւանը պահելու ենք կոռուպցիայից զերծ: Բարձրացնելու ենք գույքահարկի դերը՝ այն տարբերակելով ըստ գույքի չափերի եւ գոտիականության։ Բացառելու ենք օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին համայնքային գույքի սեփականաշնորհումը, պատվերների ընդունումը եւ գնումների մասնակցությունը:

 

  1.  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Տեղայնացման միջոցով ներդնելու ենք Երեւանի քույր, գործընկեր եւ այլ հայաշատ քաղաքների քաղաքային տնտեսության լավագույն փորձը եւ մոդելները,  ապահովելու ենք  խորը եւ համապարփակ համագործակցություն այդ քաղաքների հետ:

  1. ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Կառուցելու ենք կենցաղային թափոնների վերամշակման, վերելակների արտադրության (հավաքման) գործարաններ, ներդնելու ենք այլընտրանքային էներգիայի արտադրության համալիրներ:

 

«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

 

 «Երեւանը կրում է ամբողջ հայության երազանքները, մենք պատրաստվում ենք պարարտ հող ստեղծել այդ երազանքները կենսակոչելու համար: Արեւի քաղաք Երեւանը կառավարվելու է թափանցիկ, հաշվետու եւ լայն հանրության մասնակցությամբ»:

 

  «Երկիր Ծիրանի» կուսակցություն

 

 

  1. ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից աշխարհում հանրային կառավարման արդյունավետ աշխատանքը կախված է իշխանության բաց, հաշվետու եւ հասարակության լայն ընդգրկվածության մասնակցությունից:

Երեւանի կառավարումը տեղի է ունենալու բաց կառավարման գործընկերության շրջանակներում՝ հիմնված հետեւյալ սկզբունքների վրա.

  • հանրային շահի տեսանկյունից հանրային եւ մասնավոր ոլորտների տարանջատում,
  • հանրային շահ ներկայացնող հարցերի վերաբերյալ բաց հանրային քննարկումներ,
  • տեղական հանրաքվեների անցկացում,
  • Երեւանի բյուջեի մուտքերի եւ ելքերի մասին ամենօրյա տեղեկությունների թվային հրապարակում,
  • համայնքային ծառայողների  անհատական հաշվետվողականություն,
  • Երեւանի սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տվյալների թվայնացում եւ հրապարակում,
  • գնումների բաց եւ հրապարակային գործընթաց (փաստաթղթային հիմքերի թվային հրապարակում),
  • աճուրդների բաց եւ հրապարակային գործընթաց (փաստաթղթային հիմքերի թվային հրապարակում),
  • հողհատկացման, կառուցապատման, գույքը վարձակալությամբ տրամադրման եւ օտարման բաց ու հրապարակային գործընթաց (փաստաթղթային հիմքերի թվային հրապարակում),
  • մասնագիտական կարողությունների եւ սկզբունքների պահպանման համար համայնքային քաղաքական գործիչների եւ համայնքային ծառայողների գործառույթների տարանջատում,
  • աշխատանքի պատշաճ վարձատրություն եւ կայունության պաշտպանություն (պահպանում),
  • Երեւան քաղաքի համայնքային դերի բարձրացում եւ անցում դեպի որոշում կայացնող ազատ մարմնի՝ ձերբազատվելով կատարողի պարտականություններն իրականացնողի կարգավիճակից,
  • Երեւան քաղաքի վարչական շրջանների դերի եւ գործառույթների ավելացում:

 

 

  1. ՀՈՂԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի հողային քաղաքականությունը մեր ազգային քաղաքականության մի մասն է, որի նպատակը պետք է լինի տնտեսական զարգացման խթանումը, սոցիալական արդարությունը,  հավասարությունը եւ կայունությունը: Հողային քաղաքականությունը պետք է ապահովի՝  սեփականության իրավունքը, հողի շուկաների (հատկապես` հողի գործարքների եւ վարկերի) առկայությունը, անշարժ գույքի հարկումը, հողի կայուն կառավարումը եւ վերահսկողությունը, բնական ռեսուրսների եւ շրջակա միջավայրի պահպանությունը, հայրենադարձներին եւ սոցիալապես անապահովներին հողամասեր տրամադրելը եւ հողի ոչ օրինական շահագործման ու հողային վեճերի կանխման միջոցառումները:

Երեւանի սեփականություն հանդիսացող հողի կառավարման խնդիրներն են.

  • Երեւանի սեփականություն հանդիսացող հողերի, առանց ռազմավարական տեսլականի, անկանոն վարձակալությամբ տրամադրելը եւ օտարելը,
  • ներդրողների համար ոչ նպաստավոր պայմանների առկայությունը,
  • հողերի շուկայական գնահատման ոչ հստակ լինելը,
  • հողերի անխնա կառուցապատումը,
  • Երեւանի Կենտրոնի խիտ կառուցապատումը,
  • քաղաքի զարգացման աճի եւ շրջակա միջավայրի պահպանության միջեւ հավասարակշռության խախտումը,
  • հողերի կատեգորիաների գործառնական նշանակության փոփոխությունը,
  • հողի տիրապետման, տնօրինման եւ օգտագործման ընթացքում շրջակա բնական միջավայրին, քաղաքի անվտանգությանը, քաղաքացիների եւ այլ անձանց իրավունքներին ու օրենքով պահպանվող շահերին վնաս պատճառելը:

 

 

  1. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Քաղաքաշինության քաղաքականությունը եւ հողային քաղաքականությունը պետք է ուրվագծված լինեն ոչ միայն կարճաժամկետ, այլ նաեւ՝ երկարաժամկետ:

 

Քաղաքաշինության քաղաքականությունը պետք է ուղղված լինի ազատ մրցակցային դաշտի ձեւավորմանը, կամայականությունների վերացմանը, կառուցապատումն օրենսդրական դաշտ բերելուն եւ ճկուն համակարգ ստեղծելուն:

 

Երեւանի քաղաքաշինական խնդիրներն են.

  • Երեւան քաղաքի հողօգտագործման եւ կառուցապատման նորմատիվ կանոնակարգ-օրենքի ընդունումը, որտեղ Երեւան քաղաքի Կենտրոնն ուրույն տեղ կզբաղեցնի,
  • Երեւան քաղաքի Գլխավոր Հատակագծի համապատասխանեցումը սոցիալական շուկայի պահանջներին:

 

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005-2015 թվականներին Երեւանում կառուցված միայն բնակելի տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 2 միլիոն 656 հազար քառակուսի մետր, ինչը գրեթե վեց անգամ գերազանցում է նորանկախ Հայաստանի՝ 1991-2004 թվականների ժամանակահատվածի ցուցանիշը: Կառույցների մեծ մասը գտնվում է քաղաքի կենտրոնում:

 

Երեւանի կենտրոնը խիստ ծանրաբեռնված է, ուստի անհրաժեշտ է.

  • համալիր բեռնաթափում (տրանսպորտ, երկրորդ Կենտրոնի ստեղծում եւ այլն),
  • Երեւան քաղաքի համաչափ զարգացում` համայնքներում հասարակական կենտրոնների ստեղծում:

 

Երեւան քաղաքի զարգացումը տեղի է ունենալու համաձայն քաղաքի անցած ուղու՝ հիմնվելով մշակութային ժառանգության վրա եւ պահպանելով մշակութային բոլոր շերտերն ու դրանք հնարավորինս վերականգնելով: Յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ներառի իր ինքնությանը բնորոշ քաղաքաշինական տիպերն ու սկզբունքները եւ համակեցության մշակույթը, օրինակ.

