Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում է քաղաքական օրակարգ

Հունվար 01,2019 17:00

Ապրիլյան իշխանափոխությունից ի վեր` ներքաղաքական ցնցումներով ուղեկցվող փոփոխություններին զուգընթաց, սկսեցին արտաքին քաղաքական զարգացումները:

Սա այն դասական դեպքն էր, երբ ակնհայտ է դառնում ներքին եւ արտաքին քաղաքականությունների փոխկապակցվածությունը։

Իշխանափոխությունից անմիջապես հետո առաջին պլան դուրս եկավ հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը. արդյո՞ք իշխանափոխությունը կազդի այդ հարաբերությունների վրա։ Ենթադրվում էր, որ «գունավոր» հեղափոխությունների հանդեպ Ռուսաստանի զգայուն մոտեցումը չէր կարող այդ հարաբերությունների համար անհետեւանք մնալ։ Սակայն Հայաստանի նոր ղեկավարությունը շտապեց փարատել Ռուսաստանի մտահոգությունները. նա պարզաբանեց, որ դա ոչ թե «գունավոր», այլ «թավշյա» հեղափոխություն է` նկատի ունենալով վերջինիս զուտ ներքին բնույթը։

Փաշինյանը հանգստացրեց Կրեմլին, որ ներքաղաքական փոխակերպումները որեւէ ազդեցություն չեն ունենա Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների իրագործման վրա։ Մյուս կողմից` Ռուսաստանն իրեն չափազանց զգույշ եւ կոռեկտ պահեց` հայտարարելով, որ դա հայ ժողովրդի ներքին խնդիրն է։ Սա աննախադեպ պահվածք էր, եթե հաշվի առնենք մինչ այդ Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունների հանդեպ Ռուսաստանի կոշտ արձագանքը։ Որոշ ռուս վերլուծաբաններ դա «ուկրաինական դասի» հետեւանք են համարում։

Արեւմուտքը նույնպես իրեն ճշգրիտ պահեց` ցուցադրաբար հեռու մնալով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից։ Շատ միջազգային դիտորդներ Հայաստանին օրինակ էին բերում մյուս երկրների համար, թե ինչպես պետք է ներքին օրակարգ ձեւակերպել եւ ներքաղաքական զարգացումները զերծ պահել արտաքին միջամտություններից։

Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ իշխանության փոփոխությունը, այնուամենայնիվ, չի կարող չազդել արտաքին քաղաքականության վրա։ Դա նույնպես ներքին ու արտաքին քաղաքականությունների փոխկապակցվածության հետեւանքն էր։

ՀԱՊԿ-ում ստեղծված վիճահարույց իրավիճակը, որի կենտրոնում հայտնվել է Հայաստանը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի այցը տարածաշրջան, Արցախի խնդրում Ադրբեջանի աշխուժացումը Հայաստանին ստիպում են արձագանքել դրանց: Սակայն թե ինչպիսի արձագանք եւ, առհասարակ, ինչպիսի արտաքին քաղաքական օրակարգ է որդեգրել Հայաստանի նոր կառավարությունը` դեռեւս մեր քաղաքացիների ու փորձագետների համար պարզ չէ։

Իրավիճակային արձագանքները նման հարցերում կարող են մեզ փակուղի տանել։ Իսկ համակարգված քաղաքականություն վարելու համար հարկավոր է ձեւավորել  ազգային շահի վրա հիմնված քաղաքական օրակարգ։ Եվ որքան շուտ` այնքան լավ: Դրանով է պայմանավորվելու ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունը, այլեւ, հաշվի առնելով խնդրի կարեւորությունը` նաեւ ներքաղաքական կայունությունը։

Սա է այն հիմնական մարտահրավերը, որն այսօր կանգնած է նոր կառավարության առջեւ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031