Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացե՛ք, կանա՛յք են. կանանց դերն ու կարողությունները անուրանալի են, իսկ գնահատումն ու վարձատրությունը՝ ցածր

Հունվար 16,2019 23:13

Կար ժամանակ, երբ տղամարդկանց՝ հասարակությունների շարժիչ ուժ հանդիսանալու հանգամանքը պայմանավորված էր հիմնականում աշխատանքների գյուղատնտեսական բնույթով. առաջնային անհրաժեշտություն էր համարվում ֆիզիկական ուժը։ Որ կանանց դերը անտեսված էր հասարակություններում, պայմանավորված էր նաև խիստ հետադիմական, սահմանափակ մտածելակերպի գերակայությամբ։ Արդյունքում՝ հասարակություններում և առավել ևս աշխատավայրերում առաջնահերթությունը տրվում էր տղամարդկանց։

Մինչդեռ գիտական ուսումնասիրությունները փաստում են, որ միևնույն մակարդակի կնոջը և տղամարդուն հավասար հնարավորություններ տալու դեպքում՝ տղամարդը դառնում է ուժեղ, իսկ կինը՝ խելացի։ Այլ կերպ ասած՝ սա ևս մեկ անգամ փաստում է, որ տղամարդկանց մոտ առավել զարգացած են ֆիզիկական կարողությունները, իսկ կանանց մոտ՝ մտավոր։

Եթե ժամանակին գումար վաստակելու համար անհրաժեշտ էին մկաններ, այժմ, տնտեսական հանգամանքների փոփոխմամբ պայմանավորված, առաջնային անհրաժեշտություն են մտավոր կարողությունները, և կանանց կարողությունները սկսում են որոշակիորեն գնահատվել։ Ներկայում պատկերը որոշակիորեն փոխվել է նաև աղջիկների համար կրթության հասանելիության ընդլայնման շնորհիվ։ Չնայած որոշակի առաջընթացին, ընդհանուր պատկերը առանձնապես չի փոփոխվել։ Թեև կանայք ստանում են փայլուն կրթություն և հրաշալիորեն դրսևորվում գրեթե բոլոր բնագավառներում, սակայն բազմաթիվ հասարակություններում կանանց չեն տրվում դրսևորման հավասար հնարավորություններ, դրան գումարվում է կանանց գերծանրաբեռնվածությունը, ընտանիքի ու երեխաների հոգսը ամբողջությամբ կրելը։

Հայ կանայք այս հարցում բացառություն չեն և այստեղ ևս աշխատաշուկայում կանայք բախվում են բազմաթիվ խոչընդոտների, աշխատավայրում կամ աշխատանք փնտրելիս խտրականության տարբեր դրսևորումների թիրախ դառնում։ Բացի այդ՝ քիչ չեն աշխատելու արգելքները կանանց ընտանիքների կողմից և հասարակության անուղղակի ճնշմամբ պայմանավորված։ Այս ամենին հաճախ գումարվում են մասնագիտական կարիերայի և ընտանեկան պարտականությունների համատեղման հնարավորությունների և դայակի ինստիտուտի բացակայությունը, ինչպես նաև այլ տարատեսակ բացասական պրակտիկաները։

Օբյեկտիվության սահմաններից դուրս կլինի փաստելը, որ մեր հասարակությունում կանանց իրավունքները ոտնահարված են, սակայն բազմաթիվ սահմանափակումների առկայությամբ պայմանավորված՝ այն, ինչ կարող է տրվել տղամարդկանց, կանանց հաճախ տրվում է գերմարդկային ջանքերի և բազմաթիվ կորուստների գնով։ Հաճախ կանայք ստիպված են լինում ընտրություն կատարել անձնական կյանքի և աշխատանքի միջև։ Տարօրինակ չէ, սակայն ցավալի է, որ բազմաթիվ կայացած կանայք չունեն ընտանիքներ։

Արգելքները հաղթահարելով, բազում դառը փորձություններ կրելով, պարտականությունների շրջանակն ընդլայնելով, խտրական վերաբերմունքը բացառիկ կարողությունների շնորհիվ հաղթահարելով՝ կանայք մտնում են աշխատաշուկա և այստեղ ևս քիչ տհաճ անակնկալների չեն հանդիպում։ Շատ հաճախ առաջնահերթությունը տրվում է տղամարդկանց, կանանց դերն ու իրավունքները ստորադասվում են, կանայք պակաս լուրջ են ընկալվում և այլն… Մինչդեռ կանանց դերն ու կարողությունները անուրանալի են, իսկ գնահատումն ու վարձատրությունը՝ ցածր…

Հաճախ տղամարդիկ, որպես կանանց դրսևորման հարթակ, պատկերացնում եմ միայն խոհանոցը և այլ հարթակներում դրսևորման հնարավորությունները սահմանափակելով և խոչընդոտելով՝ փորձում վերահաստատել սեփական գերակա դերը հասարակությունում։ Իհարկե, անուրանալի են նաև տղամարդկանց կարողությունները, սակայն, հարգելի՛ տղամարդիկ, ընդունեք, որ միասին մենք կարող ենք ավելին։