  • յուրաքանչյուր վարչական շրջանում վերականգնել հանրային տարածքները` այգիներ, լճեր (ջրավազաններ), խաղահրապարակներ եւ այլն,
  • յուրաքանչյուր վարչական շրջանում վերականգնել մշակութային եւ արվեստների կրթական օջախները:

 

 

 

  1. Բնակելի ֆոնդի սոցիալական քաղաքականություն

 

ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ (ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ)

Բնակարանային ֆոնդի կառավարման իրավական եւ ինստիտուցիոնալ դաշտն անբավարար է: Զարգացման համար անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական մոտեցում: Անհրաժեշտ է նաեւ մշակել բնակարանային ոլորտի ազգային համապարփակ ռազմավարություն, որն ուղղված կլինի բնակարանային ֆոնդի որակի բարելավմանը եւ դրա երկարաժամկետ կայունությանը:

Երեւանում առկա են հազարավոր բարձրահարկ շենքեր, որոնք չեն համապատասխանում Հայաստանում գործող սեյսմիկ անվտանգության պահանջներին: Բացի այդ՝ կան նաեւ տարբեր աստիճանի մի քանի տասնյակ վթարային շենքեր:

 

Երեւանի շենքերի սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրներն են.

  • տեխնիկական անբավարար վիճակում գտնվող շենքերի ամրացում եւ անվտանգության նորմերին համապատասխանեցում,
  • վթարային շենքերի քանդում եւ նորերի կառուցում:

 

Երեւանի շենքերի տանիքների վերանորոգման եւ արդիականացման խնդիրներն են.

  • տանիքների վերանորոգման անհրաժեշտություն,
  • քաղցկեղածին (օրինակ՝ ասբեստային) տանիքների վերացում,
  • տանիքների մակերեսների տնտեսական արդյունավետ օգտագործման համակարգի ներդնում:

 

Երեւանի շենքերի արտաքին տեսքի եւ ներքին կոմունալ համակարգի վերականգնման խնդիրներն են.

  • պատշգամբների եւ շենքերի արտաքին պատերի վերանորոգում,
  • շքամուտքերի վերանորոգում,
  • բարձրահարկ շենքերում աղբի խցիկների եւ խողովակների մաքրում,
  • ջրամատակարարող եւ ջրահեռացման ցանցերի արդիականացում,
  • հին վերելակների փոխարինման ծրագրի իրականացում:

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ  

Երեւանում առկա 4883 բազմաբնակարան շենքերից 4572-ի կառավարումն իրականացվում է 181 համատիրությունների կողմից, 169-ը՝ լիազորագրային կառավարիչների, 122-ը՝ վարչական շրջանների ղեկավարների կողմից:

Երեւանի բազմաբնակարանային շենքերի կառավարումը ներառում է հետեւյալ խնդիրները.

  • բազմաբնակարան շենքի ընղհանուր բաժնային սեփականության պահպանման՝ պարտադիր նորմերի վերահսկման մեխանիզմների պատշաճ իրականացում,
  • ֆինանսական միջոցների գանձման եւ ծախսման, ընդհանուր ժողովի հրավիրման, բյուջեների կազմման եւ հաստատման, կանոնադրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման խոչընդոտների վերացում,
  • օրենսդրական փոփոխության միջոցով «Համատիրությունների մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքներում սահմանված վերահսկողության մեխանիզմների անհստակությունների եւ տարընթերցումների վերացում,
  • վերելակային տնտեսության վերակազմակերպում:

 

 

  1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՓՈՂՈՑՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԵՎ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

Երեւան քաղաքում առկա է շուրջ 1080 փողոց: Երեւան քաղաքի փողոցների եւ անցումների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 945 կմ, իսկ փողոցների, հրապարակների, կամուրջների, մայթերի, բակային տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 2435 հա:

Երեւանի փողոցների եւ բակերի խնդիրներն են.

  • Երեւան քաղաքի փողոցների որակյալ բարեկարգում եւ հիմնանորոգում (հողային ծածկույթով (գրունտային) ճանապարհների ասֆալտապատում, բակային տարածքների վերակառուցում եւ վերանորոգում, մայթերի վերանորոգում, հենապատերի վերականգնում),
  • զավթված մայթերի վերադարձ եւ նոր մայթերի կառուցում,
  • բնակելի շենքերի բակերի վերակառուցում եւ արդիականացում,
  • նստարանների, աղբամանների, հայտարարությունների վահանակների տեղադրման կանոնակարգում,
  • ձնամաքրման արդյունավետ աշխատանքի իրականացում,
  • շենքերի եւ շինությունների հասցեների մատնանշման միասնական ցուցանակների տեղադրում,
  • քաղաքային միջավայրը ներկայացնող կառույցների վերաբերյալ կողմնորոշիչ միասնական ցուցանակների տեղադրում:

Երեւան քաղաքի զարգացման, ինչպես նաեւ քաղաքային կյանքի շարունակականության ապահովման համար նախատեսվում են.

  • նոր փողոցների անցկացում (երկարաժամկետ),
  • կամուրջների կառուցում (երկարաժամկետ),
  • քաղաքում նշանակալի հետիոտնային տեղաշարժով փողոցների հետիոտնային տարածքների վերաձեւավորում,
  • հեծանիվային ուղիների կառուցում,
  • վերգետնյա եւ ստորգետնյա անցումների կառուցում ու վերանորոգում:

 

Երեւան քաղաքում շահագործվող արտաքին լուսավորության ցանցը խիստ կարիք ունի բարելավման եւ արդիականացման: Ուստի անհրաժեշտ է.

  • լուսավորել չլուսավորվող փողոցները, նրբանցքները, բակերը եւ խաղահրապարակները,
  • ցանցի ավտոմատացման, նոր տրանսպորտա-տեխնիկական սարքավորումների, գործիքների եւ այլ տեխնիկական միջոցների ներդնում,
  • լուսային ժամանակակից եւ խնայողական միջոցների կիրառում,
  • գեղարվեստական լուսավորման ներդնում եւ կիրառում:

 

Սակավաշարժ բնակչության ՀԱՄԱՐ ենթակառուցվածքների ստեղծման ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Այսօր հաշմանդամություն ունեցողները փակված են իրենց տներում, քանի որ հնարավորություն չունեն հանրային տրանսպորտով երթեւեկելու, իսկ ովքեր էլ հնարավորություն ունեն` օգտվում են միայն տաքսիներից: Ե՛վ հասարակական տրանսպորտը, ե՛ւ շենքերի մեծամասնությունը, նույնիսկ փողոցները, բոլորովին հարմարեցված չեն որոշակի ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող մարդկանց համար:

 

Երեւանի սակավաշարժ բնակչության համար անհրաժեշտ է նորմատիվ պահանջներին համապատասխան  ենթակառուցվածքների ստեղծում:

 

  1. ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեւանն ունի հսկայական պատմական ու սոցիալական արժեք, եւ այդ արժեքը չի կարելի զոհաբերել քաղաքային տարածքներում ավտոմեքենաների անսահմանափակ հասանելիությամբ: Այս մոտեցումը պետք է ամրագրվի Երեւան քաղաքի քաղաքապետարանի հանրային տրանսպորտի ռազմավարության հիմքում:

 

Այսօր Երեւանի հանրային տրանսպորտի գերակշիռ մասը կազմված է միկրոավտոբուսներից: Մինչդեռ Երեւանը կարող է հանրային տրանսպորտի ցանցի արդյունավետ շահագործում իրականացնել` ավտոբուսների, տրոլեյբուսների եւ մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի միջոցով:

 

Երեւանի հանրային տրանսպորտի շահագործումը պետք է ներառի.

