Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փաշինեանի շւեյցարական այցը: Ներդրումներ, գիտութիւն, դեսպաններ. փոքր երկրների ռազմավարութիւնը

Հունվար 25,2019 22:26

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցը Շւեյցարիայի Համադաշնութիւն, անշուշտ, կարեւոր իրադարձութիւն էր մեր երկրի տնտեսական կապերն ընդլայնելու առումով: Դաւոսում հանդիպումների շրջանակը տպաւորիչ էր, սակայն շատ բան ասել չենք կարող, քանի որ տեղեկատուութիւնը սուղ էր: Ի տարբերութիւն Դաւոսի, վարչապետը ծաւալուն ելոյթ էր ունեցել Ցիւրիխում, որը հիմնականում վերաբերում էր հայ-շւեյցարական երկկողմ կապերին: Թէեւ ելոյթում այդ կապերի զարգացման ուղղութիւնները, թիրախները, ինչպէս նաեւ դրանց լուծումները յաջող էին շարադրուած, այնուամենայնիւ կը ցանկանայի որոշ լրացումներ անել:

Որպէս համագործակցութեան հաւանական ոլորտներ՝ վարչապետն առանձնացրեց կենսատեխնոլոգիան եւ դեղագործութիւնը, գիւղատնտեսութիւնը, զբօսաշրջութիւնը:  Այն, որ Շւեյցարիան գերզարգացած պետութիւն է (նոյնիսկ առաւել, քան ԵՄ երկրները), շատերին է յայտնի եւ, իսկապէս, այս պետութիւնը տպաւորիչ յաջողութիւններ ունի վերոնշեալ բնագաւառներում: Եւ այս ամէնին Շւեյցարիան հասել է կարճ ժամանակահատուածում: Նախորդ դարերում այս պետութիւնն այն աստիճան աղքատ երկիր էր, որ նոյնիսկ անգլիական թերթերից մէկը գրել էր. «Շւեյցարիան Եւրոպայի ամօթն է»: Բայց, ինչպէս ասում են, կարեւոր չէ, թէ ով էիր նախկինում՝ ծառի վրայ բանան ուտող, թէ Եւրիպիդէսի «Բաքոսուհիները» բեմադրող. շատ աւելի կարեւոր է զարգացման միտումը եւ ներկայ հանգրուանը: Այս առումով Շւեյցարիան, իսկապէս, կարող է մոդելային երկիր հանդիսանալ Հայաստանի համար եւ մենք պարտաւոր ենք լրջօրէն խորացնել մեր կապերը վերոնշեալ ոլորտներում:  Ինձ առանձնապէս հետաքրքրում է կենսատեխնոլոգիայի եւ դեղագիտութեան բնագաւառը, այլընտրանքային էներգիան՝ որպէս այդ ոլորտների մասնագէտ: Ահա այստեղ է, որ որոշակի մտահոգութիւններ ունեմ: Մենք ամէն պատեհ-անպատեհ առիթով շեշտում ենք, որ կարեւորում ենք նորարարութիւնն ու բարձր տեխնոլոգիաները, սակայն «մոռանում ենք կարեւորել» հիմնարար գիտութիւնները՝ կենսաբանութիւնը, քիմիան, ֆիզիկան եւ այլն: Հայաստանում հիմնարար գիտութիւնները հոգեվարքի մէջ են: Այսօր համապատասխան ֆակուլտետների որակն այնքան է ընկել, որ նուազագոյն միաւորներով ընդունւում են անվճար, երբ նախկինում այդ միաւորներով նոյնիսկ վճարովի չէին ընդունուի: Ուսանողների թիւը խիստ պակաս է, իսկ ուսուցման որակը՝ ցածր: Եւ եթէ վաղը միւս օրը շւեյցարական գիտակրթական կենտրոնները, կենսատեխնոլոգիական, դեղագործական ընկերութիւնները որոշեն մասնաճիւղ ունենալ Հայաստանում, ո՞վ պէտք է այնտեղ աշխատի. բաւարար թուով եւ որակով մասնագէտներ ունե՞նք: Ուրեմն մեր ԿԳՆ-ի, համալսարանների խնդիրն է լուրջ ուշադրութիւն դարձնել բնագիտութեանը, մասնագէտների պատրաստմանը: Հակառակ դէպքում այդ կենսատեխնոլոգիական հսկաները գան Հայաստան, որ ի՞նչ անեն: Առայժմ չենք տեսնում, որ ԿԳՆ-ին մտահոգում է Հայաստանում բնագիտութեան ողբալի վիճակը. չկայ ծրագիր ու զարգացման ռազմավարութիւն: Նրանք առայժմ զբաղուած են մանկապարտէզի վարիչներին ու դպրոցի տնօրէններին նկատողութիւններ տալով:

Ես ուզում եմ միտքս յստակ շարադրել. նորարարութիւնն ու բարձր տեխնոլոգիաները որ արդարացիօրէն գովերգում ենք, իրենց հիմքում զարգացած գիտութիւն են ենթադրում: Բոլոր այն երկրները, որոնք նորարարութեան եւ բարձր տեխնոլոգիաների առաջատարներ են, գերզարգացած գիտութիւն ունեն: Ահաւասիկ, մի քանի օր առաջ «Բլումբերգը» հրապարակեց աշխարհի նորարարական տնտեսութիւններ ունեցող պետութիւնների ցանկը: Առաջին տասնեակն այսպիսին էր՝ 1. Հարաւային Կորեա, 2. Գերմանիա, 3. Ֆինլանդիա, 4. Շւեյցարիա, 5. Իսրայէլ, 6. Սինգապուր, 7. Շւեդիա, 8. ԱՄՆ, 9. Ճապոնիա, 10. Ֆրանսիա:

