Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հրապարակային խոսքը եւ պատասխանատվությունը

Հունվար 22,2019 22:00

Ամանորյա թմբիրից հետո հասարակական-քաղաքական կյանքը Հայաստանում մտավ բնականոն հուն նոր իրողության պայմաններում. ձեւավորվել է նոր խորհրդարան, նշանակվել է նոր կառավարություն, որոնք այլեւս դուրս են նախընտրական տրամաբանությունից։

Մյուս կողմից՝ գործընթացներում, որոնց հետեւում են խոշորացույցով թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս մեր բարեկամները եւ «բարեկամները», չափազանց մեծ է աղմուկի, շահարկումների, հարակից աղմուկի, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ հիստերիայի չափաբաժինը։

Ակնհայտ է խզումը, որը կա իրական վիճակի եւ դրա ներկայացման, հաղորդակցման միջեւ, ինչպես նաեւ պաշտոնական խոսքի, հրապարակային խոսքի եւ պատասխանատվության միջեւ։

Հասկանալի է, որ գործող օրենսդրությունը, որը քսան տարի խնամքով «կարվել» է կոռուպցիան օրինականացնելու նպատակով, նոր-նոր պետք է փոփոխվի, արտաքին քաղաքականության ողջ հյուսվածքը եւ փիլիսոփայությունը՝ նույնպես։ Հրապարակային դաշտում շրջանառվում են հատվածային պատկերացումներ եւ նպատակադրումներ, չկա վերջնարդյունքի համապարփակ ընկալում, թե մենք ի վերջո ինչպիսի պետություն ենք ուզում այդ ամենի վերջում ստանալ եւ զարգացնել։

Այս ընթացքում մենք նաեւ լսում ենք ակնհայտորեն անհաջող ձեւակերպումներով հայտարարություններ, որոնք ոչ միայն սխալ ազդանշան են փոխանցում հասարակությանը, այլեւ կարող են վտանգել ներքին եւ տարածաշրջանային կայունությունը, ինչպես, օրինակ, հարցերում, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը։

Ասում են, որ իշխանության մեջ պաշտոն զբաղեցրած անձինք չեն համակերպվել այն մտքի հետ, որ իրենք այլեւս ակտիվիստ չեն, այլ քաղաքական գործիչներ են եւ, ի վերջո, իշխանություն։ Դրա մասին է գրում մամուլը։ Բայց ոչ պակաս իրավաչափ է պնդումը, որ մամուլում եւս չեն համակերպվել այն մտքի հետ, որ իրենք եւս՝ թեկուզ չորրորդ, բայց իշխանություն են՝ դրանից բխող պատասխանատվությամբ, խոսքի հետեւանքների պատկերացմամբ հանդերձ։ Իրավիճակի, նրանում զբաղեցրած սեփական դիրքի վերաբերյալ պատկերացումները կարծես եւս հստակ չեն, եւ հստակ չէ նաեւ պատկերացումը, թե, ի վերջո, մենք ինչի ենք ձգտում, ինչ ենք ուզում աշխարհից եւ ինքներս մեզանից։ Իսկ եթե չկա հստակ պատկերացում, ապա ուր էլ գնաս՝ ստացվում է «առաջ»։

Սրա ամենավառ օրինակներից մեկն է մեր խորհրդարանի պատգամավորներից մեկի անզգույշ արտահայտությամբ սկսված հայ-իրանական «էպոպեան», դրան զուգահեռ Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիի հայտարարության «բեկումն» ադրբեջանական պրոպագանդայի պրիզմայով, որից մեծ աղմուկ բարձրացավ սոցցանցերում եւ մամուլի «մտահոգված» սեգմենտում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գեներալ Բաղերին Բաքվում իբր հայտարարել է, որ «Ղարաբաղն ադրբեջանական հող է», մինչդեռ դա ուղղակի բացահայտ սուտ է, ինչն էլ ապացուցվեց Հայաստանի ռազմական գերատեսչությունում տեղի ունեցած՝ Իրանի դեսպանության ռազմական կցորդի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում եւ հայտարարվեց, որ Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ։

Զարմանալին այն չէ, երբ տարբեր ուժեր կամ ազդեցության խմբեր ներսում եւ դրսում սեփական տեսակետն ու աշխարհայացքն են ներկայացնում հրապարակային դաշտում, այլ այն, որ բացահայտ եւ վտանգավոր սուտն առանց հավաստիության ստուգման պատշաճ «ֆիլտրի» կարող է «քննարկվել», դրանից բխող եւ հեռուն գնացող «հետեւություններ» անել։

Ընդ որում, սա առաջին անգամը չէ, երբ ականատես ենք դառնում, թե հայկական միջավայրում տեղեկատվական դիվերսիան որքան հեշտորեն է ձեռք բերում զանգվածային մասշտաբներ։ Նույնը բազմիցս տեղի է ունեցել հայ-վրացական, հայ-ուկրաինական, Հայաստան-Արեւմուտք հարաբերություններում։ Պաշտոնական մարմինների, այդ երկրներով մասնագիտացած փորձագետների, լրագրողների, պարզապես սթափ մարդկանց, անձնական կապերի, դեսպանությունների հետ տարվող աշխատանքների շնորհիվ ստացվել է այդպիսի սադրանքները չեզոքացնել։

Երեւի զարմանալ պետք չէ, որ ադրբեջանական պրոպագանդայի՝ «ստեղնաշարային փայտփորիկները» շարունակելու են թե՛ ստել, թե՛ կեղծել, թե՛ հիստերիայի եւ ատելության ալիք բարձրացնել ընդդեմ Հայաստանի եւ հայերի։ Զարմանալին այն է, որ ամեն անգամ նման դիվերսիան չեզոքացնելուց հետո մենք իմունիտետ ձեռք չենք բերում եւ հետեւություններ չենք անում։ Եվ երբ հերթական անգամ բախվենք նման ստի՝ մեծ է հավանականությունը, որ կսկսենք «քննարկել» եւ «մտահոգվել» մինչեւ հերքվելը։

Ժամանակն է համակերպվել այն իրողության հետ, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրս կան շրջանակներ, որոնք շահագրգռված են, որ հասարակության մեծամասնության կողմից ազատ եւ ժողովրդավարական ընտրություններով ձեւավորված գործող իշխանությունները հնարավորինս տապալվեն բոլոր հնարավոր ուղղություններում, եւ ժամանակն է զինվել պատասխանատվությամբ հրապարակային խոսքի համար, որպեսզի չհեշտացնենք նրանց գործը եւ չբարդացնենք մեր՝ առանց այն էլ բարդ կյանքը։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

22.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031