  • կենտրոնացված եւ միասնական վճարման համակարգ` տոմսերի եւ քարտերի տեսքով, որը ներառում է սոցիալական փաթեթներ ուսանողների, թոշակառուների եւ սոցիալապես անապահով խավի համար, ինչը վարորդին ազատում է նաեւ վճարումներ ընդունելուց,
  • հստակ ուղեւորափոխադրումների ժամանակացույց` երթացուցակ, որը փակցված է յուրաքանչյուր կանգառում եւ տեղադրված է համացանցում,
  • ավտոբուսների եւ տրոլեյբուսների հագեցվածություն՝ կանգառների անուններն ազդարարող ծանուցմամբ եւ GPS համակարգով,
  • սմարթֆոնների համար կազմված հավելվածի միջոցով հնարավորություն՝ հետեւելու անհրաժեշտ տրանսպորտի ժամանման հաճախականությանը եւ ժամերին:

 

Երեւանի տրանսպորտի կայանատեղիների եւ նրանց անխափան աշխատանքի խնդիրներն են.

  • կարմիր գծանշումները, ավտոկայանատեղիները, տեսախցիկների անարդյունավետ եւ ոչ նպատակային շահագործումը,
  • տրանսպորտային միջոցների կողմից խախտումների վերաբերյալ ոչ իրավաչափ պատժամիջոցները,
  • պողոտաներում եւ փողոցներում մեծ քանակով ավտոկայանատեղիները:

 

Մետրոպոլիտենի ցանցի զարգացում

1996 թվականից առ այսօր չի բացվել ոչ մի նոր կայարան: Ներկայիս մետրոպոլիտենի խնդիրը եղել է գոյություն ունեցող ցանցի պահպանությունը:

Երեւանի զարգացման եւ տրանսպորտի արդյունավետ աշխատանքի համար մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումն առաջնահերթություն է:

 

Կարևոր են Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի ավարտական կառուցման աշխատանքները եւ այդ ուղղությամբ երկու կայարանի բացումը: Օպերայի (Կարապի լճի) հարակից տարածքից դեպի Երիտասարդական մետրոյի կայարան գնացող մուտքի բացումը եւ Արշակունյանց պողոտայի հարեւանությամբ նոր կայարանի բացումն առաջնահերթություն են:

 

Տրամվայի գծի կառուցում

 

Տրամվայի շահագործումը Երեւանում հարկավոր է կրկին դարձնել արդիական (երկարաժամկետ): Կստեղծվեն տրամվայի գծեր քաղաքի արվարձաններում:

Կզարգացվի ճոպանուղի-ֆունիկլորը (Նոր Նորք-Կենտրոն, Սարի Թաղ-Կենտրոն եւ այլն):

 

Հեծանիվներ

 

Հեծանիվը Երեւան քաղաքում տարածված չէ որպես այլընտրանքային տրանսպորտ, թեեւ արդեն սկսել է դանդաղ զարգանալ: Հեծանիվը կարող է դառնալ հանրային տրանսպորտի եւ անձնական ավտոմեքենայի այլընտրանք, սակայն առանց նորմալ ենթակառուցվածքների դա հնարավոր չէ:  Հեծանվային ուղիների ստեղծումը անհրաժեշտություն է:

 

 

 

  1. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ եՎ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Երեւան քաղաքի հարակից տարածքներում միլիոնավոր տոննաներով կենցաղային աղբի (կոշտ թափոնների) կուտակումը, մեծ քանակով ավտոմեքենաների շահագործման հետեւանքով գազերի արտանետումները, անբավարար ջրամատակարարումը եւ ջրահեռացումը ստեղծել են լուրջ բնապահպանական խնդիրներ:

 

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանում աղբահանության ոլորտի կարգավորման հարցում բացակայում է համակարգային մոտեցումը: Բացակայում են արտոնված եւ չարտոնված աղբավայրերի նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջների կատարումը: Հայաստանի բոլոր աղբավայրերը շահագործվում են օրենքներով նախատեսված կանոնների կոպիտ խախտմամբ:

 

Երեւանի կենցաղային եւ շինարարական աղբի  կառավարման խնդիրներն  են.

  • գոյացած կենցաղային աղբը տեղափոխող կազմակերպությունների եւ անհատների պարտականությունների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայությունը,
  • խախտումների առկայության դեպքում պատժելիության սկզբունքի կիրառման բացակայությունը,
  • աղբի տեսակավորման եւ վերամշակման քաղաքականության բացակայությունը,
  • աղբի կուտակման եւ այրման հետեւանքով թունավոր նյութերի արտանետումը,
  • աղբի վերամշակման գործարանի բացակայությունը:

 

Անհրաժեշտ է կոշտ թափոնների ժամանակակից կառավարման  քաղաքականություն` թափոնների գոյացման կանխում, տեսակավորում, թափոնների օգտագործում երկրորդ անգամ, եթե թափոնների օգտագործումը հնարավոր չէ երկրորդ անգամ, ապա անհրաժեշտ է կիրառել ռեցիկլինգ (թափոնից այլ ապրանքի արտադրություն), թափոնների վերամշակում`  էներգիայի արտադրության համար:

 

Վերը նշված գործողությունների անհնարինության պարագայում` թափոնները կարող են կոնսերվացվել հատուկ աղբավայր-գերեզմանոցում:

 

Նախատեսվում է իրականացնել ամբողջական ծրագիր` աղբի վերամշակման գործարանի կառուցման եւ աղբավայրի ու թափոնների վերամշակման վերաբերյալ, որը կներառի աղբի եւ թափոնների տեսակավորում, վերամշակում, ապրանքների ու էներգիայի արտադրություն եւ էկոլոգիայի բարելավում:

 

 

ԱրեՎԻՑ ԵՎ ՔԱՄՈՒՑ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՏԱՑՈՒՄ

 

Երեւանի զարգացման համար կարեւոր նշանակություն ունի նաեւ այլընտրանքային էներգիայի ներդնումը եւ զարգացումը: Այս ուղղությամբ ներդրումային քաղաքականություն վարելն առաջնահերթություն է: Երեւանն արեւային էներգիայի օգտագործման համար ունի նպաստավոր պայմաններ:

 

Երեւանի շենքերի հիմնական մասը կարող է օգտագործել արեւային էներգիան: Շենքերում հնարավոր է տեղադրել արեւային վահանակներ եւ արեւային կոլեկտորներ` ջրի ջեռուցման համար:

 

Ռազմավարությունն ուղղված է ներդրումների իրականացումը խրախուսելուն` այլընտրանքային` արեւային էներգիայի համակարգի շահագործման համար: Երեւանն ունի հնարավորություն ներդնելու այլընտրանքային էներգիայի աղբյուր հանդիսացող նաեւ քամու ուղղահայաց գեներատոր շենքերի տանիքներին:

 

 

ջրհեղեղների կանխարգելիչ միջոցներ   

 

Երեւան քաղաքի ե՛ւ բնական, ե՛ւ կառուցված ջրահեռացման համակարգը մի քանի տասնամյակ չի ենթարկվել համալիր քննության (գնահատման): Երեւանի լայնածավալ կառուցապատումը, բնական եւ կառուցված ջրահեռացման համակարգի ոչ պատշաճ շահագործումը` ջրահեռացման հորերի խցանումը, փակումը, խողովակների վթարված լինելը եւ բավարար ենթակառուցվածքների բացակայությունը կարող են դառնալ աղետ ջրհեղեղի դեպքում:

 