Հայտնի է, որ կանայք որոշում կայացնում են սրտով, իսկ տղամարդիկ՝ գլխով։ Կանայք ավելի ինտուիտիվ են, ինչպես նաև խնդիրները դիտարկում են բազմակողմանիորեն։ Իսկ տղամարդիկ ավելի պարզ և մատերիալիստական մտածելակերպ ունեն։ Տղամարդիկ կանանց հետ համեմատած շատ կարճաժամկետ տեսլական ունեն, քանի որ առավել արագ են որոշումներ կայացնում ու բավականաչափ չեն սևեռվում դրական և բացասական հետևանքների վրա։ Արդյունքում, քանի որ աշխարհը ղեկավարվում է տղամարդկանց կողմից, վերջիններս աղետալիորեն ձախողվում են, առնվազն ունենում են կարճատև ձախողումներ, իսկ կանայք՝ թվում է, թե ձախողում են կարճաժամկետ արդյունքներ գրանցելիս, բայց երկարաժամկետ վերջնական արդյունքում՝ հաջողում են։ Այնուհանդերձ՝ շատ հասարակություններում կանանց անգամ տրված չէ հնարավորություն որոշում կայացնելու, նույնիսկ իրենց անձնական կյանքում, իրենց սեփական ընտանիքներում… Եվ այսպես է աշխարհի կեսից ավելիում…

Արևմտյան Եվրոպայում, որտեղ ազատությունը զարգացել է կրթության զարգացման հետ, կանայք իրենց կարողություններով հաճախ գերազանցում են նույնիսկ լավագույն կրթությամբ տղամարդկանց։ Թեև, միևնույնն է, սեփական իրավունքների լիակատար տիրապետմանը կանայք փորձում են հասնել պայքարի միջոցով։ Իսկ Արևելյան Եվրոպայում իրավիճակը արագորեն փոխվում է, քանի որ անցում է կատարվում գյուղատնտեսությունից դեպի ինդուստրալիզացիա։

Հյուսիսային Ամերիկայում, օրինակ, կանայք գերակա դեր ունեն կրթության և առողջապահության ոլորտներում, որոնք հանդիսանում է հասարակության հիմնաքարերը։ Տղամարդիկ առավել կարողունակ են գործարաններում և ֆերմաներում աշխատելու համար։ Այլ կերպ ասած՝ կանայք անհրաժեշտ են համբերություն պահանջող աշխատանքների համար։ Ցանկացած տեղ, որտեղ «մարդկային հպում» է անհրաժեշտ, կանայք գերիշխում են։ Տղամարդիկ հիմնականում անհրաժեշտ են այն տեղերում, որտեղ կարճատև նպատակներ հետապնդող որոշումների ընդունում ու մեքենաների հետ աշխատանք է անհրաժեշտ, կամ էլ՝ կոնստրուկցիոն աշխատանքներ։ Մերօրյա ժամանակներում ևս այն տեղերում, որտեղ ֆիզիկական կարողությունը գերակա անհրաժեշտություն է, տղամարդկանց դերը գերակա է և այն տարածվում է նաև առանձնապես ֆիզիկական ուժ չպահանջող ոլորտների վրա, մինչդեռ կանանց մտավոր ներուժը ահռելի է և բավարար չափով չի օգտագործվում։ Գալով մարդասիրությանն ու բարությանը, տղամարդկանց բարությունը գալիս է ուղեղից, իսկ կանանցը՝ սրտից։ Տղամարդկանց բարությունը խիստ հաշվարկված է. «շահ չկա՝ ջանք չի կարող լինել»։ Կանանց բարությունը հիմնականում կապված չէ շահի հետապնդմանը. համբերատարությունը, ներողամտությունը և մարդասիրությունը առավել կանանց հատուկ մարդկային որակներ են։ Վերը ներկայացված համեմատությունները ընդհանրական են և, իհարկե, կլինեն բազմաթիվ բացառություններ, որոնք, սակայն, ընդհանուր պատկերի վրա մեծ ազդեցություն թողնել չեն կարող։

Այդպիսով՝ կրթությունը և տնտեսության զարգացումը որոշակիորեն ազատում են հասարակություններին, հատկապես կանանց, որոնք հետադիմական սոցիալական և կրոնական հայացքների զոհ էին։ Ակնկալվում է, որ հասարակություններում կնոջ դերը կբալանսավորվի, թեև դա կպահանջի ժամանակ և ջանքեր…

Կանանց աշխատանքային ռեսուրսների 47%-ը տնտեսապես ոչ ակտիվ է, բացի այդ՝ աշխատող կանայք 10%-ով ավելի քիչ են, քան տղամարդիկ: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կատարած ուսումնասիրությունը վկայում է, որ կանանց տնտեսական ակտիվության ցածր մակարդակի պատճառով Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան կրում է առնվազն 50-ից 60 մլն դոլարի վնաս:

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով 2018 թվականի մարտ ամսին աշխատուժի առաջարկը կազմել է 54 765 իգական սեռի աշխատանք փնտրողներ և 28 746 արական սեռի աշխատանք փնտրողներ: Ընդ որում՝ նրանցից գործազուրկ են 45 571 կին և 22 815 տղամարդ: Ավելին՝ միջին ամսական աշխատավարձն ըստ աշխատողների սեռի 2018 թվականի մարտին կազմում է ընդամենը 134 866 դրամ կանանց համար, մինչդեռ տղամարդկանց համար այդ թիվը 201 855 է:

Անհրաժեշտ է մտցնել որոշակի կանոնակարգումներ, ապահովել աշխատատեղերի բալանսավորված բաշխման հնարավորություն, խթանել կանանց ներգրավվածությունը և պատշաճ գնահատումն ու վարձատրությունը ինչպես օրենսդրական ակտերով, այնպես էլ՝ կանանց դերի գնահատմանն ուղղված կրթական ռազմավարության ներդրմամբ։ Անհրաժեշտ է նաև մշակել մեխանիզմներ, որոնք կդյուրացնեն երիտասարդ մայրերի մուտքը աշխատաշուկա և կթեթևացնեն վերջիններիս գերծանրաբեռնվածությունը՝ դայակների ինստիտուտի զարգացմամբ և առկա կարիքներին համապատասխանեցմամբ։

 

Աննա Աղվանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031