Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոհարարական աշխարհը աշխարհի ամենահամերաշխ համակցությունն է».Սեդրակ Մամուլյան

Դեկտեմբեր 23,2018 18:52

«Շարոցը շատ հնուց է մեզ փոխանցվել, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, սակայն որոշ տեղեկությունների համաձայն, այն ոչ պակաս, քան 200-300 տարվա պատմություն ունի: Հիմնականում շարոց պատրաստում են Հայաստանի Հանրապետության այն մարզերում, որտեղ ընկույզը շատ է»,- մեզ հետ զրույցում հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Պարոն Մամուլյանը « կիսվեց» շարոցի պատրաստման եղանակով, շեշտելով, որ շարոցի պատրաստման շատ տարատեսակներ կան, բայց հիմնականը խաղողի հյութով պատրաստվողն է: Խաղողի հյութը եռացնում էին, հետո կամաց կամաց ալյուրը լցնելով շփոթ են պատրաստում: Ընկույզը ասեղի օգնությամբ անցկացնում են թելի վրա, և այսպես շարոցը շփոթի մեջ թաթախելուց հետո կախում են չորանալու: Ահա և բաղադրատոմսը:

Սակայն հիմա, նրա խոսքերով, այն պատրաստում են ոչ միայն խաղողի հյութով, այլ նաև տարբեր մրգերից պատրաստված դոշաբով: Կա մի հետաքրքիր ձև, որը հիմնականում հանդիպում է Աշտարակի տարածաշրջանում. խաղողի հյութը եռացնելուց հետո, ավելացնում են նաև կավ, որպեսզի խաղողի հյութը պարարտվի, և արդեն խաղողի պարարտված հյութին ավելացնում են ալյուր և պատրաստում շփոթ: Նաև ավելացնում են համեմունքներ՝ մեխակ, դարչին,և այլ տեսակի համեմունքներ:

Պարոն Մամուլյանը անդրադարձավ նաև չուրչխելին, մեկնաբանելով, որ միշտ հարց է դրվում, սկզբում չուրչխելին է եղել, թե՞ շարոցը, բայց իրականում,ինչպես ինքն է ասում, խոհանոցի պարագայում, որպես մշակութային ոչ նյութական ժառանգություն, դժվար է ասել, թե առաջինը մե՞նք ենք կիրառել մեր մշակույթի մեջ, թե վրացիները:

Ըստ պարոն Մամուլյանի, շատ լավ է, որ բացի շարոցից վրացիների հետ ունենք նաև այլ նման կերակրատեսակներ, որի պատճառը ժողովուրդների՝ նույն տարածաշրջանում և նույն բնակլիմայական պայմաններում ապրելն է: Մեր զրուցակիցը այս հանգամանքը դիտում է ոչ թե բաժանման, այլ որպես համագործակցության և փոխլրացման մի երևույթ:

Պարոն Մամուլյանը ավելացրեց, որ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության գալիք տարվա ծրագրերում նախատեսված է հայ և վրացի խոհարարների միջև նմանատիպ կերակրատեսակների համատեղ փառատոնի իրականացում, և սա կլինի այն նպատակի իրականացումը, որ մշակութային տիրույթները ոչ թե բաժանում են ազգերին, այլ միավորում են նրանց:

«Սուր անկյունները պետք է հարթել, և պետք է հարթել նախևառաջ խոհարարական աշխարհի միջոցով, քանի որ խոհարարական աշխարհը աշխարհի ամենահամերաշխ համակցությունն է»-, ասում է պարոն Մամուլյանը:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31