Երեւանի բնական ջրահեռացման համակարգն ապահովվող Հրազդանի կիրճի քաոտիկ կառուցապատումը եւ Գետառի կարեւոր հատվածի ներառումը խողովակատարի մեջ չափազանց ռիսկային են դարձրել ջրհեղեղների աղետալի գործոնը: Երեւանում ջրհեղեղի աղետալի ռիսկերը նվազեցնելու նպատակով իրականացվելու է համալիր գործողությունների ծրագիր:

 

 

սեյսմիկ ռիսկերի կանխարգելիչ միջոցներ     

         

Երեւանը, լինելով ակտիվ սեյսմիկ գոտում, կազմակերպելով շինությունների կառուցապատումը, պարտավոր է միջոցներ ձեռնարկել երկրաշարժերի հետեւանքները կանխելու եւ մեղմելու (մարդկանց տարհանելու, հրդեհները մարելու եւ այլն) համար:

 

Երեւանի կենտրոնը վերջին երկու տասնամյակում կառուցապատվել է քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով, ինչի հետեւանքով չեն պահպանվել շենքերի եւ շինությունների շահագործման կանոնները: Երեւանի շենքերի ու շինությունների սեյսմակայունության եւ ապահով շահագործման համար իրականացվելու են ծրագրային գործողություններ:

 

 

  1. ՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ Եվ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեւան քաղաքում օդի եւ հողի աղտոտվածության պատճառով բարենպաստ շրջակա միջավայրը բացակայում է:

 

Երեւանցիների կողմից արտադրված աղբի հավաքատեղիները եւ տարրաները չեն համապատասխանում քաղաքակիրթ միջավայրին: Երեւանցիների ավտոմեքենաների շահագործումը, ավտոկայանատեղիները եւ ավտոերթեւեկումը կարիք ունեն հստակ կանոնակարգման:

 

Երեւանի փողոցների գովազդային ծառայությունները կարիք ունեն հստակ կանոնակարգման: Երեւանը զուրկ է նաեւ հանրային զուգարաններից, ինչը պատճառ է դարձել գետնանցումների եւ այլ վայրերի աղտոտման: Նախատեսվում է իրականացնել հասարակական զուգարանների տեղադրման եւ շահագործման աշխատանքներ:

 

ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԱՎԵԼԱՑՈՒՄ

 

Ալեքսանդր Թամանյանի գլխավոր մտահղացման հիմքում ընկած էր քաղաք-պարտեզի ստեղծման գաղափարը: Հայաստանում ապրիլից մինչեւ նոյեմբեր եղանակը շատ լավն է, բայց այգիների սակավ քանակությունը ստիպում է մարդկանց ազատ ժամանակն անցկացնել փակ առեւտրի կենտրոններում: Եղած այգիները շատ անմխիթար վիճակում են, խնամված չեն եւ վայրենացել են:

 

Քաղաքի բարեկարգումը եւ այգիների շինարարությունը նախատեսվում է կատարել թամանյանական սկզբունքների, արդի համաշխարհային եւ երեւանցիների պահանջներին համահունչ:

 

Այսօր Երեւանում մեկ շնչին ընկնող կանաչապատ տարածքը կազմում է 5 քմ էլ պակաս, մինչդեռ, ըստ գիտնականների, այդ  ցուցանիշը պետք է կազմի 25 քմ ոչ պակաս:

 

Սույն Ծրագրով նախատեսվում է Նորք-Մարաշի անտառի, Կասկադի  երկկողմյա անտառի, Հաղթանակ զբոսայգու լանջի անտառածածկ հատվածի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Փարոսի» հարեւանությամբ գտնվող անտառի, Հրազդանի կիրճի, Ծիծեռնակաբերդի, Օպերայի եւ Օղակաձեւ այգու, Դալմայի այգիների տարածքների կանաչապատում, կանաչ (բարեկարգ) տարածքների ավելացում: Այսպիսով` կվերականգնվեն Երեւան քաղաքի «շնչուղիներն ու թոքերը»:

 

Կիրականացվի Երեւանի Բուսաբանական այգու վերականգնման եւ արդյունավետ շահագործման ծրագիր։

 

Նախատեսվում է նաեւ Երեւանյան լճի մաքրում եւ հարակից այգու վերականգնում: Նախկինում առկա բոլոր լճերի մակերեսներին համապատասխան, եթե հնարավոր է, հին ջրային ավազանների վերականգնում եւ նոր ջրային ավազանների կառուցում:

 

Իրականացվելու է էֆեկտիվ կանաչապատում (փողոցների գազոններում վերականգնել ցածր, կանաչ թփեր տնկելու երեւանյան ավանդույթը, ծաղիկները տեղափոխել այգիներ): Ամբողջ Երեւան քաղաքում վերականգնվելու են եւ ստեղծվելու են փոքր այգիներ:

 

Յուրաքանչյուր տարի Երեւանի հանրային տարածքները (հրապարակներ, պուրակներ, հավաքատեղիներ) կավելացվեն շուրջ 10 %-ով:

Մայրաքաղաքի արվարձաններում եւ մերձակա տարածքներում ֆունկցիոնալ դերակատարություն ունեցող, փոշեկլանիչ հատկություններով օժտված եւ քամիների ուժգնությունը մեղմացնող անտառածածկ  գոտու ստեղծում:

Հնարավորինս կվերականգնվեն Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչ տարածքները, ինչպես նաեւ կիրագործվի ծրագիր-ռազմավարություն` ուղղված կանաչ տարածքների ստեղծմանը, որպեսզի 25 քմ-ը մեկ մարդու հաշվով դառնա իրական:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Երեւանում չի գործում արդյունավետ ոռոգման համակարգ: Երեւանի ոռոգման խնդիրը պահանջում է համալիր լուծում: Առկա ցանցը կարիք ունի  վերանորոգման, եւ անհրաժեշտ է նոր ոռոգման գծերի կառուցում: Երեւանի առաջնային խնդիրներից է ոռոգման ցանցի արդիականացումը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Երեւանում չի գործում բավարար ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգ: Առկա ցանցը կարիք ունի վերանորոգման: Երեւանի առաջնային խնդիրներից է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի արդիականացումը:

 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

Երեւանում գոյություն ունեցող զվարճանքի եւ հանգստի անցկացման վայրերից արձակված աղմուկը, արտադրական եւ կենցաղ-սպասարկման ձեռնարկություններից առաջացած աղմուկը, հոտը եւ այլն խաթարում են բնակիչների անդորրը: Բնակելի տներին եւ ուսումնական հաստատությունների անմիջական հարեւանությամբ գործող օբյեկտների կողմից թույլ տրված անօրինականությունները քաղաքապետարանի վերահսկողական գործառույթների միջոցով վերանալու են:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐ

Երեւանում  գոյություն ունի 21 գերեզմանատուն, որոնց ընդհանուր մակերեսը 547.5 հա է: Գերեզմանատներից ոչ մեկն իրավական առումով փակ վիճակում չէ, դրանց իրավական հատուկ ռեժիմը կա՛մ բաց է, կա՛մ մասնակի փակ:

 

Երեւանում գերեզմանատների եւ բնակավայրերի/բնակելի տարածքների  միջեւ ընկած հեռավորությունն աստիճանաբար պակասում է: Գերեզմանատների տարածքները չեն օգտագործվում արդյունավետ:

 

Երեւանի գերեզմանատների խնդիրներն են.