Վերը ես նշեցի, որ Շւեյցարիան կարող է մոդելային պետութիւն հանդիսանալ Հայաստանի համար: Ես ուզում եմ ցուցակն ընդլայնել եւ ասել, որ Հարաւային Կորեան, Իսրայէլը, Սինգապուրը եւս պէտք է դիտարկել որպէս մոդելային պետութիւններ:

Իմ յաջորդ մտահոգութիւնը եւ ըստ էութեան յօդուածիս երկրորդ մասն այն մասին է, թէ ով պիտի խթանի, զարգացնի եւ համակարգի երկկողմ կապերը: Նորից գալիս, յանգում ենք դեսպանների չարչրկուած թեմային:

Փաշինեանի գեղեցիկ ելոյթից ու «բաժակաճառերից» յետոյ, երբ րոպէ առաջ պիտի գործի անցնենք, պարզւում է, որ դեսպան չունենք: Լուսահոգի Շառլ Ազնաւուրից յետոյ դեսպանի աթոռը թափուր է, թէեւ անցել է արդէն չորս ամիս: Մինչ այդ էլ մի բան չէր եւ բոլորս հասկանում էինք, որ Ազնաւուրը խորհրդանշական կերպար է եւ նա ըստ էութեան դեսպանի պարտականութիւն չէր կատարում: Ուստի կարելի է ասել, որ մենք Շւեյցարիայում երկար տարիներ Հայաստանի դեսպան (պատուիրակ) որպէս այդպիսին չենք ունեցել: Վիճակն աւելի վատ է միւս մոդելային երկրներում, որտեղ առհասարակ դեսպանատներ չունենք: Սինգապուրում մեր դեսպանը նստում է 4500կմ հեռու գտնուող Պեկինում, թէեւ կարող էր լինել Ջակարտայում, որը 1300կմ է հեռու: Հարաւային Կորեայի մեր դեսպանի նստավայրը Տոկիոն է, իսկ Իսրայէլի դեսպանինը՝ Երեւանը: Ի դէպ, երբ ԱԳՆ կայքում ճշտում էի այս տուեալները, պարզեցի, որ Հարաւային Կորեայում մեր երկրի դեսպանին ես չեմ ճանաչում ու նրա մասին կեանքում բառ անգամ չեմ լսել: Փնտրէք Գուգլում եւ դուք էլ կը համոզուէք՝ գրեթէ ոչ մի տեղեկութիւն. Գուգլի առաջին էջում միայն մէկ՝ քառամեայ վաղեմութեան հարցազրոյց է եւ ոչ մի տեսանիւթ (ներողութիւն, եթէ լաւ չեմ փնտրել): Եւ սա այն արատաւոր երեւոյթն է, որի մասին խօսում ենք. մարդիկ նշանակւում են դեսպաններ, ու տարիներով հանրութիւնը լուր չունի նրանցից, իսկ կառավարութիւնն ու ԱԺ-ն ոչ մի հաշուետուութիւն չեն պահանջում դեսպաններից:

Դեսպանատների օրինակով մենք ժամանակ առ ժամանակ տեսնում ենք կառավարութեան (Փաշինեանի) խօսքի եւ գործի անհամապատասխանութիւնը՝ Հայաստանի համար կարեւոր երկրներ, որտեղ չունենք դիւանագիտական պատշաճ ներկայացուածութիւն: Ու հարց է առաջանում, թէ այդ երկկողմ կապերը ինչպէ՞ս պիտի զարգացնենք:

Եւ վերջապէս, կը ցանկանայի խօսել վերոնշեալ պետութիւնների մէկ այլ առաւելութեան մասին՝ երկրի փոքր տարածքը: Սա հնարաւորութիւն է տալիս դեսպաններին ու աշխատակիցներին տնտեսել ահռելի ժամանակ եւ փող: Դա վերաբերում է թէ՛ երկրի տարբեր քաղաքներ գործուղումներին, եւ թէ՛ դեսպանատան աշխատակիցների թուին: Վերը նշուած երկրներում տարատեսակ գործնական հանդիպումներ ունենալու համար դու ստիպուած չես հազարաւոր կիլոմետրեր կտրել: Ամէն ինչ կենտրոնացուած է մի փոքր տարածքում. դա էապէս բարձրացնում է աշխատանքի արդիւնաւէտութիւնը:

Ամփոփելով գրածս՝ կ‘ուզէի նշել, որ Փաշինեանի ցիւրիխեան եւ դաւոսեան հանդիպումները ոգեշնչող էին եւ յուսով եմ, որ գործնական քայլեր կը տեսնենք այդ ուղղութեամբ: Հայաստանն ուղղակի պարտաւոր է սերտ կապեր հաստատել այն պետութիւնների հետ, որոնք կրթութեան եւ գիտութեան համաշխարհային առաջատարներ են: Պէտք է յստակ գիտակցենք, որ Հայաստանի թռիչքային աճը միմիայն զարգացած գիտութեան եւ կրթութեան պայմաններում է լինելու: Այլ պատրանքներ չտածէ՜ք: Տեղեկատուուական տեխնոլոգիաները եւ այդ ոլորտի նորարարութիւնները առանց զարգացած գիտութեան ցանկալի արդիւնք չեն տալու: Անհրաժեշտ է, որ Հայաստանը դիւանագիտական մակարդակով աւելի սերտ կապեր հաստատի գիտական հռչակ վայելող պետութիւնների հետ:

Արթուր Լազարեան

Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031