Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության վրա ծախսվող գումարների տրամաբանությունը պետք է փոխեալ. Վահագն Պողոսյան

Հոկտեմբեր 28,2018 23:20

«Ինստիգեյթ»-ի հիմնադիր

Վահագն Պողոսյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Այսօր մեր առաջնահերթությունների ցանկում, ցավոք, չի մտնում մեր երեխաների երջանկությունը: Մենք մանկապարտեզից սկսած հոգ չենք տանում նրանց հոգեվիճակի ներդաշնակ զարգացման մասին: Ծնողները զուտ կենցաղային նպատակներ ունեն երեխաների հետ կապված.  նա պետք է դպրոցը ավարտի, համալսարան ընդունվի եւ այլն: Շատ ծնողներ վախենում են, որ երեխաները անգամ դրան չեն կարող հասնել  եւ դա դառնում է գերնպատակ: Արդյունքում մեծանում է մի ամբողջ սերունդ, որ մտածում է, թե  տղամարդը նա է, ով կարողանում է տուն պահել: Ծնողները իրենց երեխաներին այդ պատկերացմամբ են դաստիարակում: Դա հետպատերազմական շրջանի համընդհանուր խնդիր է: Բուժումը ժամանակն է, պետք է սպասենք գա նոր սերունդը, որ այլ կերպ է մտածում,  որովհետեւ այն սերնդին, որ այսօր է ապրում Հայաստանում, բան բացատրելը չափազանց դժվար է: Ես վստահ եմ, որ միայն ժամանակն ու սերնդափոխությունն են լինելու լուծումը:

Եւ մենք տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում Հայաստանում շատ բան է փոխվում: Դա ակնհայտ կլինի, եթե, օրինակ, դիտարկենք ինչպես էր աշխատում ոստիկանությունը տասը տարի առաջ եւ ինչպես է աշխատում այսօր, կամ ինչպես էին աշխատում մաքսատները առաջ եւ ինչպես են աշխատում հիմա: Ահռելի տարբերություն կա: Ասածս այն է, որ մենք կրկնում ենք բոլոր զարգացած երկրների անցած ուղին: Էքսպոնենցիալ կորը, ուղղակի, այնպիսի հատկություն ունի, որ սկզբում ուղիղ է, որոշ ժամանակ անց նոր  ուղղահայաց բարձրանում է: Այսօր մենք այդ զարգացման փուլում ենք եւ, եթե արտաքին ու  ներքին ցնցումները այդ զարգացումից հետ չգցեն, մենք դուրս կգանք այն փուլ, որի ժամանակ  կենցաղային խնդիրները լուծում կստանան: Կգա նոր սերունդը: Երիտասարդներ,  որոնք  կլինեն ոչ թե սպառողական զամբյուղի պաշտամունքի սերունդ, այլ շատ ավելի բարձր արժեքների կրող: Դրա համար այսօր դաս սովորեցնելուց առաջ, երեխաներին պետք է կապենք բնությանը: Նրանց մեջ այլ արժեքներ պետք է սերմանենք,  պետք է տանենք անտառ, նետաձգություն սովորեցնենք, այլ հմտություններ, որ շուտ զգալի լինեն այդ փոփոխությունները:

Խոսելով հանրակրթության ոլորտում ծառացած խնդիրների լուծումների մասին: Ես կարծում եմ, որ ինչ- որ բան փոխելու միակ միջոցը «ծեծի» լեզվով  խոսելն է… Նախարարությունը կրթությանը հատկացված փողը պիտի պատվերի վրա ծախսի, դառնա պատվիրատու: Ես կրթության նախարարությանն էլ եմ ասել, որ կարելի է դպրոցին եւ համալսարանին տրամադրվող փողը մեկ անգամ ծախսել: Դպրոցին գումար հատկացնել համալսարանի միջոցով: Դա կոչվում է սիներգետիկ ծախսեր, մի տեղ ծախսվում է մյուս տեղի ծախսերը փակելու համար. Երկու արդյունք է ստացվում մեկ ծախսով:

Օրինակ, մանկավարժական համալսարանին կարելի է այլեւս գումար չտալ: Փոխարենը պետությունը կարող է  պատվեր իջեցնել, վճարել, որ դասախոսներն ու բարձր կուրսի ուսանողները  դուրս գան իրենց լսարաններից, մտնեն  դպրոցները ու   փորձեն այնտեղ վիճակը ավելի բարվոք դարձնել: Կարդան ինչ են անում, օրինակ, «Արեգնազան» կրթահամալիրը, Ամերիկայի լավագույն դպրոցները եւ գան այդ մոդելները ներդնեն իրենց կողքի դպրոցներում, որտեղ ուսուցիչը ասում է, քանի որ իմ աշխատավարձը ցածր է, ես իրավունք ունեմ երեխաներին դժոխքի մեջ պահեմ:

Կամ էլ  պատվեր իջեցնեն ճարտարագիտական  համալսարան:  Պոլիտեխնիկի  ուսանողները, օրինակ, թող գնան  դպրոցի տանիքը վերանորոգեն, դռները սարքեն, սանհանգույցը կարգի բերեն եւ այլն. Ռեալ գործ անեն: Ոչինչ, որ առայժմ ցածր մակարդակի գործ են անում , երբ տանիքի վերանորոգումը վերջացնենք, անօդաչու սարքերով նամակներ կտանենք հարեւան դպրոցներ, բայց առայժմ մեզ անհրաժեշտ է, որ դպրոցի սանհանգույցը նորմալ աշխատի եւ պետք  չէ կրկնակի գումար ծախսել դրա վրա: Գումարը ռեալ գործի համար պետք է ծախսվի, ոչ թե պետությունից դասախոսին վճարվի նրա համար, որ նա գրքից արտագրի գրատախտակին ու երեխաներին ասի,  դե հիմա էլ դուք արտագրեք տետրի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031