  • գերեզմանատան զբաղեցրած հողատարածքի սահմանները չպահպանելը,
  • գերեզմանատան սանիտարապաշտպանիչ գոտու` պարսպից (ցանկապատից) առնվազն 10 մետր հեռավորության խախտումները,
  • օրենքով սահմանված չափերով գերեզմանների տեղամասերը (ծառուղիները, հատվածները, շարքերը) եւ դրանց օգտագործման հերթականությունը` առանձնացնելով ընտանեկան գերեզմանների եւ անհատական գերեզմանատեղերի (մեկ անձի) խախտելը,
  • գերեզմանատներում ենթակառուցվածքների՝ ոռոգման ցանցի, ավտոկայանատեղիի, հասարակական զուգարանի, պարսպի (ցանկապատի) բացակայությունը:

 

ԱՆՕԹԵՎԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

 

Անտուն կենդանիների մեծ քանակությունը շատ լուրջ խնդիր է: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան օթեւաններ` մասնագետ աշխատակիցներով, եւ անտուն շներին ու կատուներին աստիճանաբար տեղավորել հատուկ նախատեսված կացարաններում եւ գտնել նրանց համար բարեխիղճ տերեր: Անհրաժեշտություն է Երեւան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու կանոնների ապահովումը: Ընտանի կենդանիներ պահելու կենսաբանական ու անհատական առանձնահատկություններին համապատասխան՝ սննդի, ջրի, քնի, շարժման, բնական ակտիվության նկատմամբ նրանց պահանջների բավարարումը պետք է իրականացնել համապատասխան իրավական կարգավորման ներքո: Անհրաժեշտ է ստեղծել կենդանիների զբոսանքի վայր` հաշվի առնելով հաջողված փորձերը:

 

Անօթեւան եւ ընտանի կենդանիների հիմնական խնդիրներն են.

  • անօթեւան կենդանիների վնասազերծման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացման բացակայությունը,
  • անօթեւան կենդանիների վնասազերծման ոլորտի արդյունավետ կառավարման մեխանիզմների բացակայությունը, համապատասխան արդյունավետ օրենսդրական դաշտի բացակայությունը,
  • կենդանու կողմից բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, բակերի, մայթերի, փողոցների, սիզամարգերի, ինչպես նաեւ՝ հանգստյան կանաչ գոտիների աղտոտման կանխարգելման բացակայությունը,
  • կենդանու տարեկան պատվաստում չկատարելը` կատաղության դեմ:

 

  1. ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւան քաղաքում գործում են՝ առեւտրի 8587 օբյեկտներ, սպառողական ապրանքների՝ 7, գյուղատնտեսական արտադրանքի՝ 10, գյուղմթերքի փոքրածավալ 18 շուկա, 5 տոնավաճառ, 24 առեւտրի կենտրոն, հանրային սննդի 1608 եւ կենցաղային ծառայություններ մատուցող 2908 օբյեկտ։

Ժամանակակից աշխարհում այս ոլորտը սերտ կապված է փոքր եւ միջին բիզնեսի հետ: Այսօր Հայաստանի տնտեսության միայն 27%-ն է գտնվում փոքր ու միջին բիզնեսի ձեռքում, մինչդեռ Եվրոպական Միության երկրներում այն կազմում է 70%։ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսում զբաղված է աշխատողների 24.7%-ը, իսկ Եվրոպական Միության երկրներում` 74%-ը։

 

Առեւտրի շրջանառության 52.3%-ն իրականացվում է խոշոր, մնացած 47.7%-ը՝ փոքր ու միջին բիզնեսի կողմից: Այս ոլորտը պետք է զարգանա, սակայն այստեղ նույնպես անհրաժեշտ են օրենսդրական  փոփոխություններ:

 

Նաեւ այժմյան Հայաստանում եւ Երեւան քաղաքում փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը տնտեսության մեջ, եւ մասնավորապես՝ առեւտրի ու ծառայությունների ոլորտում, հրատապ անհրաժեշտություն է:

 

Այս ոլորտը Երեւանում տնտեսական կարեւոր խնդիր է լուծում, որից ամենակարեւորը բնակչության ֆինանսական եւ տնտեսական գոյատեւումն է: Սույն Ծրագիրը նախատեսում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացում:

 

Արեւելյան տեսակի շուկաները եւ փողոցային առեւտուրը բնորոշ են աղքատ երկրներին, եւ փողոցային առեւտուրն արգելելը դառնում է ոչ մարդասիրական քայլ կարիքավոր խավի հանդեպ, իսկ դրա դեմ հանրային իշխանությունների մղած պայքարը միշտ եղել է անարդյունավետ: Ուստի թույլատրվելու է եւ չի արգելվելու փողոցային առեւտուրը՝ առանց սոցիալական լարվածության որոշ կանոնների պահպանմամբ:

 

Ստեղծվելու են շարժական (մոնտաժվող) գյուղատնտեսական շուկաներ (առանց վարձավճարի) բնակելի թաղամասերում սահմանված վայրերում, ուր շաբաթը երկու անգամ գյուղացիները կկարողանան վաճառել իրենց գյուղատնտեսական ապրանքները: Գյուղացին բարենպաստ պայմաններում կվաճառի իր ապրանքը, իսկ երեւանցին հնարավորություն կունենա գնել թարմ ապրանք առավել մատչելի գներով:

 

Մերօրյա Երեւանում առեւտրի եւ սպասարկման ոլորտում խնդիրներն են.

  • առեւտրի եւ ծառայությունների ոլորտում օրենքով տրված լիազորությունների շրջանակներում համակարգված եւ արդյունավետ հսկողության իրականացման բացակայություն,
  • առեւտրի եւ ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի անբավարար պայմաններ,
  • սուպերմարկետների գործունեության կանոնակարգման բացակայություն (սահմանել սուպերմարկետների ցանցային կետերի ստեղծման նորմատիվներ, սահմանել սուպերմարկետների` որոշակի վայրերում տեղադրման լրացուցիչ պահանջներ, սահմանել սուպերմարկետների համար նորմատիվների առաջադրում (ապրանքների ու ծառայությունների տեսականու քանակի հաստատման, աշխատանքային ժամերի սահմանափակման, ավտոմեքենաների կայանման հրապարակների մակերեսի եւ այլնի վերաբերյալ):

 

 

  1. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանում զբոսաշրջությունը հռչակված է որպես զարգացող ճյուղ եւ ներառված է գլոբալ տնտեսության համակարգերում: Զբոսաշրջությունը տնտեսության բարձր եկամտաբերությամբ ճյուղերից է:

 

Զբոսաշրջության զարգացման խելամիտ եւ արդյունավետ պլանավորումն ու կառավարումը զգալի դեր ու նշանակություն կունենան քաղաքի կայուն զարգացման, քաղաքի կայուն տնտեսական զարգացման ապահովման եւ այնպիսի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում, ինչպիսիք են՝ աշխատատեղերի ստեղծումը, բնակչության եկամուտների ավելացումը, աշխատատեղերի ու եկամուտների արդար վերաբաշխումը, քաղաքային տարածքների համաչափ զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի պահպանումը եւ այլն:

 

Մյուս կողմից` զբոսաշրջությունը նպաստում է մշակութային արժեքների փոխադարձ արժեւորման համակարգերի ներդրմանը:

 

Զբոսաշրջության համար անհրաժեշտ մարդկային, մշակութային եւ բնական ռեսուրսների առկայության պայմաններում` իրականությունը փաստում է, որ Երեւան քաղաքը դեռ չի դարձել զբոսաշրջության կենտրոն: Ջանքեր են ներդրվելու այն կայացնելու ուղղությամբ:

 

Զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել Երեւան քաղաքի մշակութային արժեքների համակարգ՝ վերհանելով քաղաքի պոտենցիալը, արժեւորել քաղաքի պատմական շերտը (արժեհամակարգը)՝ նրա հնավայրերը դարձնելով զբոսաշրջության եւ գիտական ուսումնասիրության այցեքարտ: Բնական լանդշաֆտը` դեպի Արարատ տեսարանը եւ Արագածի պատկերը, հարկավոր է դարձնել առանցքային խորհրդանիշ:

 

Նախատեսվում է հանգստի նոր տիպի միջավայրի ստեղծում (հարթակներ, տարածքներ եւ այլն):

 

Առեւտրի կենտրոնները, հյուրանոցային ու ռեստորանային ծառայությունները, մշակութային հաստատությունները (թատրոններ, թանգարաններ, գրադարաններ) լիարժեք հագեցված չեն ժամանակակից քաղաքակիրթ սպասարկման համալիրներով: Այս սպասարկման ոլորտը բարելավելու համար իրականացվելու է հատուկ ծրագիր:

 

Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի կազմակերպումը կարեւորագույն խնդիր է: Այս ուղղությամբ՝ Երևանը, լինելով քույր քաղաք Լոս Անջելեսի հետ, ջանքեր է գործադրելու այն բացելու համար:

 

  1. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Մշակույթը ցանկացած ազգի ինքնության կարեւոր հենասյունն է: Հայաստանն ու Երեւանն ունեն հնարավորություն ներկայանալու աշխարհին իրենց մշակույթով՝ իրենց ինքնատիպ այցեքարտով:

 

Երեւանը կարող է իրականացնել այնպիսի մշակութային քաղաքականություն, որով կամուրջ կհանդիսանա աշխարհում բնակվող բոլոր հայերի եւ օտարների համար:

 

Հնարավոր է նաեւ Երեւանը դարձնել մշակութային ազատ տարածք, այն է՝ Երեւանին պատկանող տարածքների անվճար տրամադրում ազգային եւ օտարերկրյա արվեստագետներին՝ իրենց աշխատանքները ցուցադրելու համար:

 

Այսպիսով՝ կբացվեն դռները թե՛ ներսի եւ թե՛ դրսի համար, ինչը շատ դրական ազդեցություն կունենա ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ հայկական մշակույթի վրա: Կստեղծվեն շփումների ազատ մթնոլորտ, ազատ երկխոսություն, օտարերկրյա արվեստի քննադատների հոսք դեպի Երեւան եւ այլն:

 

Երեւանի քաղաքապետարանը նյութական աջակցություն կցուցաբերի նաեւ երիտասարդ արվեստագետներին` իրենց ստեղծագործությունները տպագրելու, տարածելու, տարբեր հասարակական շերտերին ներկայացնելու համար:

 

Երեւանի մշակութային քաղաքականության անելիքներից են.

  • Վերնիսաժը՝ որպես երեւանյան մշակույթի անբաժան մասի, անխափան աշխատանքի ապահովում,
  • ուշադրության կենտրոնում պահել թանգարանները, գրադարանները, մշակույթի ու արվեստի օջախները,
  • պայմաններ ստեղծել երաժշտական եւ թատերական արվեստի զարգացման համար,
  • հիմնել «Երեւան TV» (մշակութային եւ կրթական ծրագրեր),
  • նպաստել Երեւանում հայ մշակույթի եւ արվեստի գովազդմանը,
  • աջակցել հայկական մշակույթի լուսաբանմանն ու քարոզչությանը,
  • աջակցել հանրակրթական եւ համալսարանական հաստատություններում կրթական ծրագրերի միջոցով հայագիտության եւ հայրենաճանաչողության խթանմանը,
  • աջակցել համաշխարհային մշակույթի լուսաբանմանը եւ քարոզչությանը:

 

Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 15 երաժշտական, 10 արվեստի եւ 1 կերպարվեստի դպրոց: Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 3 թատրոն: Երեւանի քաղաքապետարանը եւս այս հաստատությունների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար պետք է իրականացնի հատուկ ծրագրեր:

Նախադպրոցական ու դպրոցական տարիքից սկսած առաջնային պետք է համարել քաղաքացու մշակութային-գեղագիտական դաստիարակությունը՝ հարգանք ձեւավորելով բարձրարժեք մշակույթի հանդեպ:

Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում Երեւանի Կենդանաբանական այգին։ Երեւանի Կենդանաբանական այգու գործունեությունն արդյունավետ չի իրականացվում: Այգու հիմնական գործառույթը` այցելուների եւ զբոսաշրջիկների ժամանցի ապահովումն է, որը պատշաճ կազմակերպված չէ: Երեւանի Կենդանաբանական այգու խնդիրներն են այգու արդիականացումը եւ վերակառուցումը:

2000 թվականից սկսած Երեւանում իրականացվում է քաղաքի պատմական շենքերի ոչնչացում, հուշարձան-շենքերի քանդում, կան  հուշարձան-շենքեր, որոնք  «Հուշարձան-շենքերի պահպանման» ցուցակից հանվել են: 1980-ականների վերջին ստեղծվել էր եւ կիրառության մեջ էր գտնվում «Հուշարձան-շենքերի պահպանության» ցուցակ, որը չեղյալ համարվեց 2000-ականների սկզբին, իսկ 2004 թվականին նոր «Հուշարձան-շենքերի պահպանման» ցուցակը կրճատվեց՝ 1980-ականների ցուցակի համեմատ 40%-ով: Պետք է վերահաստատել 1980-ականների ցուցակը: 1980-ականներին ընդունված Երեւան քաղաքի շենք-հուշարձանների ցուցակում ընդգրկված բոլոր շենք-հուշարձանները գտնվելու են հատուկ ուշադրության կենտրոնում:

 

Բացելու ենք (վերաբացելու ենք) Ալեքսանդր Թամանյանի անձնական թանգարանը:

 

 

  1. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Յուրաքանչյուր երկրի զարգացման եւ անվտանգության երաշխիքը կրթությունն է:  Կրթության ոլորտը մշտապես պետք է գտնվի պետության առաջնահերթությունների հիմքում:

 

Կրթության համար գումարներ չեն տնտեսվելու, իսկ ցանկացած լրացուցիչ եկամուտ առաջին հերթին ուղղվելու է դեպի կրթություն: Երեւանի դպրոցների հիմնավոր վերանորոգման, դասասենյակների ու մարզադահլիճների պատշաճ կահավորման եւ բոլոր դպրոցները համակարգիչներով ապահովելուն ուղղված գործողություններն իրականացվելու են նախապես սահմանված չափորոշիչներով՝ պահպանելով շենքի սկզբնական նախագիծը: Անհրաժեշտ է անցկացնել բոլոր նախադպրոցական եւ դպրոցական կրթօջախների շենքերի սեյսմակայունության մշտադիտարկում:

 

Դպրոցի տնօրենը պետք է լինի անկախ եւ անկաշկանդ, մարզային ու քաղաքային իշխանությունները չպետք է խոչընդոտեն կամ սահմանափակեն տնօրենին եւ ուսուցչական անձնակազմին՝ իրենց վերապահված լիազորություններն ըստ իրենց հայեցողության կատարելիս:

 

Ուսուցչի մանկավարժական գործունեությունը եւ նրա սոցիալական ապահովվածությունը առաջնային է, որը հիմնական գրավականն է մատաղ սերնդի` ապագա քաղաքացիների դաստիարակության ու ձեւավորման գործում: Հետեւաբար` անհրաժեշտ է ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության 18-ժամյա չափանիշը, որով կբարձրանա ուսուցչի աշխատավարձը եւ նրան հնարավորություն կտա զբաղվել ինքնակրթությամբ: Բոլոր վարչական շրջաններում առնվազն թվով 3 դպրոցներ անհրաժեշտ է ապահովել ներառական կրթություն ստացող աշակերտների համար անհրաժեշտ պայմաններով` թեքահարթակներ, կահույք եւ այլ անհրաժեշտ պարագաներ:

 

Կրթության ասպարեզում  առաջնային անելիքներն են.

  • դասավանդման մեթոդները եւ ուսումնական ծրագրերը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ աշակերտը դպրոցում ստացած գիտելիքները կարողանա ճիշտ օգտագործել եւ կրկնուսույցի կարիք չունենա,
  • դպրոցականների գեղագիտական եւ բարոյական դաստիարակմանը նպաստելու համար ապահովել աշակերտների՝ ամսական երկու անգամ թատրոն կամ թանգարան (պատկերասրահ) այցելությունների կազմակերպումը,
  • քաղաքային գրադարաններում ամիսը մի քանի անգամ աշակերտների համար կազմակերպել ընթերցումներ եւ քննարկումներ՝ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների, հայագիտության եւ հայրենաճանաչողության վերաբերյալ,
  • հայագիտությանը եւ հայրենաճանաչողությանը նպաստելու համար տարեկան մի քանի անգամ կազմակերպել դպրոցականների այցելություններ տեսարժան ու պատմական վայրեր,
  • տարրական դպրոցների՝ սոցիալապես անապահով բոլոր երեխաներին հանրային միջոցների հաշվին հատկացնել գրենական անհրաժեշտ պիտույքներ,
  • դպրոցներում ամբողջապես վերացնել «դպրոցական ֆոնդ» հասկացության ներքո գումարների հավաքագրումը,
  • բյուջեի միջոցներով վերանորոգել մայրաքաղաքի բոլոր նախադպրոցական հաստատությունները (մանկապարտեզները) եւ կառուցել նորերը,
  • վերացնել նախադպրոցական հաստատություններում հերթագրումները եւ բոլոր նախադպրոցական տարիքի երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթության իրավունքը,
  • ապահովել մանկապարտեզները առողջական տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող համապատասխան մասնագետներով:

 

 

  1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեւանցիների սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական նպատակն է սոցիալական ռիսկերի կառավարումը, նվազեցումը եւ կանխարգելումը:

 

Սոցիալական քաղաքականությունը պետք է ներառի հստակ սահմանված սոցիալական պաշտպանության համակարգ, որի հիման վրա բնակչության խոցելի խմբերին հնարավորություն կընձեռվի օգտվել հատուկ ծրագրերից:

Երեւանցիները զրկված են մատչելի բնակարանների գնման եւ վարձակալման հնարավորություններից: Սոցիալական բնակարանների հատկացման եւ վարձակալության իրավունքի գերակայության սկզբունքի վրա հիմնված ընթացակարգեր գոյություն չունեն:

Հանրային միջոցների հաշվին սոցիալապես անապահով շերտերին, անօթեւան խավերին անհրաժեշտ է տրամադրել ժամանակավոր բնակելի կացարաններ:  Երեւանի քաղաքապետարանը պետք է իրականացնի սոցիալական բնակարանաշինություն:

 

Երեւան քաղաքում սոցիալական խնդիրներ են.

  • սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի դասված անձանց բնակարանային պայմանների անբավարար վիճակը,
  • սոցիալական բնակֆոնդի ձեւավորմանը եւ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործընթացում ներդրողների ներգրավման եւ պետական-մասնավոր գործակցության խթանման բացակայությունը,
  • բնակարանների տրամադրման նպատակային ծրագրերի իրականացման բացակայությունը:

 

Նախատեսվում է 2000-ականներից սկսված, այսպես կոչված՝ հանրային կարիքների համար ծրագրով երեւանցիներից ապօրինի օտարված  բնակարանների եւ հողերի վերաբերյալ՝ տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնմանն ուղղված ծրագրի իրականացում: Երեւանի անտառների, կանաչ եւ կառուցապատման ոչ ենթակա հողերի վրա կառուցված շենքերի եւ շինությունների նկատմամբ գույքահարկի եւ հողի հարկի հատուկ սահմանում կկիրառվի:

 

  1. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեւանի ենթակայությամբ գործում են շուրջ երեք տասնյակ առողջապահական կազմակերպություն:

 

Երեւանի առողջապահական համակարգը ներառում  է շենք եւ շինություն, կադրեր, սարքավորումներ, ենթակառուցվածքներ, որոնք գրեթե բոլորն էլ անմխիթար վիճակում են:

 

Առողջապահության ներկա համակարգը կարելի է բնութագրել մի քանի բառով` «Քաղաքականացված բիզնեսին սերտաճած դեղագործական բիզնեսի կցորդ»: Նման համակարգը ոչ թե կանխում եւ բուժում է հիվանդությունները, այլ ընդհակառակը` ավելացնում է հիվանդների քանակը, քանի որ բիզնեսի ծաղկման համար «հումք» է պետք:

 

Երեւանի առողջապահական խնդիրներն են.

  • առողջապահահական ծառայության որակի բացակայություն,
  • առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովման բացակայություն,
  • առողջապահական հիմնարկների հիմնանորոգման, գույքի եւ բժշկական պարագաների արդիականացման բացակայությունը:

 

Առողջապահական համակարգի խնդիրը հիմնականում պետք է ուղղված լինի առողջության պահպանմանը եւ հիվանդությունների կանխարգելմանը: Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող առողջապահական բոլոր հիմնարկների տվյալները թվայնացվելու են: Երևանի ենթակայության տակ գտնվող առողջապահական կազմակերպությունները  հիմնավերանորոգվելու են, գույքը և բժշկական պարագաներն արդիականացվելու են:

 

  1. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

Երեւանի ավագանու աշխատանքում անհրաժեշտ եւ կարեւոր պայմաններից է քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական միությունների ներկայացուցիչների, մասնագետների եւ  ներդրողների հետ ըստ ոլորտների հանրային քննարկման եւ խորհրդակցության աշխատանքների իրականացումը:

 

Երեւանում առկա հանրային խնդիրների վերաբերյալ մշտադիտարկման իրականացման, հանրային իրազեկման մակարդակի բարձրացման, բնապահպանական, հանրային շահի եւ այլ հարցերի պաշտպանության իրականացման վերաբերյալ հանրային քննարկումների անցկացումը հանդիսանում է Երեւանի զարգացման քաղաքականություն իրականացնելու արդյունավետ միջոց:

Ամիսը մեկ անգամ նախատեսվում է կազմակերպել բնակիչների ընդունելություն Քաղաքապետի հետ:

Տարբեր գործընթացների մեջ ներմուծել նոր ժողովրդավարական սկզբունքներ` քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ քաղաք ստեղծելու գործում:

 

  1. ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոմունալ ենթակառուցվածքները վերականգնելու համար Երեւանն օգտագործում է միջազգային ֆինանսական հաստատությունների եւ միջազգային ներդրողների միջոցները, ինչպես նաեւ պետական-մասնավոր գործընկերության տարբեր մեխանիզմները: Երեւանը հանրային ծառայությունների մատուցման համար ներգրավել է մասնավոր օպերատորներ: Երեւանում բնակելի շենքերի վերջնական սպառողների (բնակչության) եւ էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի մատակարարման հանրային ծառայությունների եւ ցանցային ընկերությունների միջեւ գործում է ուղղակի պայմանագրային հարաբերությունների համակարգ: Երեւանի կոմունալ ծառայությունների որակյալ եւ անխափան աշխատանքները կարիք ունեն վերանայման եւ խիստ վերահսկողության:

Երեւանում կոմունալ ծառայությունների խնդիրներն են.

  • գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի չափազանց բարձր լինելը,
  • ջրամատակարարման եւ ջրահեռացման համար վճարված ծառայությունների դիմաց անորակ ծառայության մատուցումը,
  • աղբահանության համար վճարված ծառայության համար անորակ ծառայության մատուցումը:
  1.  ԿՈՌՈՒՊՑԻԱ, ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲՅՈՒՋԵ

Կոռուպցիայի համակարգային բնույթն ու ստվերային տնտեսության ահռելի չափերը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները վտանգում են պետականության հիմքերը եւ ամբողջությամբ խոչընդոտում են մեր երկրի եւ հասարակության զարգացման հեռանկարները: Անհրաժեշտ է ներդնել հանրային եւ համայնքային կառավարման արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետու համակարգեր, այդ թվում` ինքնաբավ համայնքային բյուջեների մեխանիզմ: Ներկայիս համակարգը, երբ ամբողջ հարկերը գնում են պետական բյուջե, իսկ այնտեղից դոտացիաների եւ սուբսիդիաների ձեւով վերադարձվում համայնքներին, արդյունավետ չէ։

Այսօր համայնքներն իրենց կողմից ծախսվող միջոցների ¾-ը ստանում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Այս համակարգը հնարավորություն է տալիս կառավարությանը քաղաքական կախվածության մեջ պահել համայնքները, ինչն էլ, իր հերթին, խոչընդոտում է համայնքային զարգացմանը եւ թուլացնում նրանց ինքնակառավարումը։ Միջոցների վերաբաշխումը հօգուտ համայնքների, պահպանելով դրանց փաստացի ծախսման գանձապետական մեխանիզմները, կխթանի համայնքների զարգացումը, այդ թվում նաեւ՝ Երեւանի:

Անհամաչափ զարգացումը մեր երկրում հանգեցրել է նրան, որ մարզերի մակարդակով հաշվարկած՝ համախառն մարզային արդյունքը մեկ շնչի հաշվով մինչեւ 5 անգամ տարբերվում է Երեւանի համեմատությամբ։ Արդյունքում՝ առկա է ահռելի ներքին միգրացիա. գյուղերը դատարկվում են, ինչին զուգահեռ՝ Երեւանի ենթակառուցվածքներն են գերծանրաբեռնվում:

Զգալիորեն պետք է բարձրացնել գույքահարկի դերը՝ այն տարբերակելով ըստ գույքի չափերի եւ գոտիականության (տարածքային գործոն)։ Առանձին գույքային համալիրների նկատմամբ (ավելի քան 500-1000 քմ) գույքահարկի դրույքը կարելի է սահմանել մինչեւ արժեքի 1%-ը։

Հարկային քաղաքականության եւ բյուջեի ձեւավորման հիմնական խնդիրներն են.

  • համայնքային ինքնաբավ բյուջեների մեխանիզմների բացակայությունը,
  • տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը բարձրացնելու, համայնքների տնտեսական զարգացման հետամնացությունը բացառելու նպատակով շահութահարկի եւ եկամտահարկի 50%-ը համայնքներին թողնելու անհրաժեշտության բացակայութունը,
  • խոշոր գույքի հարկի ցածր դրույքաչափը,
  • օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին համայնքային գույքի սեփականաշնորհման, պատվերների ընդունման եւ գնումների մասնակցությունը,
  • շինարարության ոլորտում կապիտալի սառեցման, կանխման արդյունավետ օրենսդրական դաշտի բացակայությունը,
  • անավարտ շինարարության հարկման անարդյունավետ քաղաքականությունը,
  • կապիտալի սառեցումը շինարարության ոլորտում:

 

 

Հանրային գնումների արդյունավետ համակարգի ներդրումն ունի մեծ ազդեցություն ցանկացած երկրի կայուն ու երկարաժամկետ տնտեսական զարգացման վրա: Հայաստանում հանրային գնումների ոլորտում շրջանառվող մեծ գումարները պարարտ հող են հանդիսացել զանազան չարաշահումների եւ կոռուպցիոն դրսեւորումների համար: Դրա մասին են վկայում թե՛ հայաստանյան մամուլում վերջին տարիներին տեղ գտած բազմաթիվ հրապարակումները, թե՛ հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցները եւ թե՛ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի` Երեւանի քաղաքապետարանի կողմից ավտոճանապարհների, փողոցների եւ մայրուղիների կառուցման, վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքների համապատասխանելիության վերաբերյալ Զեկույցը: Հանրային գնումների համակարգը Երեւանի քաղաքապետարանում չի կազմակերպվում գնման գործընթացի միասնական կանոններով՝ մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով:

 

Երեւանի քաղաքապետարանի կողմից հանրային գնումների ոլորտում կարեւոր եւ առաջնային խնդիրներն են.

  • Հայաստանի Հանրապետության օրենքների, եւ մասնավորապես՝ «Գնումների մասին» օրենքի խախտումները,
  • հանրային գնումների շրջանակներում աշխատանքներն իրականացնելիս` աշխատանքների կատարման վայրերի, ծավալների եւ տեսակների փոփոխությունները,
  • պայմանագրերում հստակ կատարման ենթակա աշխատանքների ծավալները չնշելը,
  • առանց ծագման հավաստագիր ունեցող ապրանքների օգտագործումը,
  • օրենքով սահմանված՝ իրավական նորմերով եւ կանոններով նախատեսված բոլոր ստուգումներն իրականացնելուց հետո աշխատանքի ընդունում-հանձնում չկատարելը:

 

  1. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան 50 քաղաքների հետ եւ անդամակցում է միջազգային 8 կազմակերպությունների:

Երեւանի միջազգային համագործակցության խնդիրներն են.

  • Երեւանի քույր եւ գործընկեր քաղաքների, ինչպես նաեւ այլ քաղաքների քաղաքային տնտեսության լավագույն փորձի եւ մոդելների տեղայնացում,
  • միջազգային համագործակցության շրջանակներում հնարավոր ռեսուրսների ներգրավում Երեւանի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում,
  • մայրաքաղաքների եւ խոշոր քաղաքների (հատկապես՝ հայաշատ) հետ եղբայրացման համաձայնագրերի ստորագրում՝ համագործակցության պայմանավորվածությունների ձեռքբերում, առկա համաձայնությունների շրջանակում խորացված աշխատանքների իրականացում,
  • Երեւան-Լոս Անջելես քույր քաղաքների, Երեւան-Քեմբրիջ (ԱՄՆ, Մասսաչուսեթս նահանգ) քույր քաղաքների, Երեւան-Մոսկվա, Երեւան-Լիոն, Երեւան-Մարսել քաղաքների միջեւ խորը եւ համապարփակ համագործակցություն:
  1. ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Երեւանում գործարանների կառուցումը եւ աշխատատեղերի ստեղծումը կարեւոր առաջնահերթություններից են, ինչը կմեղմացնի մեր երկրում առկա սոցիալական լարվածությունը:

Երեւանն ունի բոլոր հնարավորությունները կառուցելու գործարաններ հետեւյալ ոլորտներում.

  • կենցաղային թափոնների վերամշակման գործարան,
  • վերելակների արտադրության (հավաքման) գործարան,
  • մասնավոր-պետություն համագործակցության շրջանակներում այլընտրանքային էներգիայի արտադրության կազմակերպում, այլընտրանքային և էներգախնայող լուսավորության համակարգի ձեռնարկությունների գործարկում:

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930